Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքն անհրաժեշտ է յուրաքանչյուրին՝ այս խառնաշփոթ ժամանակաշրջանում կյանքին այլ հայացքով նայելու համար. Ժորժ Աբրահամյան

Նոյեմբեր 27,2025 17:58

Բանաստեղծ, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը բնագրից թարգմանել է Ռումիի գազելները: Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը : «Ճամփորդությունների, Իրան՝ իմ կազմակերպած ուղեւորությունների ընթացքում, երբ գնում էինք, օրինակ, Հաֆեզի դամբարան, խոսում էի Հաֆեզի մասին, թե ինչպիսի մեծություն է, տեսնում էի, որ հայերը շատ քիչ բան գիտեն նրա մասին: Դրա համար որոշեցի Հաֆեզ թարգմանել, եւ ոչ թե կենսագրությունը ներկայացնել, այլ գործերը: Իրանական պոեզիայի մեծություններն, ի վերջո, համաշխարհային դեմքեր են:

Մտածեցի, որ երկու ժողովուրդներով այսքան մոտ ենք, այսքան խոսում ենք հայ-իրանական բարեկամությունից, սակայն միմյանց մշակույթին ու գրականությանը քաջածանոթ չենք: Առաջինը Հաֆեզ թարգմանեցի, արձագանքն անսպասելի ջերմ էր, նույնիսկ վերահրատարակվեց: Հետո մտածում էի՝ ինչպես կարելի է Հաֆեզ թարգմանել եւ Ռումի չլինի…Ես նկատում էի, թե որքան սիրված է Ռումին հատկապես երիտասարդների կողմից, շատերը կարդացել են նրա ստեղծագործությունները ռուսերեն, անգլերեն ու հավանել, հատկապես որ Ռումիի նրա գաղափարները շատ հետաքրքիր են, ժամանակակից են, արդիական»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց թարգմանիչը:

Ժորժ Աբրահամյան

Քիչ անց էլ հավելեց. «Ճիշտն ասած, ամեն ինչ սկսել էր մինչեւ Հաֆեզը՝ Նիզամու «Խոսրով եւ Շիրին» պոեմից: Հայուհին եւ Հայաստանն այդպես գեղեցիկ ներկայացված էին, մտածեցի՝ ինչու չպետք է հայերին հայերեն հասանելի լինի Նիզամին, եւ սկսեցի թարգմանել: Բայց մինչեւ «Խոսրով եւ Շիրինը» ներկայացնելը պետք է իրանական գրականության հիմքերը ներկայացնեի: Այդպես որոշեցի Հաֆեզից սկսել՝ որպես գրականության սյուներից մեկը, հետո եղավ Ռումին: Կարծում եմ Ռումին եւս մեծ ընդունելություն կգտնի: Սա այն գիրքն է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրին այս խառնաշփոթ ժամանակաշրջանում կարդալու ու խաղաղվելու, այլ հայացքով կյանքին նայելու համար»:

Ժորժ Աբրահամյանը նաեւ ասաց, որ պարսկերեն է թարգմանել Եղիշե Չարենցի «Չարենց-նամե» պոեմը, որը շուտով լույս կտեսնի: Այս ստեղծագործությունը Չարենցը գրել է Ֆիրդուսու «Շահ-Նամե»-ի օրինակով, որտեղ հաջորդաբար պատկերված են Իրանի թագավորների կյանքն ու գործը: Ժորժ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ծրագրել է թարգմանել Օմար Խայամին ու մնացած պարսիկ պոետներին եւս: Իսկ Ռումիի գազելների շնորհանդեսը կկայանա առաջիկայում, հավանաբար կրկին՝ Կապույտ մզկիթում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Ժորժ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930