Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ նախատեսվել է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը 2026 թ. կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թ. լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ։ Միաժամանակ, հետվճարի չափերի ավելացումը կնպաստի անկանխիկ գործառնությունների ծավալների ավելացմանը։ Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:
«Միայն 2025-ի հոկտեմբերի տվյալների համաձայն՝ հետևյալ պատկերն ունենք. ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 տոկոս է, այսինքն՝ մենք տեսնում ենք աճի տենդենց: Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 տոկոս: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 տոկոս, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 տոկոս: Խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով: Ըստ նախարարի՝ ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը և Կառավարության քաղաքականությունը միտված է այդ թվի աճի խթանմանը:
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս իրականացվել է կենսաթոշակային քարտերով 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք և հետվճարի տեսքում տեսքով շահառուներին հետ է վերադարձվել 30 միլիարդ դրամ: «Միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13.5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 10,6 միլիարդ դրամ, այսինքն՝ աճն ակնհայտ է և մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը: Նաև հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ մեր այս 60000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ սա կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին: Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք դրանք պետք է կայացնենք այնպես, որ լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան: Այս մտածումները սկսել են այն ժամանակ, երբ 2019-ին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը: Բայց հետագայում պարզվեց, որ որոշումը բացարձակապես ոչ մի էֆեկտ չունի: Այնպես չէ, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձերը բարձրացրել են, առանձնապես գոհ են, ընդհակառակը՝ ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում և այլն: Դրա համար մենք ներդրեցինք կամավոր ատեստավորման համակարգը, և կարող ենք ասել, որ այն հաջողված է. այսօր ՀՀ-ում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա: Այն ճանապարհով, որ գնայինք, մենք երբեք այս ցուցանիշին չէինք հասնի»:
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակը գեներացվում է մարդկանց աշխատանքից, որը պետք է տեսանելի և ոչ ստվերային լինի և այս ճանապարհով թոշակառուներին տրվում է նաև ստվերի կրճատման հարցում դերակատարում ունենալու հնարավորություն:
Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն՝ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է: «Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում և դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:
Անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրման նախագիծն առաջիկայում կներկայացվի Կառավարություն
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրմանը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը արդեն շրջանառվել է: «Երևի 1-2 շաբաթ հետո՝ ամենաուշը, Կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք, որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք»,- ասել է նախարարը:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի»:
Արձագանքելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ դեպքում կենսաթոշակառուների համար, հաշվի առնելով այսօրվա որոշումը, այն կդառնա 22 տոկոս:
Կառավարությունը 12 համայնքի 15 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 1 մլրդ 708 մլն դրամ
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման միջոցով մարզպետների աշխատակազմերին հատկացվել է 1 մլրդ 708 մլն դրամ:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքի 15 սուբվենցիոն ծրագիր. Արարատի մարզի 2 ծրագրի համար կհատկացվի 234 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 246 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի համար՝ 168 մլն դրամ, Կոտայքի մարզի 3 ծրագրի համար՝ 191 մլն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 715 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 1 ծրագրի համար՝ 152 մլն դրամ: «Սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետբյուջեից 18 մլրդ 76 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,– ասել է փոխնախարարը:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը: Այսպիսով՝ գումար կհատկացի հետևյալ ծրագրերի համար. Արարատի մարզ՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ճանապարհների վերանորոգում, 1-ին փուլ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 660 մ երկարությամբ ճանապարհ), Վեդի համայնքի Վեդի և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, նորոգվել են 10 բազմաբնակարան շենքերի 3893 քմ մակերեսով տանիքները, շահառուները՝ 180 տնային տնտեսություն), Արմավիրի մարզ՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մսուր-մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար), Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Ա. Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգում, Վ. Տերյան, Սուրբ Մ.Խորենացի փողոցների և Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային ճանապարհների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, ասֆալտապատվել է 6,5 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 496 մ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ և Ն. Գետաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 5 կմ գազատար, շահառուները՝ 340 տնային տնտեսություն), Գավառ համայնքի Գավառ բնակավայրում շատրվանային համակարգի տեղադրում (ավարտված), Կոտայքի մարզ՝ Գառնի համայնքի Գառնի բնակավայրի Մարտիրոսյան, Շիրակացի, Չարենց, Գրիբոյեդով, Բաղրամյան փողոցների և գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 2,5 կմ ճանապարհ), Գառնի համայնքի Գառնի, Գողթ, Գեղադիր և Հացավան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 3,5 կմ ճանապարհ), Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 1,6 կմ ջրատար խողովակաշար, շահառուները՝ 500 տնային տնտեսություն), Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,5 կմ ճանապարհ), Կապան համայնքի Կապան բնակավայրի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել, վերակառուցվել և բարեկարգվել է 3574 քմ մակերեսով տարածք), Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 140 սանի համար), Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Բակունցի 5, Բակունցի 9, Խանջյան 12, Լեռնագործներ 19 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 4924 քմ մակերեսով տանիքները, շահառուները՝ 136 տնային տնտեսություն), Վայոց ձորի մարզ՝ Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար):
Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 3,27 մլրդ դրամի և դրանք ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների (30%) վճարման համար: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 6.65 կմ է, որից հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.65կմ, իսկ տրանսպորտային օբյեկտների քանակը 2 հատ՝ վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում և ճանապարհի փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում:
Գումար կհատկացվի շինարարական հետևյալ աշխատանքների համար՝ Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից Բալահովիտ և Աբովյան տանող ավտոճանապարհի 5․23 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Այգուտից Աղբերք տանող ավտոճանապարհի սողանքային տեղամասերում անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Մ-3-ից Մուղնի և Օհանավան տանող ավտոճանապարհի 5․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում, Քանաքեռավանից մինչև Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի 1 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Զառիթափ, Գոմք և Կապույտ բնակավայրերը միմյանց հետ միացնող ավտոճանապարհի 7.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Վաղատին տանող ավտոճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում, Ալավերդի – Սանահին թաղամաս – Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհի 10.1 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների հիմնանորոգում: Գումար կհատկացի հետևյալ տրանսպորտային օբյեկտների համար՝ Ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում, Մ-10 ավտոճանապարհի Բերդկունք բնակավայրի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում, Ակնալիճից Զարթոնք տանող ավտոճանապարհի վրա գտնվող թվով 2 կամուրջների հիմնանորոգում, Լոռու մարզի Վանաձոր համայնքի Բաղրամյան էստակադայի հիմնանորոգում: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն վերոնշյալ ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների շինարարության նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վճարում կիրականացվի հետևյալ ծրագրերի համար՝ Սևանից Իջևան տանող մի շարք հատվածներում բացակայող պատերի վերականգնում, ստորին հենապատերի կառուցում և փլուզված հողային պաստառի և կողնակի վերականգնում, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող նոր ավտոճանապարհի կառուցում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում՝ Մ-2 ավտոճանապարհի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցնող 0.8 կմ ավտոճանապարհի կառուցում, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածնից մինչև Դաշտ տանող 4․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-2 ավտոճանապարհի Աբովյանից Արզնի և Նոր Գեղի տանող ավտոճանապարհի 6․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-4 ավտոճանապարհի Զորավանից Երնջատափ տանող ավտոճանապարհի 12.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհի Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհի Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4․6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-4 -ից Պառավաքար տանող ավտոճանապարհի 22․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-58 ավտոճանապարհի Կիրանց բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում լուսավորության համակարգի կառուցում, Հ-58 ավտոճանապարհի Նոյեմբերյանի հատվածում փլուզված հենապատի վերականգնում, Հ-67 ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ տարանցիկ հատվածի հիմնանորոգում, Վեդիից Գոռավան տանող ավտոճանապարհի 7․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-5-ից Ակնալիճ տանող ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մայիսյանից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-3 դեպի Արմավիր քրեակատարողական հիմնարկ տանող ավտոճանապարհի 3.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-5-ից Մերձավան և Այգեկ տանող ավտոճանապարհի 8.6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լուկաշինից Արմավիր տանող ավտոճանապարհի 4․2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արտաշար բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հացիկ բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Զեդեա տանող ավտոճանապարհի 6․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Շաղատից Բալաք տանող ավտոճանապարհի 2․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Խնածախից Վաղատուր տանող ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լուսագյուղից դեպի Հանքավան տանող նոր ավտոճանապարհի կառուցում, Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում, Մ-3 ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում, Մ-5 ավտոճանապարհի Արմավիրի ուղեանցի (Կարմիր կամուրջ) հիմնանորոգում, Հ-1 ավտոճանապարհի Արգելից Արզական տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում, Հ-30 ավտոճանապարհի Այգուտ բնակավայրի տարածքում հողային պաստառի շեպի ամրացում:
Անդրադառնալով Լուսագյուղից Հանքավան տանող նոր կառուցվող ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա խոշոր և նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետև Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ, կարծես թե, ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն: Եվ հիմա, երբ այս ճանապարհը կառուցվի, Հանքավանն Ապարան համայնքի հետ կմիանա, և միջանցիկ երթևեկություն էլ կունենանք, ինչը միանշանակ շատ մեծ ներդրումային հոսք կապահովի Հանքավանում»:
Վարչապետն ընդգծել է՝ տնտեսական քաղաքականության ռազմավարության մեջ Կառավարությունը միշտ կարևորել է ենթակառուցվածքների դերը և այդ առումով Հայաստանում ենթակառուցվածքների վիճակն էականորեն փոփոխվել է:
Հոկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշներին: Վարչապետը նշել է, որ հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. 2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է: Երկրի ղեկավարը ներկայացված թվերը համեմատել է նաև 2018 թվականի հոկտեմբերի ցուցանիշների հետ. ըստ այդմ՝ 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ աշխատատեղերն ավելացել են 223 895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ, ավելացել է 135 000 դրամով:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները նորություն չեն, որովհետև Կառավարության նիստին այս թեմաներին պարբերաբար անդրադարձ է լինում: Վարչապետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 10,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ այն կազմել է 8,1 տոկոս:
«Սա նույնպես, կարծում եմ, շատ կարևոր և դրական ցուցանիշ է: Նաև ընդգծեմ, որ սա տնտեսական ակտիվության ցուցանիշ է, և տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաև պիտի արձանագրեմ (եթե ճիշտ եմ հիշում թվերը)՝ 9 ամիսներով ունենք արդեն 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ: Կարծում եմ՝ սրանք, իսկապես, շատ լավ ցուցանիշներ են, և պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավելի է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սրա պատճառն այն է, որ Կառավարության քաղաքականություններում, բացի ենթակառուցվածքներից, ընդգծվում է մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը, և այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով՝ կրթության կարևորությունը. «Կարծում եմ՝ այս ուղերձներն ընկալվում են, և այդ ուղերձներն իրագործվում են ամենօրյա կյանքում: Ուզում եմ ևս մեկ անգամ գնահատանքի և շնորհակալության խոսքեր ասել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ վերջին ամիսներին տնտեսվարողներից նամակներ է ստանում այն մասին, որ հարկային մարմինները, քննչական մարմինները չափի ավելի խստապահանջ են: Այդ համատեքստում վարչապետը մեջբերել է աշխատանքային քննարկումների արդյունքում Կառավարության որդեգրած սկզբունքը. «ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որն ունենա օբյեկտիվ հիմք՝ ասելու, որ Կառավարությունը հարկային գործունեության, ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավելի հարկ կամ տուրք: Բայց, մյուս կողմից, Կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր, սկզբունքային, օրինական և արդար մոտեցում է»:
Բայց այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը խոստացել է այդ հարցը ևս քննարկել շաբաթ օրը կայանալիք տնտեսական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողովի շրջանակում: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ստացած նամակներից մի քանիսը մակագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկվի: Ըստ վարչապետի՝ շաբաթ օրը, լսելով փոխվարչապետին, կամփոփվեն քննարկումների արդյունքները և կձևակերպվի հարցի վերաբերյալ Կառավարության մոտեցումը: «Բայց բոլոր դեպքերում մեր մոտեցումն արդեն իսկ ձևակերպված է՝ ո՛չ մի լումա ավելի, ոչ մի լումա՝ պակաս: Այդ սկզբունքով մենք պետք է աշխատենք, մանավանդ, հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները տեսնում են՝ պետական բյուջեի միջոցներն ինչ ուղղություններով և նպատակներով են ծախսվում»,– ասել է երկրի ղեկավարը:
Հաստատվել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը
Կառավարությունը հաստատել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը: Նոր չափորոշիչների հիման վրա պարգևատրման համակարգի նպատակն է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածի համար առանձնացված առաջնահերթ անելիքների կատարողականի գնահատումների միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Պարգևատրման լրացուցիչ համակարգի պիլոտավորման արդյունքում նախատեսվում է վերլուծել գրանցած արդյունքները և վերջնականացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգի բովանդակությունը՝ վարձատրության գործող համակարգը 2026թ․ ընթացքում վերանայելու նպատակով։ Պիլոտային ծրագրի իրականացումը թույլ կտա՝ առավել արդյունավետ գնահատել պետական կառավարման առանձին մարմինների կողմից իրականացված աշխատանքը, խրախուսել բարձր կատարողականը, ապահովել պետական համակարգի ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ներքին կառուցվածքային միավորների ղեկավարների վարձատրության համապատասխանությունը կատարված աշխատանքին և գրանցած արդյունքներին, բարձրացնել պետական համակարգում աշխատանքի գրավչությունը:
Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այս փոխկապակցված նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է ինչպես համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, այնպես էլ կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսներն առաջնահերթ անելիքներին ուղղելու հարցը: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ոչ պետական հատվածի համեմատությամբ հանրային ծառայությունում վարձատրությունն ավելի քիչ մրցունակ է, ինչն այն պակաս գրավիչ է դարձնում բարձր որակավորում ունեցող կադրերի համար։
Փոխվարչապետը հայտնել է, որ այս խնդիրների հասցեագրման նպատակով Կառավարությունը դեռևս նախորդ տարեվերջին ձեռնամուխ է եղել պետական կառավարման մարմինների անելիքներն ավելի համակարգված կառավարելու կարևոր խնդրի շուրջ նոր լուծումներ գտնելու հարցի կարգավորմանը: 12 նախարարությունների, նույնը՝ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և Կադաստրի կոմիտեի համար մշակվել է գնահատման ընդհանրական մեթոդաբանություն, որի կիրառությամբ չափվել է կատարված աշխատանքի առաջընթացը, ամփոփվել են առաջին կիսամյակի արդյունքները։ «Առաջին կիսամյակի արդյունքներով ամփոփված աշխատանքը փաստում է, որ այն բավարար հիմք է ստեղծել շարունակական եղանակով կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու համար»,-նշել է փոխվարչապետը՝ հավելելով, որոշմամբ առաջարկվում է ստեղծել կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման նոր համակարգ։
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը համահունչ դարձնելու կատարված աշխատանքին, պետական ծառայությունը դարձնելու ավելի գրավիչ, աջակցելու հանրային ծառայողների շարունակական կրթությանը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական համակարգում աշխատանքի գրավչությունը և արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, այսօր պետական համակարգն աշխատում է էականորեն շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան աշխատում էր, օրինակ՝ 2018 կամ 2019 թվականին, քանի որ մեծացել են աշխատանքի ծավալները: «Մենք, այո՛, կայացրել ենք սկզբունքային որոշում: Ընդ որում՝ այդ որոշումը, շատ կարևոր է, որ կայացրել են ընտրություններից առաջ»,- ասել է վարչապետը և հավելել, – «Ուրախ եմ, որ ունենք այդքան քաղաքական համարձակություն ու վստահություն այս որոշումը կայացնելու, և ուզում եմ ուղիղ ասել՝ սեթևեթելու ժամանակներն անցել են: Կարծում եմ՝ մեր պետական համակարգն արժանացել է դրան, ոչ մեկը ոչ մեկին լավություն չի անում»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ համակարգում դրվում է պարտադիր պայման. «Լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը նոր որոշումներով կկարգավորենք, 10 տոկոսը պաշտոնյան, պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա»:
Վարչապետն ընդգծել է՝ շատ երկար քննարկված, ձգձգված, մտավախություններով և մտահոգություններով զուգորդված որոշում է, բայց իրականացման պահն արդեն հասունացել է:
Վարչապետի հանձնարարությամբ՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար կստեղծվեն աշխատանքային խմբեր
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկու նոր աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել: «Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։
Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հաշվետվողականության մեխանիզմների ներդրումը. «Ժամանակ առ ժամանակ և՛ հանրությանը, և՛ ինձ հաշվետու լինեն, թե ինչ աշխատանքներ են կատարված»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքային խմբերը պետք է լինեն միջգերատեսչական, որտեղ կարող են ներառվել նաև համայնքների քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
ՀՀ-ում կձևավորվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ
Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները ՀՀ-ում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ: Նախագծի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որի միջոցով տարկետում կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և Կառավարության կողմից նշված ոլորտում և վայրում աշխատելու համար: Նշվածի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն: Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու և նրանց ներուժը գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու նպատակով առաջարկվող փոփոխությունները կտարածվեն նաև Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նվաճումների հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիների վրա: Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիներ որպես պարտավորություն են ունենալու ՀՀ վերադառնալու և նախատեսվող կարգով աշխատելու, որի համար ևս զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգ կգործի:
Նոր հնարավորություն ինքնակամ կառույցները հաշվառելու. վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը
Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծերը միտված են ևս մեկ հնարավորություն ընձեռելու մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը և համայնքին պատկանող: Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թ. օրթոլուսանկարներում արտացոլված լինելու վերաբերյալ, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է: Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան հիշատակված օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել և չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները։ Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով։ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է․ «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաև, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»։
Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կբարձրացվի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի արդյունավետությունը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի և հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացումն է: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարությունը, հավատարիմ լինելով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը և նպատակ ունենալով կատարելագործել դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի իրավական կարգավորումները, խիստ կարևորում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հզորացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` որպես կարգապահական վարույթ հարուցելու այլընտրանքային ինստիտուտ: Արդյունքում նախատեսվել են, մասնավորապես, հետևյալ փոփոխությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը բարձրացնել 3 ձայնով, հստակեցվում են հանձնաժողովի գործունեությանն ու գործառույթներին վերաբերող կարգավորումները, սահմանափակել հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացումը, օրենքով սահմանված կարգով գրանցված և որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող ոչ առևտրային կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջադրելու հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածուներ: Բացի այդ, սահմանվում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների կողմից իրենց ընտրությունից առաջ Դատական դեպարտամենտ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ ներկայացնելու, ինչպես նաև ընտրվելու դեպքում՝ ըստ պահանջի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պահանջներ:
Հավանություն է տրվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին օրենքի նախագծին: Օրինագծերով առաջարկվում է դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների ընտրության, նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության (թե՛ դրական, թե՛ բացասական եզրակացության) միայն եզրափակիչ մասը դարձնել հրապարակային՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներինը չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի և հեղինակության վրա: Նախատեսվում է նաև ուղղակիորեն սահմանել անձի իրավունքը՝ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին՝ գրավոր առարկություններ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու միջոցով՝ առանց ԿԿՀ-ի պահանջի, սահմանել անձի իրավունքը՝ պահանջելու իր առարկությունները կամ դրանց մի մասը հրապարակել եզրակացության եզրափակիչ մասի հետ մեկտեղ: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների գործունեության թափանցիկությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: Սնանկության նոր օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են, մասնավորապես, հետևյալ հարցերը՝ միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, սահմանվել է օրենսգրքում օգտագործվող հասկացությունների և տերմինների մեկնաբանությունը, նախատեսվել է սնանկության վարույթի սկզբունքների առանձին գլուխ, ներառելով այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ պարտատերերի հավասարության, ակտիվների արդարացի բաշխման, բարեխղճության, գույքի արագ իրացման և այլ սկզբունքներ։ Հստակեցվել և տարանջատվել են նաև սնանկության վարույթի առանձին ընթացակարգային մասերը, տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը՝ դրանցից յուրաքանչյուրի հիմքում դնելով հստակ մեթոդաբանություն, հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը:
Միջազգային համագործակցություն. կխթանվի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից՝ 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրոն՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թ. օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թ. դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի ընդհանուր համակարգման և քաղաքականության աջակցության պարտականությունները կպատվիրակվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ իրականացումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Ծրագիրը նպատակն է մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ այն կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կլաստերների ինտեգրված և կայուն զարգացման խթանում, աջակցություն կլիմայակայուն ենթակառուցվածքներին և տեղական տնտեսության մեջ մասնավոր հատվածի մասնակցության խթանում, ծրագրի կառավարում և գործառնական աջակցություն, արտակարգ իրավիճակների արձագանքման պայմանական բաղադրիչ: Մասնավորապես՝ առաջին բաղադրիչով նախատեսվում է Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մշակում և ամփոփում։ Արենիի, Դիլիջանի, Եղեգիսի և Ջերմուկի կլաստերներում զբոսաշրջային կենտրոն՝ ուղղություն կառավարող գրասենյակների ստեղծմանն աջակցում՝ ուսուցման և կարողությունների զարգացման, ապրանքների և սարքավորումների տրամադրման միջոցով։
Քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ում ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ
Ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգ նախագծելու և ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է «Ներդրումների, այդ թվում՝ արտոնությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրում» միջոցառման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը: Տվյալ համակարգի ստեղծման գործընթացը ենթադրում է՝ մշակել համապատասխան իրավական դաշտ, որը կսահմանի համակարգի նպատակները, դերակատարներին, նրանց գործառույթները, պատասխանատվության շրջանակը, փոխհարաբերությունները, հավաքագրվող տվյալների շրջանակը և տվյալների հոսքերի կառավարումը, մշակել ներդրումային քաղաքականության իրականացման քայլերի հերթականությունը, սահմանել մշտադիտարկման և գնահատման վերջնական, միջանկյալ և ուղղակի արդյունքները, այդ արդյունքներին հասնելու ցուցանիշները, ցուցանիշների ելակետային և թիրախային արժեքները։ Առաջարկվող համակարգի ստեղծման համար Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ստեղծելու անհրաժեշտ և հավաստի տվյալների բազա։ Այս նպատակով ներդրումների ներգրավման ծրագրով նախատեսվել է նաև ներդրումների ռեեստրի ստեղծումը, որը պետք է դառնա ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի վերլուծական հիմքը։ Արդյունքում կապահովի աշխատանքների տրամաբանական հաջորդականությունը, համակարգի լիարժեք և արդյունավետ ներդրումը, ինչպես նաև ներդրումային քաղաքականության արդյունքների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տվյալների և վերլուծական հիմքի առկայությունը։ Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս մշակում է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Կառավարությանը վերապահել ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման և գնահատման համակարգի մեթոդաբանությունը հաստատելու լիազորությունը։
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2026-2027 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ըստ հիմնավորման՝ նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերի ընդունելության քննություններում՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերի՝ բակալավրի հեռակա ընդունելության քննությունների ցանկում վերոհիշյալ մասնագիտությունների համար նախատեսվել է մեկ քննություն:Փոփոխության համար հիմք է հանդիսացել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջարկ-հիմնավորումը, որի համաձայն փոփոխությունը կնպաստի բուհի՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության ԲՏՃՄ կրթական ծրագրերի համալրմանը: Պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նոր չափորոշչի ներդրմամբ, ինչպես նաև մանկավարժների պահանջարկով, նախատեսվել են կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նախատեսվել են «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Կենսաբանություն-քիմիա» կրթական ծրագրերի ընդունելություն: Որոշման ընդունումը կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:
Գումար կհատկացվի «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման համար
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Որոշմամբ՝ 2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարի ավելացման դեպքում, ըստ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվող կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից: Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի շահավետ պայմաններից օգտվող մոտ 72 շահառուների սուբսիդավորումը:
Կընդլայնվի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է լավարկել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը, որոնք կապահովեն ավելի հարմար և մատչելի միջավայր։ Որոշմամբ, մասնավորապես, հնարավորություն է ստեղծվել աջակցող միջոց ստանալու նպատակով ներկայացվող դիմումի հետ երեխայի անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելու փոխարեն ներկայացնել բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, որի միջոցով իրականացվում է նույնականացման գործընթացը: Անձի ֆիզիոլոգիական վիճակը բժշկագիտության տեսանկյունից հստակ է, այնուամենայնիվ որոշմամբ ավելացվել են անձի ֆիզիոլոգիական վիճակի որոշ դեպքեր: Մասնավորապես՝ հասակի աճ, գիրանալ, նիհարել, կոբի անկյան փոփոխություն, ծայրատի հիպոտրոֆիա և այլն: Որոշմամբ պարզեցվում է վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց՝ աջակցող միջոց ստանալու համար դիմելու ընթացակարգը:
«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն առավել մեծ թվով այցելուների կսպասարկի
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Լոռի մարզի, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ Աշոտ Երկաթի փողոցի 46 թանգարան հասցեում գտնվող «Եկեղեցի», «Մեծ բաղնիք», «Փոքր բաղնիք» հուշարձանները, «Կիսաքանդ շինությունը», «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի զբաղեցրած հողամասն ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի պահպանական միջոցառումների արդյունավետ կազմակերպման, օգտագործմանն առնչվող նպատակային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների զարգացման և դրա հետ կապված պայմանագրային ծառայությունների մատուցման աշխատանքներն ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում՝ կապահովվի առավել մեծ թվով զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման հարցը, հնարավորություն կստեղծվի ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման, հուշարձանի հետագա պահպանության, լիարժեք օգտագործման և գիտական ուսումնասիրությունների կազմակերպման համար:
Կապահովվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպումը
Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով կապահովվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը: Արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 16 անձի (10 ընտանիք) նվիրել 10 բնակելի տարածք: Ցանկում ընդգրկվել են Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4/1 Էներգետիկական քոլեջի հանրակացարանը, Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրի 4-րդ փողոց 15/1, Երևանի Թբիլիսյան խճուղի 5, Գյումրիի Արևելյան փողոց 3, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի 3-րդ փողոց 33/1, Երևանի Սիսակյան 4 հասցեների բնակելի տարածքները:
Կապահովվի Սիսիան- Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի իրականացումը
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան- Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի իրագործման նպատակով Կառավարության մի շարք որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը։ Ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի տարածքում գտնվող մի շարք հողամասեր ճանաչվել են հանրության գերակա շահ։ Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում օտարման գոտու սահմաններում գտնվող հողամասերը օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն ՀՀ-ին, ինչը թույլ կտա ծրագրի իրագործման համար անհրաժեշտ հողամասերն ազատել 3-րդ անձանց իրավունքներից, տրամադրել կապալառու կազմակերպությանը՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը:
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծին:
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով և ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է որոշում: 2024 թ. սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 047 743.0 հազար դրամ, այսինք՝ շուրջ 58.8 մլն դրամով ավել, քան 2025 թ.-ին հատկացված գումարը։
Կառավարության որոշմամբ վերաբաշխում կկատարվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը հաստատելու մասին» որոշումից բխող՝ մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը և «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրի» արդյունքում ֆինանսավորման նոր մոդելին անցած թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորումը:
Կառավարությունը սահմանել է Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը: Ըստ այդմ՝ պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ` անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կկազմի 7 800 000 դրամ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































