Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը երեխաներին եւ խոցելի այլ խմբերին վերաբերող հրապարակումներում լրագրողական էթիկայի սկզբունքների խախտումների վերաբերյալ

Նոյեմբեր 27,2025 18:27

2025թ․-ի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ 3-ամյա Տիգրանի կորուստն ու մահը, ցավալիորեն դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես են լրատվամիջոցները երեխաների եւ խոցելի այլ խմբերի վերաբերյալ լուսաբանումներում խախտում լրագրողական էթիկայի հիմնարար կանոնները։ Իրավապահ մարմինները դեպքից վեց օր անց հայտնեցին, որ երեխային սպանել է հայրը եւ բազմակի անգամ փոխել երեխայի մարմնի գտնվելու վայրը՝ իրավապահների աշխատանքը խոչընդոտելու նպատակով։

Այս դեպքից ամիսներ առաջ՝ 2025թ․-ի մայիսի 4-ին, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում տեղի էր ունեցել մեկ այլ ողբերգություն՝ 2-ամյա Տիգրանի կորուստն ու մահը։ 20 օր տեւած որոնողական աշխատանքներից հետո երեխայի մարմինը հայտնաբերվել էր Մարմարիկ գետում։ Դեպքից ամիսներ անց՝ հոկտեմբերի 25-ին, այս ընտանիքը եւս մեկ ծանր կորուստ էր ունեցել՝ 2-ամյա Տիգրանի հայրը մահացել էր սրտի կաթվածից։

Վերոհիշյալ երկու դեպքում էլ մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին անթույլատրելի բովանդակություն՝ ներառյալ ընտանիքի անդամների անձնական տվյալներ, նրանց հոգեբանական ծանր վիճակի մասին չհիմնավորված ենթադրություններ, սոցիալական պայմանների վերաբերյալ աղավաղված կամ շահարկված տեղեկություններ, ինչպես նաեւ երեխաների մահը արձանագրվելուց հետո լուսանկարների հրապարակում, որոնք այլեւս հանրային գերակա շահ չէին ներկայացնում, ինչպես նրանց որոնման օրերին։ Հրապարակվել էին նաեւ ընտանիքի մյուս երեխաների լուսանկարները, կամ նրանցից հարցազրույցներ էին վերցվել՝ առանց պատշաճ թույլտվության։ Որոշ հրապարակումներ պարունակում էին սենսացիոն կամ շահարկվող արտահայտություններ, որոնք խորացրել են ընտանիքների վիշտը եւ ոտնահարել մարդկային արժանապատվությունը։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կարծում է, որ անկախ իրավիճակի սրությունից, հանրային հետաքրքրությունը բավարարելու ձգտումից կամ լրագրողական մրցակցությունից, լրագրողները պարտավոր են հետեւել մասնագիտական սկզբունքներին եւ էթիկայի կանոններին։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մշակած եւ Հայաստանի 98 լրատվամիջոցների կողմից ստորագրված՝ «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում», մասնավորապես՝ 4-րդ գլխում, որը կրում է «Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ» խորագիրը, ամրագրված են հետեւյալ սկզբունքները․

4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս:

4.4. Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով:

4.5. Երեխաներից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ՝ ստանալ երեխայի եւ նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր եւ անպայման երեխային հասկանալի լեզվով։

Համաձայնությունը պետք է լինի կամավոր, եւ բացառվի պարտադրանքի որեւէ ձեւ։ Երեխան եւ նրա համար պատասխանատու անձը պետք է պարզորոշ հասկանան, որ իրենք խոսում են լրագրողի հետ, որը մտադիր է տվյալ նյութը տարածել լրատվամիջոցով։ Ձգտել, որ հարցազրույցի ընթացքում երեխային հոգեկան ցավ չպատճառվի, չստիպել նրան՝ կրկին վերապրել իր կրած տառապանքներն ու ցավը, կորուստները եւ իր կյանքի այլ ծանր պահերը, ասել կամ անել բաներ, որոնք հարկավոր են միայն տպավորիչ պատկեր ստանալու կամ ազդեցիկ ռեպորտաժ պատրաստելու համար:

4.6. Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ինչպես նաեւ ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ:

4.7. Պահպանել անմեղության կանխավարկածը. մինչեւ դատաքննությունը հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջեւ:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն այս հայտարարությամբ նպատակ ունի կանխել հետագայում նմանատիպ հրապարակումները՝ հորդորելով հաշվի առնել վերոնշյալ պահանջները եւ մասնագիտական գործունեությամբ նպաստել Հայաստանում ավելի պատասխանատու եւ մարդկային արժանապատվությունը հարգող լրատվական միջավայրի ձեւավորմանը։

Դիտորդ մարմնի կազմը

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ
Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Մարգարիտա ՄԻՆԱՍՅԱՆ
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930