Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կմնա առանց քաղաքապետի՞․ պատրաստվում են հապշտապ դատել Վարդան Ղուկասյանին․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Նոյեմբեր 27,2025 20:22

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ կաշառք ստանալու ու տալու փաստով հարուցված քրեական վարույթից երեկ առանձնացրել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը, որը մոտ օրերս ուղարկելու են դատարան։

Վարդան Ղուկասյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամայիս Հայրապետյանն
Aravot.am- հետ զրույցում ասաց․ «Մեզ ծանուցել են, որ Վարդան Ղուկասյանի մասն առանձնացրել են, ուղարկելու են դատարան և տրամադրել են նյութեր՝ ծանոթացման համար։

Աբսուրդ վիճակ է ստեղծվում, իբր պարոն Ղուկասյանը կաշառք է պահանջել պարոն Գասպարյանի միջոցով, իբր գործարար Սևակ Գոմցյանը համաձայնվել է այդ կաշառքը տալու։

Սա հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունն է, հիմա ստացվում է, որ ապացույցները բավարար չեն Սևակ Գոմցյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելու, ապացույցները բավարար չեն Հենրիկ Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելու, բայց հանկարծ ապացույցները բավարար են միայն պարոն Ղուկասյանի նկատմամբ գործը դատարան ուղարկելու։

Մեկ տրամաբանական հարց․ պարտադիր չէ իրավաբան լինել, որ ընկալելի լինի․ եթե պարոն Հենրիկ Գասպարյանի և պարոն Սևակ Գասպարյանի մասով ապացույցները բավարար չեն գործը դատարան ուղարկելու, մեխանիկորեն բացառվում է՝ պարոն Ղուկասյանի մասով ապացույցները բավարար լինեն։ Այսինքն՝ մեկը մյուսին հերքում են, բայց այսքանի պայմաններում պարոն Ղուկասյանի գործն ուղարկում են դատարան։

Մեկ օբյեկտիվ, ողջամիտ բացատրություն կարող է լինել․ ապօրինաբար է, անօրինական է, ինչ է, սեղմ ժամկետում ապօրինի դատավճիռ ստանալ պարոն Ղուկասյանի նկատմամբ»։

Փաստաբանը նաև նշեց, որ քննիչն ինքն է որոշել, թե ամիսներ շարունակ իրականացված գաղտնալսումներից, նյութերից որն է վերաբերելի Վարդան Ղուկասյանին, որը՝ ոչ, և ոչ պետք է փաստաբանական խմբին տրամադրի ծանոթացման, որը՝ ոչ։

Ըստ Արամայիս Հայրապետյանի, նյութերից հսկայական մաս հրաժարվում են իրենց տրամադրել, որպեսզի փաստաբանական խումբը ծանոթանա և մեկնաբանի։ Իսկ սա արդեն իսկ մեծ կասկած է առաջացնում։

«Ամիսներ շարունակ կոնկրետ պարոն Ղուկասյանի վերաբերող գաղտնալսումներից մեզ ներկայացրել են մի քանի ժամվա, թեկուզ և մի քանի տասնյակ ժամվա ձայնագրություններ, բայց ոնց կարող է 5-6 ամսվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները մի քանի ժամ լինել։ Հետևաբար իրականացված գործողությունների մեջ այն ամենը, ինչը կարող է ակնհայտորեն վկայել պարոն Ղուկասյանի անմեղության մասին, ուղղակի մեզ ծանոթացման չեն տրամադրում»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։

Նա նաև ասաց, որ 2-3 օրվա ժամանակային տևողությամբ և ավել գործողություններին ծանոթանալու համար փաստաբանական խմբին 2 օր էլ չեն տրամադրում։

«Եթե մենք օրը 24 ժամ նյութերին ծանոթանանք, գոնե զուտ ժամանակային տևողությունները գումարենք իրար, 24 ժամ աշխատելու դեպքում անգամ իրենց տված երկու օրը չի բավականացնի գոնե կարդալու, լսելու, տեսնելու համար, թե ինչ կա նյութերի մեջ։ Բայց դրա համար տրամադրում են ընդամենը 2 օր ժամանակ, ամսի 26-ից մինչև վաղը ժամը 15․00-ն։

Այսինքն, էլ չեն էլ մտածում ձևական օրենքը պահելու մասին, էնքան ապահով են, որ կարելի է օրենք խախտելով՝ մարդու գործն ուղարկել դատարան, որտեղ Վարդան Ղուկասյանի դեպքում կա անօրինականության նկատմամբ լոյալություն», -ասաց Արամայիս Հայրապետյանը։

Մեր հարցին՝ այս ամենի նպատակը ո՞րն է, որ Գյումրին չունենա՞ ընդդիմադիր քաղաքապետ, Արամայիս Հայրապետյանը պատասխանեց․ «Ողջամիտ այլ բացատրություն, որպեսզի պետությունը իրեն թույլ տա այս չափի անօրինականություններ, ես չեմ տեսնում․ կամ անձնական ինչ-որ հաշիվ կա, կամ մեծ քաղաքական շահ կա, հակառակ դեպքում, երբ կարելի էր այս խախտումները չկատարել, բայց կատարվում են, դրա շարժառիթը չի կարող լինել օրենքի չիմացությունը։ Ես բացառում եմ, որ օրենքի չիմացությունն է այս ամենի պատճառը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930