«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Երևանի օդի աղտոտվածությունը այսօր վտանգավոր մակարդակի վրա է․ մեր քաղաքը հայտնվել է Եվրոպայի ամենակեղտոտ մայրաքաղաքների շարքում։
Սա այն իրականությունն է, որի հետ երևանցիները բախվում են ամեն օր՝ շնչելով փոշու, արտանետումների և վնասակար մասնիկների խառնուրդ։
Քաղաքային իշխանությունների երկարամյա մոտեցումը չի փոխվում․ Երևանի բնակիչը շարունակում է ստորադասվել բիզնես հետաքրքրություններին։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր սանտիմետրը վաճառելու ու մսխելու մոլուցքը փոխանցվում է իշխանությունից իշխանություն՝ անտեսելով ամենակարևորը՝ մարդու առողջությունն ու կյանքի որակը։
Կարդացեք նաև
Բայց սա պարզապես քաղաքաշինական սխալների հարց չէ։
❗️ Սա առողջապահական լուրջ սպառնալիք է։
Բարձր աղտոտվածությունը ավելացնում է ասթմայի, սրտային խնդիրների, շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը։ Առաջինը դա զգում են մեր երեխաները, տարեցները և բոլոր նրանք, ովքեր ամեն օր դուրս են գալիս փողոցում։
Երևանը պետք է դառնա քաղաք՝ ապրելու համար։
Քաղաքի գլխավոր չափորոշիչը պետք է լինի մարդու առողջությունն ու անվտանգությունը, ոչ թե քառակուսի մետրի արժեքը»։


















































