Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ մենք պետք է հստակեցնենք, որ դուք իշխանություն եք Հայաստանում, կամ պետք է հստակեցնենք, որ դուք դրածո եք այլ պետությունների». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 27,2025 22:44

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ քաղբանտարկյալների խնդրին նվիրված խորհրդարանական լսումներին՝ ասաց. «Ես կարկամում եմ, ինձ դժվար էլ է դա ասելը։ Այո, մենք նախկինում էլ պայքարում էինք այս կամ այն երեւույթի դեմ, բայց այսօր ակնհայտորեն ցուցադրաբար են անում բոլոր գործողությունները՝ լինի դա դիմակներով մարդկանց գետնին փռելով։ Դա նման է երկու բանի. առաջինը՝ գավառական վատ որակի թատրոնի, երկրորդը՝ Ադրբեջանում տեղի ունեցածների։

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը միշտ զբաղվել է պատանդների, գերիների, փախստականների հարցերով։ Մենք ուշի ուշով հետեւում էինք արդեն խաղաղ տարիներին տեղի ունեցող դեպքերին, թե ինչպես էին ուժային կառույցները վերաբերվում սահմանը պատահաբար անցած անձանց։ Հիշեցնեմ մի դեպք, որ տեղի է ունեցել մի 10-15 տարի առաջ։ Ես սարսափում եմ։ Այդ հային սպանել են ԻԳԻԼ-ի նման չոքացրել՝ յաթաղանը պահելով վզին։ Իբրեւ բռնել էին համաշխարհային մակարդակի ահաբեկչի։

Լրիվ նույն պատկերը ես այսօր տեսնում եմ Հայաստանում, թե ինչպես են վերաբերվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կամ ինչպես են ամենագռեհիկ ձեւով վարվում Միքայել Սրբազանի ձերբակալության ժամանակ, Սամվել Կարապետյանի հանդեպ եւ այլն: Ես ուրիշ նմանություն չեմ տեսնում, քան ադրբեջանական  նմանատիպ գործողությունների հետ։

Ես դատապարտում եմ այդ շղթայում գտնվող բոլոր անձանց, լինի դիմակավորված անձ, նրա հրամանատարը, ոստիկանապետը, թե դատախազը, թե գլխավոր դատախազը; Բոլորը այդ առումով հանցագործություն են գործում սեփական ժողովրդի դեմ: Ինչո՞ւ եմ ասում ժողովրդի, այլ ոչ թե կոնկրետ անձանց, որովհետեւ նպատակը կոնկրետ ահաբեկչությունն է: Այդ թատրոնը պատահական չէ։ Ուղղակի, դրանք պետական մակարդակով հոգեբանորեն բոլոր ժողովրդին ահաբեկելու գործողություններ են։

Խորհրդարանական լսումները աշխարհով մեկ ընդունված ոճ է; Ընդ որում, աշխարհում եթե լսումները պառլամենտների իշխանական թեւերն են իրականացնում, ընդդիմությունից գնում են կարկառուն դեմքերը, իսկ եթե ընդդիմությունն է կազմակերպում, գնում են իշխանական քաղաքական ուժերը; Ինչո՞ւ: Դա էթիկական խնդիր է։ Դու կարող ես չհամաձայնել, կարող ես ելույթ ունենալ կամ չունենալ, կարող ես հետագայում քննադատել ամեն ինչը։ Բայց ներկա լինելը դաստիարակության հարց է;

Քիչ է, որ հիմա իշխանությունն իր կեցվածքով, հակաիրավական, հակասահմանադրական դրսեւորումով օրենքի կետեր է կոպտորեն խախտում: Դրանով նա ցույց է տալիս մի շատ կարեւոր հանգամանք. ինքը կախված չէ ժողովրդի կարծիքից, նրանք կախված չեն Հայաստանի Հանրապետության՝ լինի ընդդիմադիր, լինի՝ անհամաձայն, հատվածի կարծիքից։ Այլակարծությունը մեր սահմանադրությամբ ընդունված է որպես սահմանադրական նորմ;

Ի՞նչ է նշանակում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնել շարունակող անձը ասում է, թե մեր ընդդիմությունը ուրիշ պետությունների ներկայացուցիչ է։ Բա դո՞ւք որ պետության ներկայացուցիչ եք»։

Լարիսա Ալավերդյանը հետեւություն արեց, որ իշխանությունների կոպտությունը խոսում է նրանց նվաստացված լինելու մասին, նվաստացված այն պետությունների, այն ուժերի կողմից, որոնք նրանց բերել են: «Կամ մենք պետք է հստակեցնենք, որ դուք իշխանություն եք Հայաստանում, կամ պետք է հստակեցնենք, որ դուք դրածո եք այլ պետությունների»,-ասաց իրավապաշտպանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930