Թրամփն «արմատապես փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը», համարում են Վրաստանի իշխանությունները
Օգոստոսին TRIPP-ի ստորագրումից հետո հարեւան Վրաստանում այն ակտիվորեն քննարկվում էր: Պաշտոնական Թբիլիսին ողջունեց համաձայնությունը՝ նշելով, որ հարավկովկասյան ժողովուրդների համար սպասելիքները մեծ են։ Թբիլիսիից վստահեցրեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման հարցում։
Վաշինգտոնում TRIPP-ի ստորագրումից մի քանի օր անց վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում կայունության եւ զարգացման նոր դարաշրջան է բացում. «Վրաստանը ողջունում է պատմական խաղաղության համաձայնագրի կնքման եւ տարածաշրջանում կայունության եւ տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկզբի կապակցությամբ։ Վրաստանը մշտապես աջակցել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, եւ հանձնառու է այն շարունակել»։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագրին, նկատեց, ոչ Հարավային Կովկասի համար սպասելիքները մեծ են. «Թբիլիսին ողջունում է տարածաշրջանում ծանր բեռ դարձած երկարամյա հակամարտության լուծումը, ինչը կապահովի մեր ժողովուրդների բարեկեցիկ խաղաղ կյանք։ Վրաստանը միշտ եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման կողմնակիցը։ Ես անձամբ շնորհավորել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահներին, նրանք գիտեն, որ մենք միշտ ունեցել ենք խաղաղության հասնելու առաջարկ»։
Կարդացեք նաև
Բայցեւ Վրաստանից հնչում էին հարցադրումներ` արդյո՞ք Վրաստանը կկորցնի իր դիրքերը Միջին միջանցքում Թրամփի ուղու բացումից հետո, նաեւ գնահատականներ ու բանավեճեր էին ծավալվում թեմայով, որ` Արեւմուտքի հետ հարաբերություններում Վրաստանն ինչպես եւ ինչու զիջեց իր դիրքերը։
Վրացի փորձագետների մի հատված էլ համարում էր, որ ռազմավարական հարց է փաստը, որ հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը Վաշինգտոնում արձանագրվեց, այլ ոչ թե` Մոսկվայում: Սա շատերի կարծիքով արմատապես փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը։
Վրացի որոշ փորձագետներ էլ այդ օրերին` համեմատելով պաշտոնական Երեւանի ու Թբիլիսիի վարած արտաքին քաղաքականությունը, անգամ քննադատում էին երկրի իշխանություններին՝ նշելով, թե Վրաստանն ԱՄՆ-ի հետ գործակցության հարցում հետընթաց է ապրում, մինչդեռ նրանց կարծիքով` Հարավային Կովկասում Արեւմուտքի «երբեմն միակ փարոսը», զիջում է դիրքերը` հեռանալով դեպի Ռուսաստանի կողմը:
Վրաստանից հնչող ոչ իշխանական կարծիքները, թերեւս, դեռ կշարունակվեն, սակայն պաշտոնական Երեւանից նկատելի է, որ որդեգրվել է` Թբիլիսիի հետ գործակցությունը TRIPP-ի համատեքստում էլ ավելի խորացնելու նպատակը:
Օրերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ամփոփելով Թբիլիսիում անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները, շեշտել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ դա նոր հնարավորություններ է բացելու Վրաստանի համար։ Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց քննարկումներ են ունենում տարբեր հարցերի վերաբերյալ. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումից հետո, ըստ էության, ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ դա նոր հնարավորություններ է բացելու բարեկամ Վրաստանի համար»։
Հետաքրքրական էր Կոստանյանի հետեւյալ գնահատականը` Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերներին քաջալերել է, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Վրաստանի հնարավոր օգուտների վերաբերյալ։ Նա անդրադառնալով հարցին, թե որքանով իրար հետ կապ ունեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Երեւան կատարած այցը եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի՝ Թբիլիսի կատարած այցը, ընդգծել էր, որ այդ օրերին Թբիլիսիում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները իրենց քննարկումները կոորդինացրել են նաեւ Հայաստանի հետ. «Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաեւ Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։ Թույլ տվեք նաեւ ավելացնել մեկ այլ կետ. մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք եւ բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, եւ շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել»։
Հայաստանի իշխանությունների` Վրաստան կատարած վերջին այցերից մի քանի օր անց, նոյեմբերի 24-ին, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ` TRIPP-ի ծրագրի թեմաներին անդրադարձավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, մեկ անգամ եւս կրկնելով ու ամփոփելով պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը. Վրաստանի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին։ «Տեղում խաղաղությունն արդեն իսկ հաստատված է։ Դա փոխում է Հարավային Կովկասի անվտանգային ողջ միջավայրը։ Բացի այդ, դա ողջ Սեւծովյան տարածաշրջանի համար ահռելի հեռանկարներ է բացում՝ թե՛ տնտեսական եւ թե՛ հաղորդակցության ուղիների զարգացման տեսանկյունից», – նշեց վրացական խորհրդարանի խոսնակը։ Պապուաշվիլին նաեւ հավելել էր, որ Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում այն քայլերին, որոնց նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն է։
ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար եւ կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը, նկատել էր Վրաստանի խորհրդարանի նախագահը։ «Դա կարեւոր է մրցակցության զարգացման, ինչպես նաեւ այն բանի համար, որ փոխադրողներին առաջարկվեն լավագույն պայմանները, եւ դրանով իսկ մեր միջանցքը (Միջին միջանցքը) կդառնա էլ ավելի գրավիչ։ Մրցակցությունը միայն մեծացնում է դա», նշել էր Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ եւս մեկ ուղի Հարավային Կովկասում վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ. «Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կընդլայնի բոլոր մյուս տեսակի ներդրումները՝ թե՛ միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, թե՛ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների տեսանկյունից։ Հետեւաբար, մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։
Հիշեցնենք, որ Միջին միջանցքը բազմամոդալ երթուղի է, որը 2013թ. նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը եւ Թուրքիան՝ բազմակողմ համագործակցության միջոցով բարելավելու հաղորդակցությունը եւ Արեւելք-Արեւմուտք առեւտուրը: Երթուղին սկսվում է Հարավարեւելյան Ասիայից ու Չինաստանից եւ անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով եւ շարունակվում դեպի ԵՄ:
Այսպիսով, հարեւան Վրաստանի իշխանությունները «Թրամփի ուղու» վերաբերյալ իրենց դիրքորոշումներով` ներգրավվածության հայտ են ներկայացնում` համագործակցության նոր հնարավորությունների ակնկալիքով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2025


















































