Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հայցորդ ՍԱԹԵՆԻԿ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ «Քրդալեզու մամուլի անդրադարձը Արցախյան երրորդ պատերազմին (2020-2023թթ.)» ուսումնասիրությամբ նշվել էր, որ քրդական հանրությունը շարունակում է հետաքրքրվել Արցախի տարածքում հայ-ադրբեջանական բախումներով, Թուրքիայի ներգրավվածությամբ, հարցի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքով (Kurdistan24, Rօdaw), ինչպես նաեւ այդ թեմայի շուրջ տեղեկատվություն ապահովել քրդական հանրության համար: Ուսումնասիրությունը տպագրվել էր «Գիտական Արցախ» պարբերականի այս տարվա 2-րդ համարում: Ներկայացնում ենք մի հատված:
«Kurdistan24»-ը Արցախյան 3-րդ պատերազմի առաջին օրերին հրապարակում էր միջազգային մամուլում հրապարակվող հայտարարություններ, որոնցից էր Ռուսաստանի կոչով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը դատապարտող համատեղ հայտարարությունը ((Kurdistan24, Ji Trump, Macron û Pûtîn bangaweziya Qerebaxe^)։ Իսրայելում ՀՀ դեսպանի հետ կանչվելու մասին հոդվածը շատ չուշացավ, եւ հայկական լրատվամիջոցներում հոկտեմբների 1-ի երեկոյան հրապարակվելուց հետո՝ հոկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, կայքը գրեց. «Հայաստանը դատապարտում է Իսրայելին»։ Հոդվածում նշված էր, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ռազմական թշնամանքի մեջ գտնվելու պահին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգության տեղիք է տալիս եւ անընդունելի է։ Հոդվածագիրը հոդվածի վերջում հիշեցրել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, կրկին պատերազմ սկսվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Երկու երկրների միջեւ ընթացող այս պատերազմը համարվում է տարածաշրջանի ամենավտանգավոր պատերազմը վերջին 20 տարիների ընթացքում» (Kurdistan24, Ermenistan rexne li Îsraîle^ dike):
«Kurdistan 24»-ը անգլերենով առաջին հոդվածը արցախյան մարտերի մասին հրապարակեց 2020թ. հոմտեմբերի 3-ին։ Ըստ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուսաբանող Le Monde թերթի ֆրանսաքուրդ լրագրող Ալլան Կավալը ռեպորտաժ պատրաստելիս վիրավորվել է։ Ըստ հոդվածի՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ), հղում տալով լրատվամիջոցներին, նշում է, որ Կավալը եւ 3 լրագրողներ վիրավորվել են Խոջավանդ քաղաքում, Ադրբեջանի հրաձգության ժամանակ, «Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղ շրջանում»։ Ըստ Հերմինե Վիրաբյանի՝ ԼՊԿ-ին տված հեռախոսային հարցազրույցի, լրագրողները վիրավորվել են Press վերտառությամբ մեքենայի կողքին կանգնած, նրանց վիրահատել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հոդվածում նաեւ գրվում է, որ Ալլան Կավալը, որ քուրդ ակադեմիկոս Մուսա Կավալի որդին է, լուսաբանել է քրդական հարցը եւ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմը Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ Իրաքում՝ ներառյալ Իրաքյան Քրդստանի շրջանը: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը հերքել է մամուլի ներկայացուցիչներին միտումնավոր թիրախավորելու փաստը:
2020թ. հոկտեմբերի 27-ին (06:27) Kurdistan24-ը հրապարակեց «Ղարաբաղում 18 սիրիացի զինյալ է սպանվել» հոդվածը։ Հղում տալով Սիրիայում ՄԻ մշտադիտարկման կենտրոնին՝ հոդվածագիրը գրում է, որ սպանվածների թվում է El Hamzat խմբավորման առաջնորդը, եւ մինչ այդ պահը Թուրքիան՝ ի աջակցություն Ադրբեջանի, 1500 սիրիացի զինյալ է տեղափոխել պատերազմի տարածք ((Kurdistan24, Li Qerebaxe^ 18 çekdare^n Sûrî hatin kustinn)։ Նույն օրը երեկոյան (20։00) կայքը հրապարակեց Թուրքիայի կոմից սիրիացի զինյալների՝ ռազմական գործողությունների պատրաստող ճամբարի վրա ռուսական ինքնաթիռների հարվածների մասին հոդվածը։ Նշվում էր, որ այդ ճամբարի զինյալները ուղեւորվում են Լիբիա, Ադրբեջան, Սիրիայի հյուսիս՝ ռազմական գործողություններին մասնակցելու։ Հոդվածագիրը գրում է, որ «Faylaq al-Sham» (Սիրիական լեգեոն) կոչվող ճամբարում մարզված սիրիացի զինյալները, ըստ էության, կազմում են Թուրքիայի «արտասահմանյան լեգեոնը»։ Հղում տալով Agence France Press-ին՝ նշվում է, որ «Faylaq al-Sham»-ը համարվում է «Մուսուլման եղբայրների» սիրիական ճյուղին մոտ, եւ որոշ փորձագետներ այն համարում են նրա ռազմական թեւը։ Հոդվածում նշված է, որ Թուրքիան Լիբիայի քաղաքացիական պատերազմում եւ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանի հետ հակադիր կողմեր են պաշտպանում, եւ որ Թուրքիան 2000 սիրիացի զինյալ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը Հայաստանից գրավելու համար, եւ չնայած Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն ձգտել են ապահովել հրադադար, դրանք բազմիցս խախտվել են, քանի որ Թուրքիայի աջակցությամբ ավելի ուժեղ դարձած ադրբեջանական ուժերը ուժեղացնում են իրենց հարձակումը (Mylroe, Russia strikes camp of Turkey’s Foreign Legion, including fighters against Syrian Kurds): 2020թ. հոկտեմբերի 30-ին North Press Agency սիրիական լրատվական գործակալությունը, հղում տալով տեղական լրատվամիջոցներին, հրապարակեց մի հոդված, որում նշված էր Թուրքիայի կողմից աջակցվող Համզա (Hamza) ընդդիմադիր խմբավորման երկրորդ առաջնորդի՝ Հուսեին Աբոյի սպանության, դրանից օրեր առաջ նաեւ խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատար Ադել Շահիրի սպանության մասին։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան շարունակում է սիրիացիների հավաքագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կռվելու համար՝ ֆինանսական աջակցության դիմաց այնտեղի հասարակական բազաները պաշտպանելու պատրվակով:
Կարդացեք նաև
Կայքը հրապարակել է նաեւ 2023թգ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հոդվածներ՝ սկսած Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից, զոհերից, տեղահանման ճանապարհի պայթունից մինչեւ ռուս-թուրքական համագործակցություն Արցախի տարածքում, Ֆրանսիայի հետաքրքրվածություն։ Ակնհայտ է, որ Kurdistan24-ը Արցախյան 3-րդ պատերազմի ողջ ընթացքում կուրմանջի բարբառով ակտիվորեն հրապարակել է ինչպես հայկական, ադրբեջանական կողմի հրապարակումները պարունակող հոդվածներ, այնպես էլ միջազգային հանրության արձագանքը ներկայացնող բովանդակությամբ մի շարք հոդվածներ:
«Առավոտ» օրաթերթ
27.11.2025


















































