Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին

Նոյեմբեր 28,2025 13:00

Իրավագիտակից քաղաքացի

Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից, աշխատանքային պայմանագրերի կնքումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգի կիրառումն արդեն պարտադիր կդառնա ՀՀ կառավարության կողմից ներդրված աշխատանքային պայմանագրերի թվային հարթակի միջոցով, եւ թղթային տարբերակով կնքվող պայմանագրերն այլեւս իրավական ուժ չեն ունենալու։ Ի դեպ, նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ 12-ամսյա ժամկետում պետք է թվայնացվեն եւ մուտքագրվեն Համակարգ։ Այս փոփոխությունը նախատեսվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքով (ավելացվել է 13.1 գլխով, որը բովանդակում է 102.1 եւ 102.2 հոդվածները)։

ՀՀ կառավարությունը 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունել է թիվ 410-Ն որոշումը, որով սահմանվեցին նաեւ Համակարգին ներկայացվող պահանջները, հստակեցվեցին պայմանագրի կնքման կարգը, նշանակվեց Համակարգը կառավարող լիազոր մարմինը, ինչպես նաեւ սահմանվեցին, թե որ պետական մարմիններն ու ինչ ծավալով հասանելիություն կունենան Համակարգին։

Նոր կարգավորուման համաձայն՝ գործատուն կամ նրա ներկայացուցիչը մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջ եւ լրացնում է աշխատանքային պայմանագիրը, այդ թվում՝ փոփոխության, լրացման կամ լուծման մասին փաստաթղթերը։ Դրանից հետո նա ստորագրում է փաստաթուղթը իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Սահմանված գործողություններից հետո համակարգը ավտոմատ ծանուցում է ուղարկում աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ նրան տեղեկացնելով, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման։

Հարկ է նշել, որ Համակարգը զուգահեռաբար ինքնաշխատ կերպով ձեւավորում է աշխատողի գրանցման հայտը, որի տվյալները կրկնում են պայմանագրում նշված աշխատանքային տեղեկությունները, իսկ պայմանագրի լուծման դեպքում ինքնաշխատ ձեւով ստեղծվում է աշխատողի աշխատանքից ազատվելու գրանցման հայտը:

Պարտադիր լրացման համար նախատեսված տվյալները սահմանված են Կառավարության հիշյալ Որոշման հավելվածի 13-րդ կետով, ըստ որի՝ սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման։

ՀՀ քաղաքացի աշխատողները Համակարգ մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ/կամ ՊԵԿ-ի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։ Աշխատողը պայմանագրի կամ դրա փոփոխության բովանդակության հետ համաձայն լինելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով ստորագրում է փաստաթուղթը։

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
27.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930