Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան հակառակ կողմից է մոտենում. նախ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք, հետո սահմանը կբացենք. հարցը մտնում է փակուղի»

Նոյեմբեր 28,2025 13:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ TRIPP-ի մասով պայմանավորվածությունները 2026-ի հունվարից հնարավոր է վերջնական փուլ մտնեն

«Թուրքիայի դիրքորոշումն իրականում որեւէ նորություն չի պարունակում։ Միշտ էլ դա է եղել։ Նախկինում էլ մի քանի անգամ ասել են, որ սահմանը կբացվի այն դեպքում, եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Բայց բազմիցս ասել եմ, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու. Ադրբեջանը տորպեդահարելու է գործընթացը, եւ հարցը մտնի փակուղի։ Ավելի կոնկրետ Ադրբեջանը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, որն էլ անիրականանալի պահանջ է, եւ այդպիսով հարցը մտնում է փակուղի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Հայաստանի համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։

Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ եթե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Թուրքիայի հետ հարաբերություննե՞րն էլ չեն կարգավորվի, քաղաքագետը պատասխանեց. «Այո, չեն կարգավորվի։ Մեկ-երկու խորհրդանշական քայլ կարող է արվի. հնարավոր է հունվարից սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց դա ընդամենը խորհրդանշական քայլ է, որը ոչ մի իրական օգուտ ՀՀ-ին չի կարող բերել։ Ընդհանրապես Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում ավելի շատ պոչն է շանը խաղացնում, ոչ թե շունը պոչին։ Տվյալ դեպքում Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանի բացումը չի կարող իրականացնել, որովհետեւ դա Ադրբեջանի պահանջն է։ Այդպիսի պահանջ դրել է Թուրքիայի առաջ։ Թուրքիան սահմանը փակելու ոչ մի մոտիվացիա չունի, դա անում է Ադրբեջանի պահանջով, եւ Ադրբեջանն էլ չի ուզում, որ բացվի այդ սահմանը, որ ՀՀ-ն չուժեղանա»։

Մեր դիտարկմանը՝ բայց ՀՀ իշխանությունները շարունակում են հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա, այդ մասին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան Հաքան Ֆիդանի հայտարարության, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը փորձում է բոլոր ջանքերը գործադրել, որ սահմանը բացվի։ Դա ՀՀ բոլոր ղեկավարների օրոք է եղել։ Տեսնում ենք, որ Թուրքիան էլ հարցին հակառակ կողմից է մոտենում. նախ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք եւ հետո սահմանը կբացենք, եւ այսպիսով հարցը մտնում է փակուղի»։

Մեր փաստմանը՝ փոխարենը ՀՀ-ն հարաբերությունների մակարդակը բարձրացնում է Ղազախստանի հետ։ Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում էր Ղազախստանում։ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր. «Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ դարձնենք ռազմավարական հարաբերություններ»։

Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ ակնկալել այս համագործակցությունից՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Ղազախստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, նա պատասխանեց. «Ղազախստանը կարեւոր երկիր է. Միջին Ասիայի լիդերն է։ ՀՀ-ի համար շատ կարեւոր է այդ երկրի հետ հարաբերությունների հաստատումը։ Ցորենը՝ մի խորհրդանշական քայլ էր։ Իրականում Ղազախստանը շատ ավելի կարեւոր պաշարներ ունի, օրինակ՝ ղազախական ուրանով կարող ենք փոխարինել ռուսական հարստացված ուրանը։ Ղազախստանի նշանակությունը բավականին մեծ է, եւ պետք է փորձենք այդ երկրի հետ իրոք հարաբերությունները խորացնել։ Ղազախստանն ունի 20 միլիոնանոց շուկա, Ղազախստանի միջոցով մեր դիրքերը Միջին Ասիայում կարող են ուժեղանալ, այս երկրի հետ հարաբերությունների բարելավումը մեզ թույլ կտա Կենտրոնական Ասիայում մեր դիրքերն ուժեղացնել։ Եթե ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվում, ուրեմն իրենք էլ ՀՀ-ին դիտարկում են՝ որպես միջանցք Թուրքիա ու Եվրոպա գնալու համար»։

Մեր փաստմանը՝ կարծես ոչ մի առաջընթաց չկա խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով՝ օգոստոսի 8-ից ի վեր, Արմեն Վարդանյանը նկատեց. «Խաղաղության համաձայնագիրը փակուղի է գնացել, այն գրեթե անիրականանալի է։ Ես մի քանի անգամ էլ եմ ասել՝ նույնիսկ տեսականորեն, եթե ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը, Ադրբեջանը մեկ ուրիշ պայման է դնելու, որ խուսափի խաղաղության համաձայնագրի ստորագրումից»։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում 2026-ի ընտրություններին ընդառաջ ի՞նչ է անելու իշխող քաղաքական ուժը, որի կարգախոսի համաձայն՝ պետք է խաղաղություն բերեին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին դե ֆակտո կա խաղաղություն, թեեւ փաստացի ամրագրում դա չի ստացել։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարիներին կլինի»։ Մեր դիտարկմանը՝ իսկ Իլհամ Ալիեւի հայտարարություննե՞րը, որ Հայաստանի տարածքը համարում է Ադրբեջանի մաս եւ այլն, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Հայտարարությունը՝ հայտարարությունով, բայց այս պահին սահմանային լարվածություն չկա, զինվոր չի զոհվում, ռազմական գործողություններ չկան, իսկ թե ինչ կլինի մի քանի տարի հետո, ոչ մեկը չգիտի։ Նույնիսկ, եթե խաղաղության պայմանագիր էլ ստորագրվեր, դեռ 100 տոկոսանոց երաշխիք չէր լինի։ Տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում. ռուս-ուկրաինական կոնֆլիկտը եւ այլն։ Ամեն դեպքում այսօր ունենք դե ֆակտո խաղաղություն, որը մեր շահերից է բխում՝ կատաստրոֆիկ իրադարձություններից շունչ քաշել, զարգանալ եւ արագ տեմպերով վերականգնվել»։

Ըստ քաղաքագետի՝ TRIPP-ի մասով պայմանավորվածությունները 2026-ի հունվարից հնարավոր է վերջնական փուլ մտնեն։ Նրա կարծիքով՝ ամերիկյան իշխանությունների հայտարարություններն ու քայլերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն բավականին լուրջ է տրամադրված. այնպես չէ, որ թղթի վրա մնացած գործարք է լինելու, ՀՀ-ն էլ, ըստ քաղաքագետի, իր հերթին քայլեր է ձեռնարկում, որ արագացնի գործընթացը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930