Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկավ ժամանակը՝ առաջադրվեցի». Գագիկ Մելքոնյանն անդամագրվել է ՔՊ-ին. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2025 10:20

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որ 2021 թվականին ՔՊ ցուցակով, բայց անկուսակցականի կարգավիճակով պատգամավոր էր դարձել, օրերս ՔՊ-ի «կրոնն» ընդունել է՝ դարձել է կուսակցական։ Նրա մասին էլ էին ասում, որ այս գումարմանն առաջադրվելու ցանկություն չունի, բայց քանի որ չառաջադրվելն էլ է վտանգավոր, Մելքոնյանը գուցե հաշվարկ է արել ու առաջադրվել, բայց 1.5 միլիոնի փոխարեն կես միլիոն է վճարել, քանի որ ՔՊ անդամների համար Փաշինյանը ճկուն զեղչային համակարգ է սահմանել։ Կուսակցականները պարտավոր են ընդամենը 500 հազար դրամ վճարել։ Ի դեպ, եթե մինչեւ 2018-ը «Ելքի» պատգամավորության ցուցակում ընդգրկվելու համար ցենզ սահմանեին, ասենք՝ 20-30 հազար դրամ, ոչ մեկը չէր վճարի։

Երեքշաբթի օրը Մելքոնյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ ՔՊ ղեկավար կազմին պարզաբանումներ տվել, թե ինչու է ուզում անդամագրվել իշխող կուսակցությանը։
Երեկ մենք Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ հե՞շտ ընդունեցին իրենց շարքերը։ «Իհարկե»,- պատասխանեց նա։ Ինչո՞ւ է որոշել հիմա՝ խորհրդարանի լիազորությունների ավարտից հինգ պակաս անդամակցել ՔՊ-ին, երբ չորսուկես տարի պատգամավոր էր։ «Որ հետագայում շարունակեմ աշխատանքներս որպես ՔՊ-ական»։ Դա պարտադի՞ր պայման է եղել իր համար։ «Չէ, դա պարտադիր չէր, իմ ցանկությունն է»։ Մտածում եք, որ որպես անկուսակցական ավելի՞ նվազ շանսեր ունեք, քան եթե լինեք ՔՊ-ական կնիքի ներքո։ «Լավ, էլի, պարա՞պ եք մնացել, իմ ցանկությունն է, ամեն մարդ ունի ցանկություն»։ Իսկ ինչո՞ւ ավելի վաղ չունեիք նման ցանկություն։ «Այո, այո, երբ ավարտվում են խորհրդարանի լիազորությունները, ես նոր ցանկացա դառնալ կուսակցական»։ Կատակեցինք՝ խոր ծերությունում էլ ի՞նչ կուսակցական։ «Խոր ծերություն չի, նոր սկսում ենք»,- պատասխանեց 68-ամյա պատգամավորը։ Իսկ գուցե 1.5 միլիոն դրամ չվճարելո՞ւ համար եք ՔՊ մտել։ «Լավ, այ ստեղից կտրեք»։ Իսկ ՔՊ-ի գաղափարախոսության հատկապես ո՞ր կետերն են Ձեզ տարել այդ կուսակցություն։ «Բոլորը։ Հետո որոշել էի, որ դառնայի, եկավ ժամանակը՝ դարձա ու առաջադրվեցի»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930