Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը․ ովքե՞ր կլինեն առաջին ապահովագրվողները

Նոյեմբեր 28,2025 10:08

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Համակարգը ներդրվելու է փուլային կարգով, երեք տարիների ընթացքում, 2029-ին համակարգն արդեն հիմնականում ներդրված կլինի։ Անահիտ Ավանեսյանը հույս ունի այն բնակչության հիմնական մասին հասանելիություն կտա առողջության առաջնային պահպանման ամբողջական ապահովման համար։

2026-ին երկու խումբ անձինք կապահովագրվեն՝ մինչեւ 18, 65+ եւ 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողները եւ ֆունկցիոնալ անապահովության խնդիրներ ունեցողները եւ անապահովության 25+ բալ ունեցող ընտանիքները։

Այս խմբերի համար կվճարի պետությունը։ Պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ լինեն։ Այս նախապայմանը չի վերաբերվում մյուս երրորդ խմբին․ այն է՝ 200 հազար դրամ եւ ավելի՝ հարկերը ներառյալ, գումար վաստակող քաղաքացիները։ Այս խմբում ընդգրկվածները իրենք են վճարելու իրենց ապահովագումարը։ Եթե անձը մի քանի տեղ է աշխատում, հաշվարկվում է աշխատավարձի հանրագումարը։

2027-ից ապահովագրությունը պարտադիր կդառնա մինչեւ 200 հազար վաստակողների համար, 2028-ից համակարգում կընդգրկվեն մյուս քաղաքացիները՝ գյուղական բնակչություն, ուսանողներ եւ այլն։

Առողջապահական փաթեթը չի փակելու ծառայությունների ողջ ծավալը, այլ նախարարության կողմից առանձնացված հիվանդությունների գծով՝ հիմնականում կյանք փրկող, անհետաձգելի դեպքերը։ Սահմանվելու են համավճարներ, վերին շեմեր եւ այլն։

Պետպատվերի համակարգը երեք տարիների ընթացքում աստիճանաբար դուրս կգա՝ սահուն տեղը զիջելով ապահովագրական համակարգին։ Նվազագույն թվով անձանց համար, ովքեր չեն լինի ապահովագրական համակարգում՝ Հայաստանում մշտապես չբնակվող անձինք, օտարերկրյա քաղաքացիներ, միջազգային պայմանագրերով աշխատողներ եւ այլն, կլինի ծառայությունների նվազագույն ցանկ՝ անհետաձգելի դեպքերում օգտվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930