Ապահովագրական վճարներն իրականացվելու են ամսական կտրվածքով․ այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ եթե անձը որոշակի շրջանում դադարում է աշխատել, կասեցվում է նաեւ ապահովագրավճարի գանձման գումարը։ Այն քաղաքացիները, ովքեր տարվա կեսին դուրս կմնան համակարգից՝ օգտվելու համար պետք է շարունակեն վճարել, եթե չեն վճարվի, ապահովագրական փաթեթը կկասեցվի։
Հանձնաժողովում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։
Պարտադիր պետական ապահովագրական համակարգին զուգահեռ՝ կգործեն մասնավոր համակարգեր՝ ավելի ընդլայնված ցանկերով, որոնց համար արդեն կվճարի քաղաքացին։
Նախատեսվում է, որ քաղաքացիները հնարավորություն են ստանալու կրճատել «Զինապահ» հիմնադրամին վճարվող գումարները՝ դրանք ուղղելու սեփական առողջության ապահովագրմանը։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ հիմնադրամն իր կուտակած միջոցների եւ դեռ վճարվող գումարների շնորհիվ, կշարունակի կատարել իր պարտավորությունները։
Կարդացեք նաև
Մինչեւ 500 հազար դրամ ստացող քաղաքացիները, ովքեր 5500 դրամ էին վճարում հիմնադրամին, կվճարեն 1000 դրամ։ Նրանց սոցիալական կրեդիտով հետ կստանան 6 հազար դրամ։ 500-100000 ստացողները՝ ովքեր հիմնադրամին 8 հազար էին վճարում, կշարունակեն վճարել 4 հազար դրամ, սոցիալական կրեդիտի համար ետ կստանան 4 հազար դրամ։ Մեկ միլիոնից ավել աշխատավարձ ստացողները կշարունակեն վճարել 15 հազար դրամ, սոցիալական կրեդիտի տեսքով հետ կստանան 4 հազար դրամ։
Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ պետական ապահովագրական ծառայությունների փաթեթը էականորեն տարբերվելու է պետպատվերի փաթեթից՝ ի օգուտ քաղաքացու։ Օրինակ, ապահովագրական փաթեթն այսուհետ կփակի քաղցկեղի բուժման ողջ ընթացքը, ոչ միայն վիրահատությունն, ինչը պետպատվերով է սահմանված։ Երրորդ կարգի հաշմանդամների համար, ովքեր այսօր գրեթե չեն օգտվում պետպատվերի ծառայություններից, պարտադիր ապահովագրական համակարգում կունենան առավել շատ հնարավորություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































