Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվերը գեղեցիկ փաթեթավորված բրենդավորում են՝ անունը դնելով ապահովագրություն. Անուշ Պողոսյան

Նոյեմբեր 28,2025 13:42

«Առողջապահության ապահովագրության ներդրումը շատ կարեւոր է երկրի առողջապահության զարգացման եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական բարելավումների մեջ, կարեւոր ռեֆորմ է, որը պետք է իրականացվի: Բայց այն, ինչ նախատեսվում է կատարել կառավարության կողմից, խիստ անհանգստությունների հիմք է տալիս»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը՝ խոսելով 2026-ից ներդրվելիք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին:

«Վերջին 3 տարվա մեջ սա երրորդ նախագիծն է, որը շրջանառվել է օրենքի ձեւով, եւ ամեն նախագիծը հաջորդից ավելի խնդրահարույց է եղել: Հենց այս պահին քննարկվում է ԱԺ առողջապահական հանձնաժողովում օրենքի նախագիծը, եւ ԱԺ մի շարք պատգամավորներ եւ հանրությունը չեն կարողանում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ ինչի համար է վճարելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մենք գիտենք, որ 200 հազար եւ ավել աշխատավարձ ստացողները տարեկան 129 հազար դրամ են  վճարելու, բայց այսօր չկան փաթեթները, թե ինչի համար են վճարելու ՀՀ շուրջ  395 հազար քաղաքացիները»,- նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիրը:

Նրա խոսքով. «Առողջապահության կազմակերպիչները, պաշտոնյաները փաստում են, որ բազմաթիվ հաշվարկների արդյունքում են ստացել 129 հազար դրամը, սակայն դրանք ինչ հաշվարկներ են, ցույց տվեք այդ հաշվարկները, ինչ ծառայություն է քաղաքացին ստանալու այդ հաշվարկների արդյունքում, այդ հարցերի պատասխանները չկան: Գուցե այդ ծառայություններն ամբողջական ներդրվեին օրենքի մեջ, սակայն չեն ներդրվել, ու պատճառաբանությունն այսպիսին է, որ դա լինելու է ենթաօրենսդրական ակտերի ձեւով, դուք կանեք, կհաստատեք օրենքը, այնուհետեւ կառավարությունը կհաստատի ենթաօրենսդրական ակտերը:

ԱԺ-ում հարց է առաջանում՝ ինչպե՞ս ընդունել օրենք, որով ֆիքսել ենք 129 հազար դրամը, բայց չգիտենք, թե այն ինչպես է ձեւավորվել: Նշեմ, որ նախորդ նախագծում իրենք այդ 129 հազարի փոխարեն հրապարակում էին 164 800 դրամ: Ինչպե՞ս եղավ, որ 164 հազարը դարձավ 129 հազար, ի՞նչ ծառայություններ հանվեցին, ի՞նչ ծառայություններ ավելացան՝ այս հարցերի պատասխանը  եւս ՀՀ քաղաքացին չունի:

Նախորդ նախագծում 63 տարեկանից բարձր քաղաքացիների մասին էր խոսվում, իսկ այս նախագծում՝ 65-ի մասին: Շուրջ 400 հազար քաղաքացիներ են, որոնցից 130-140 հազարն արդեն իսկ պետպատվերի շահառուներ են, այսինքն` նրանք ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, «Փարոսի» շահառու են հանդիսանում,  անապահովության բալեր ունեն 28 եւ ավելի: Ստացվում է՝ բյուջեն ձեւավորելու են 395 հազար քաղաքացիներ,  եւ 65-ից բարձր տարիքի թոշակառուներ են ընդգրկված: Եվ այդ հարցին՝ ի՞նչ են ստանալու թոշակառուները, ունենք  միայն կցկտուր պատասխաններ:

Օրինակ, ասում են՝ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում, բայց դա այսօր արդեն իսկ անվճար է արվում, կամ, օրինակ,  կյանք փրկող ծրագրերը, ստենդավորումը 2015-16 թվականից անվճար է կատարվում: Պետպատվերը գեղեցիկ փաթեթավորված բրենդավորում են՝ անունը դնելով ապահովագրություն: Սա շատ խնդրահարույց է, եւ հունվարի սկզբից  մեր քաղաքացիները եւ բժշկական հանրույթը հաստատ իրար հետ մեծ խնդրի մեջ են լինելու»:

Անուշ Պողոսյանի ձեւակերպմամբ. «Ըստ առողջապահության նախարարի եւ կառավարության ղեկավարի բանավոր հայտարարության՝ հունվարի 1-ից օրենքում նշված խմբերն ունենալու են ապահովագրություն: Բավականին մեծ թվով պլանային վիրահատություն ունեցող մարդիկ այսօր դրան սպասում են: Իսկ հիվանդանոցներն անհանգստացած են, որ հունվարի սկզբից հոսքերի կառավարումը լուրջ խնդիր է լինելու»:

 Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Անուշ Պողոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930