Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց թագուհիները «վերադառնում» են Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիներ» նախագծում

Նոյեմբեր 28,2025 17:07

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլն իր «Տիրուհիներ » մասշտաբային ներկայացմամբ նոր նշաձող է սահմանել:

Մանվել Ալեւորյան

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի բալետմայստեր-փորձավար, «Տիրուհիներ » պարային նախագծի ղեկավար Մանվել Ալեւորյանը, «Տիրուհիների» գաղափարը նախ ծնվել է անսամբլի խաղացանկը լրացնելու եւ խաղացանկում այնպիսի ներկայացում ունենալու համար, որը կհետաքրքրի երիտասարդներին:

«Փորձել ենք կիրառել այնպիսի մոտեցումներ, որ երիտասարդ հանդիսատեսներ ներգրավենք, քանի որ շատ ենք հոգ տանում մեր ապագա հանդիսատեսի համար: Մենք ժամանակին նման փորձառություն ունեցել ենք. «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումն ենք բեմադրել երիտասարդների համար՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա, որը հրաշալի արձագանքներ է ունեցել:

 

Քանի որ հայ կնոջ մասին երբեմն կան կաղապարված, թյուր ըմբռնումներ, մտածեցինք՝ ինչու չներկայացնենք Հայոց թագուհիներին, անդրադառնանք նրանց կերպարներին եւ կարողանանք ընդգծել, որ նրանք եւս եղել են առաջնորդ, կառավարիչ, արվեստի եւ այլ ոլորտների հովանավոր: Այսպես այս միտքը մեզ տարավ եւ հասցրեց մեր այսօրվա առաջնախաղին:

Մենք մասնակցեցինք ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրին, ու մեր ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ, արդյունքում նախագիծը ֆինանսավորվեց ԿԳՄՍ նախարարության կողմից:

6 ամիս ընթանում էին աշխատանքները: 100 հոգով ստեղծագործական կազմը ներառված է այս նախագծում, որոնցից 60-65 հոգին արտիստներն են՝ մեր անսամբլի պարողները, երաժիշտները, Վանաձորի կամերային երգչախումբն իր ձայնագրություններով: Հատուկ ներկայացման համար հեղինակային երաժշտություն է գրել մաեստրո Անդրանիկ Ներսիսյանը, ողջ անսամբլի տարազներն են վերարտադրվել Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի կողմից: Լիլիթ Թովմասյանը հատուկ տեքստեր է գրել, որոնք ներկայացնում են հայ թագուհիներին եւ նրանց կերպարները: Տեքստերը հնչյունավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Ամբողջ ներկայացումն ուղեկցվում է անիմացիոն հոլովակներով:

Մանվել Ալեւորյանը եւ Արայի Գեւորգյանը

Ամեն թագուհուն անդրադառնալու ժամանակ նա ներկայացվում է նաեւ անիմացիայի միջոցով: Նշեմ նաեւ, որ այս մասշտաբային նախագծի հեղինակը եւ բեմադրիչը մեր անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանն է, որն այս ամբողջին պարայիկ կերպ, ձեւ եւ բովանդակություն է հաղորդել»,-ասաց Մանվել Ալեւորյանը:

Նրանից տեղեկացանք, որ ներկայացվում են 5 թագուհիներ՝ Սաթենիկը, Զարուհին, Փառանձեմ, Խոսրովանույշը եւ Կեռան թագուհին. «Ամեն թագուհին բնորոշում է հայ կնոջ մի հատկանիշ՝ ուժ, մայրություն, գեղեցկություն, ստեղծարարություն»:

«Տիրուհիներ» պարային նախագծի ղեկավարը նշեց, որ պրեմիերան 2 օր է դրված՝ նոյեմբերի 28-ին եւ 29-ին, եւ ելնելով արձագանքներից, այն կներկայացվի դեկտեմբերի 12-ին՝ արդեն աբոնեմենտային համակարգով՝ դպրոցականների համար, իսկ ֆինանսական հնարավորությունների դեպքում չի բացառվում, որ «Տիրուհիներ» պարային նախագիծը դրսում ներկայացվի:

«Պրեմիերային ընդառաջ նկատեցինք, որ ունենք հանդիսատես, որը գալիս է Վանաձոր հատուկ մեր ներկայացումը նայելու: Օրինակ, նոյեմբերի 29-ին ունենք 70 հոգի հանդիսատես, որը գալու է Երեւանից: Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ մշակութային այց կատարեն Վանաձոր եւ միաժամանակ գան ու դիտեն մեր ներկայացումը »,-հավելեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Մանվել Ալեւորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930