Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ճիշտ էր, Սարիկ Մինասյանը՝ սխալ․ փորձագետը հաստատեց՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը նրա ձեռամբ է գրվել ու ստորագրվել

Նոյեմբեր 28,2025 18:40

Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պատասխանելով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական, Aravot.am-ին տեղեկացրել էր, որ նա 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։

Որպես ապացույց՝ Արտյոմ Ղուկասյանը մեր լրատվամիջոցին տրամադրել էր նաև փաստաթղթեր, որոնցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն էր՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն էր։ Դիմումի տակ Սարիկ Մինասյանը ստորագրել էր, երկու տեղ էլ ձեռագրով գրել իր անուն-ազգանունը։

Սարիկ Մինասյանը, սակայն, կտրականապես հերքել էր իր ՀՀԿ-ական լինելը, ավելին՝ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո նա իր հերթին հրապարակել էր անձնագրում եղած իր ստորագրությունը՝ համեմատության մեջ դնելով դիմումում եղած ստորագրության հետ ու պնդելով, որ կեղծված է։

«Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել»,-ասել էր Սարիկ Մինասյանը։

Նա դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանին խնդրելով պարտավորեցնել պատասխանող Արտյոմ Ղուկասյանին հրապարակայնորեն հերքել հայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում իր կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով․

«Տեղադրել հայտարարություն, որի վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Արտյոմ Ղուկասյանս հերքում եմ Սարիկ Մինասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում Սարիկ Մինասյանի վերաբերյալ իմ կողմից կատարվել են արտահայտություններ՝ այդ թվում Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Սարիկ Մինասյանին»։

Քիչ առաջ, սակայն, libertyLLCLawFirm-ը հրապարակեց փորձագետի եզրակացությունը, որով հաստատվել է, որ Սարիկ Մինասյանն է ստորագրել և լրացրել ՀՀԿ անդամակցության դիմումը և անձնական թերթիկը։

«ՀՀ ԱՆ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից թիվ ՇԴ/0424/02/25 քաղաքացիական գործի (Սարիկ Սամվելի Մինասյանն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի, երրորդ անձ՝ ««Առավոտ» օրաթերթ»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին) շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 21-ին կազմված թիվ 14642501 եզրակացությամբ հաստատվել է՝

Փորձաքննությանը տրամադրված Սարիկ Սամվելի Մինասյանի անունից 12․06․2017թ․ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին ներկայացված «Դիմում» վերնագրով փաստաթղթում «Դիմող՝» տպագիր և «Սարիկ Մինասյան Սամվելի» ձեռագիր գրառումների միջև տեղավորված ստորագրությունը և Սարիկ Սամվելի Մինասյանի անուն, հայրանուն, ազգանունը պարունակող, 12․06․2017թ․ լրացված «Անձնական թերթիկ» «համարը 06-01-2441» վերնագրերով փաստաթղթում, դարձերեսին, «Ստորագրություն» տպագիր բառի դիմաց տեղավորված ստորագրությունը կատարվել են իր՝ Սարիկ Սամվելի Մինասյանի կողմից։

Փորձաքննությանը տրամադրված վերոհիշյալ «Դիմում»-ում և «Անձնական թերթիկ»-ում տեղավորված ձեռագիր գրառումները, բացի «3»-րդ կետում նշված գրառումներից, կատարվել են Սարիկ Սամվելի Մինասյանի կողմից։

Ի գիտություն՝ 3-րդ կետում նշված գրառումները վերաբերում են անդամատոմսի համարին և անդամակցության տարեթվին, որոնք, բնականաբար, պետք է կատարվեին կուսակցության իրավասու անձանց կողմից։

Արտյոմ Ղուկասյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Սլավիկ Պողոսյան»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930