Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում կանաչապատման, ծառահատումների թեմաներին.
Սիրելի երևանցիներ,
Վերջին օրերին շատ եմ տեսնում մեկնաբանություններ, որտեղ քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը կապում են «ծառահատումների» հետ։
Եկեք միասին պարզենք՝ սա ճշմարտությու՞ն է, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Վերջին երեք տարիներին Երևանն ունեցել է պատմական ծավալի կանաչապատում՝
▫️ Եռաբլուր — ուրբան անտառ, 15 հա
▫️ Փարոսի բլրին — ագրո անտառ, 15 հա
▫️ Համալիրին հարող լանջերին — ուրբան անտառ, 9 հա
▫️ Նորք-Մարաշի այգիներ — ուրբան անտառ, 7 հա
▫️ Նոր Նորքի 5-րդ զանգված, Դավիթ Բեկ — ուրբան անտառ, 6 հա
▫️ Աշտարակի խճուղի, Երևանի մուտք — ուրբան անտառ, 4 հա
▫️ Սարալանջ, Ագրարայինի հետնամաս — ուրբան անտառ, 4 հա
▫️ Երևանի լիճ — ռեկրեացիոն գոտի, 1.5 հա
▫️ Լյուքսեմբուրգի փողոց — այգի, 1 հա:
Էլ չեմ խոսում վերակառուցված այգիների մասին՝
▫️ Պարույր Սևակ – Դրո խաչմերուկ՝ նոր այգի
▫️ Մերգելյան
▫️ Շենգավիթ — Արագածի այգի
▫️ Դավթաշեն 1-ին թաղամաս՝ նոր այգի
▫️ Սիլիկյան և Դավթաշեն գերեզմանատների երկայնքով՝ նոր ծառուղիներ:
Այս ամենը միասին կազմում է գրեթե 60 հա նոր կանաչապատ տարածքներ, 600.000 քմ նոր կանաչապատ տարածք, 25.000 արժեքավոր ծառերով, իրենց ոռոգման համակարգով։
Վերջին երեք տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրան նախորդող 22 տարիների աշխատանքը. 2000–2022թթ. Երևան քաղաքում կանաչ տարածքներն ավելացել են ընդամենը 44 հա-ով:
Մեր իրականացրած աշխատանքի արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն չափաքանակը 2022-ի մոտ 8 քմ-ից ավելացել է, կազմելով 8.5 քմ։
ԱՀԿ-ը որպես կայուն քաղաքների առողջության ցուցանիշ խորհուրդ է տալիս մեկ շնչի հաշվով առնվազն 9 քմ կանաչ տարածք։
Մենք արդեն մոտենում ենք այդ միջազգային նվազագույն չափանիշին, և Լվովյան փողոցի հարակից զբոսայգու հիմնմամբ այն նաև կհաղթահարենք։
Երևանը տարիներով չի հասել այս շեմին, և դրա հաղթահարումը լինելու է մեր քաղաքի համար նախադեպային արդյունք։
Եվ սա փոքր փոփոխություն չէ։ Երևանի նման խիտ կառուցապատված քաղաքի համար սա իրական, չափելի ու երկար սպասված ցուցանիշ է։
Ցավոք, այս մասին գրեթե չի խոսվում։
Շեշտը դրվում է միայն մեր մայթերի ծառերի փոխարինման փոքրածավալ ծրագրի վրա, այն դեպքում, երբ երեք տարվա ընթացքում մենք փոխարինել ենք ընդամենը 4300 ծառ, հիմնականում չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող։
Շեշտում եմ՝ փոխարինել ենք, ոչ թե պարզապես հատել։
Իսկ փոխարինվել են առողջ, կենսունակ, երկար կյանք ունեցող տեսակներով։
Այսինքն՝ խոսքը ոչ թե ծառերի նվազեցման, այլ՝ անվտանգության և առողջ միջավայրի ապահովման մասին է։
Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ։
Վեդիում, Արտաշատում և ամբողջ Արարատյան դաշտում օդի որակը հիմա նույնանման վատն է։
Սա հիմնականում պայմանավորված է քաղաքների ավազանային տեղակայմամբ, ձմեռային ինվերսիայով և սեզոնային կլիմայական գործընթացներով, որոնք այս օրերին պարզապես չեն թողնում, որ օդը վեր բարձրանա և փոխվի։
Մարդածին գործոնները կարող են որոշ չափով վատթարացնել պատկերը քաղաքի ներսում, բայց ինվերսիան ինքնին տարածաշրջանային ֆիզիկական երևույթ է՝ անկախ որևէ գործողություններից։
Այո, օդի որակը հիմա լավը չէ։
Բայց կարևոր է, որ բոլորս հստակ պատկերացնենք՝ ինչից է դա առաջանում, որն է իրական պատճառը և ինչ քայլեր ենք արդեն ձեռնարկել կամ ձեռնարկելու, որպեսզի պատկերը փոխվի։
Այս թեմային անպայման շուտով կվերադառնամ և կներկայացնեմ բոլոր այն քայլերը, որոնք արել ենք և անելու ենք կառավարության գործընկերների հետ համատեղ:


















































