ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մի խումբ սրբազանների՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ասաց. «Իսկապես, շատ կարեւոր ու դաժան օրեր ենք ապրում։ Նիկոլի հանդիպումը սրբազանների հետ, ըստ էության, շատ բացահայտումներ արեց։
Այո, այդ մարդիկ այլեւս սրբազան կոչվելու իրավունք չունեն։ Այո, պետք է նրանց կարգալույծ անել։ Ես որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ, գտնում եմ, պնդում եմ, որ նման տեսակը իրավունք չունի սրբազան կոչվելու, իրավունք չունի Հայ Առաքելական Եկեղեցու որեւէ խորանի առջեւ կանգնելու եւ պատարագ մատուցելու։
Վեհափառի գործերն, իհարկե, անքննելի են, բայց ամեն դեպքում հայ հասարակությունը, ես համոզված եմ, որ նման մարդիկ պետք է կարգալույծ արվեն։ Բայց ես այսօր կարեւոր մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։ Ըստ էության, այդ սեղանի շուրջ նստածներն այն մարդիկ են, որոնց դեմքը վաղուց պետք է բացահայտված լիներ։ Եւ Նիկոլ Փաշինյանը օգնեց, որ հանրությունը իրապես տեսնի, թե ովքեր են այս մարդիկ իրականում։ Եվ եթե նույնիսկ դրանք կարգալույծ չարվեն էլ, միեւնույն է, հանրության մեջ նրանք արդեն կարգալույծ եղած մարդիկ են։
Մի շատ կարեւոր բան էլ։ Իրականում բացահայտվում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում այն մարդկանց դեմքերը, այն մարդկանց տեսակը եւ այն մարդիկ հատ-հատ, որոնք պղծելով հայրենասիրության գաղափարը, ոտնահարելով հայրենիքի, արցախահայության, մեր զինվորների, մեր պայքարի արդյունքները, այսօր գնացել՝ այդ արդյունքները թշնամուն հանձնողի ձեռքն են մեկնել։ Լինեն գեներալներ, սրբազաններ, քաղաքական տարբեր գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նրանք հատ-հատ, կամաց-կամաց բացվում են իրենց դեմքերով, իրենց տեսակով։
Նիկոլ Փաշինյանը, ում վրա որ հարձակվում է, շատ հստակ ցույց է տալիս, թե այդ որ ուժերն են, որոնց դեմ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ է դրանց դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ, դրանք այն ուժերն են, որոնք կարող են համախմբել հայ ժողովրդին եւ պայքարել իրենց իշխանությունից հեռացնելու համար։ Նրա հարձակումը Հայ Հեղափոխական Դաշնակցության վրա, առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու անդամների վրա, նրա հարձակումը ընդհանրապես ազգային ուժերի, քաղաքական գործիչների վրա, ընդամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է այդ մարդկանցից, վախենում է այդ կառույցներից։ Եվ, բնականաբար, վերեւի առաջին հարթության վրա պետք է գտնվեր Հայ Առաքելական Եկեղեցին։ Բայց ինչպես ասում են մեր ՀԱԵ իրապես սրբազանները, Հայ առաքելական եկեղեցին բազմիցս բախվել է նման դժվարությունների, բայց միշտ հաղթանակած է դուրս եկել։ Եվ Նիկոլ Փաշինյանն ու իր ճղճիմ թիմը ոչինչ է Հայ Առաքելական եկեղեցուն հաղթելու համար։
Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում՝ բոլոր տեղերում, բոլոր համայնքներում, բոլոր հնարավոր վայրերում կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, դառնալ ՀԱԵ հետեւորդը ի սրտե եւ կանգնել այն սրբազանների կողքին, որոնք չդավաճանեցին, չմիացան այս դավաճանական խմբին։ Ավելին, ամեն ժամ մենք տեսնում ենք հայտարարություններ, որ մարդիկ կողմ են այս մարդկանց կարգալույծ լինելուն եւ իրենք երբեք թույլ չեն տա, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրա նման հարձակումը որեւէ արդյունքի հասնի»,-ասաց պատգամավորը;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































