Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմից՝ ինքնություն․ Կարպետը

Նոյեմբեր 28,2025 20:30

Նարե Հակոբյանը ծնվել է Երևանում։ Բարձրագույն կրթություն է ստացել եվրոպական համալսարաններում: 2021-2024 թվականներին ուսանել է Ֆրանսիայի Université Aix-Marseille համալսարանի Թատրոնի բաժնում՝ թատերական արվեստ ուղղվածությամբ։ 2025 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Institute of the Arts Barcelona-ում Կատարողական արվեստի բաժնում:

Իր նպատակն է եղել բարձրաձայնել իր երկրի մասին և շեշտադրել այն կարևոր պատմական խնդիրները, որոնք տարիների ընթացքում ազդեցություն են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի վրա։ Արտերկրում ապրելու տարիներին նա հանդիպել է բազմաթիվ սփյուռքահայերի և հետաքրքրվել՝ ինչ տարբերություններ կան նրանց և Հայաստանում ապրող հայերի միջև։

Այդ շրջանում էլ ձևավորվել է բանավոր պատմության (oral history) ուսումնասիրության գաղափարը, քանի որ յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակության վայրից, ունի մի պատմություն, որը հաճախ կապված է պայքարի կամ մշակութային ժառանգության պահպանման հետ։ Հայաստանից բացի՝ նաև արտերկրում ապրող հայերի հետ հարցազրույցներ վարելու նպատակով Նարեն սկսել է ճանապարհորդել տարբեր երկրներում: Հարցազրույցների ընթացքում Նարեն բարձրացրել է հայերեն լեզվի, ընտանեկան պատմության և էթնիկական ինքնության վերաբերյալ մի շարք հարցեր: Իրական պատմությունների հիման վրա ստեղծված բեմադրությունը համադրում է ընտանիքի, լեզվի և ինքնության պատմություններ։

Ներկայացման մեջ Նարեի խաղընկերները ևս հայեր են՝ թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներից։ Նարեն նպատակ է ունեցել ընդգծել սերնդային, լեզվական և աշխարհագրական բազմազանությունը՝ հնարավորություն տալով ավելի խորը հասկանալ, թե ինչպես են հայկական ինքնության առանցքային սյուները՝ մշակութային արժեհամակարգը, պատմական հիշողությունը և ընտանեկան պատմությունները պահպանվում կամ փոխակերպվում տարբեր միջավայրերում։

Յուրաքանչյուր հարցազրույց անցկացվել է մասնակիցների բնակության վայրում՝ ավելի անմիջական և անձնական շփում ապահովելու համար։ Բոլոր հարցազրույցները ձայնագրվել են մասնակիցների համաձայնությամբ։

Սցենարը յուրահատուկ կերպով քարտեզագրում է տառապանքի և տոկունության ժամանակագիծը՝ ներկայացնելով հայության պատմության կարևոր դրվագները և ցույց տալով ինքնության պահպանման նշանակությունը արվեստի միջոցով։ Սցենարի առանցքային հակադրություններից մեկն այն է, թե ինչպես են հայկական ինքնությունը ընկալում Հայաստանում և սփյուռքում։

Ներկայացումը տեղի է ունենում մի հայկական գորգի վրա, որը գտնվում է բեմի կենտրոնում: «Հայաստանի սահմաններում»՝ գորգի վրա երկու կին՝ մեկը Հայաստանից, մյուսը սփյուռքից կանգնած են շրջափակման առաջ։ Ներկայացման ընթացքում նրանք պայքարում են այդ շրջափակումը հաղթահարելու համար՝ օգտագործելով հայկական ավանդական երգեր և պարեր։

Կանանց փորձառությունները, որոնք միաժամանակ և՛ անձնական են, և՛ համընդհանուր, արտացոլում են հայ լինելու բարդությունները՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր մասերում։ Երբ հերոսները փորձում են դուրս գալ գորգի սահմաններից, նրանք սկսում են նորից գնահատել իրենց ընդհանուր արմատները և մշակութային ժառանգության հարստությունը։ Ներկայացումը հայ ժողովրդի մշակույթի, համայնքի և տոկունության ոգու ուսումնասիրություն է։ Հայկական ժողովրդական երգերն ու պարերը հանդես են գալիս որպես դիմադրության ձև։ Գորգը դառնում է փոխաբերական տարածք, որն արտահայտում է հավաքական ինքնությունը, իսկ կանանց ճանապարհը՝ հայ ժողովրդի բազմազանության և տոկունության խորհրդանիշ։

Ավարտելով ուսումը Բարսելոնայի Արվեստների ինստիտուտում՝ Նարեն որոշել է ներկայացնել իր բեմադրությունը հենց Բարսելոնայում։ Նախագծի իրագործմանն օգնել են Մադրիդում բնակվող դերասանուհի Լիզա Մուրադյանը, ով Իսպանիայի RESAD թատերական դպրոցի շրջանավարտ է և Անահիտ Չոբանյանը՝ հայկական ազգագրական պարերի (ազգագրական պար) փորձառու կատարող։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 29-ին, 30-ին և հունիսի 1-ին՝ BCN studio և Tribu BCN բեմերում։

Հոկտեմբերի կեսերին Նարեն և խաղընկերները որոշել են «Կարպետը» ներկայացնել Երևանում՝ նոր գաղափարով։ Երևանյան ներկայացման ժամանակ Նարեն համագործակցել է տաղանդավոր երաժիշտ Սիփան Արծրունու հետ, ով ներկայացման ընթացքում նվագում է հայկական շվի։ Սիփանի աջակցությամբ հավաքվել է շնորհալի երգիչների խումբ և բեմադրության որոշ հատվածներում երգչախմբի կատարմամբ հնչում են հայ ազգային երգեր։ Նարեի համոզմամբ, այս բոլոր երաժշտական տարրերը նպաստել են պատմության ուժեղացմանը և զգացմունքային խորությանը։

Վերջերս երիտասարդ բեմադրիչ-դերասանուհին և իր խաղընկերները պատիվ ունեցան մասնակցել Թանջերի (Մարոկկո) Fitut թատերական փառատոնին։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր ստեղծել մշակութային փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև ջերմ և հյուրասեր մարոկացի հանդիսատեսին ու տարբեր երկրների մասնակիցների հանդիպելու համար։

Փառատոնի շրջանակներում հայազգի բազմաշնորհ երիտասարդներին շնորհվել է «Մարդու իրավունքների մրցանակը», որն ունի առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար։

 

Վ․ Ա․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930