Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցման:
«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին», – ասված է Քննչականի պաշտոնյայի պատասխանում:
«Ազատության»՝ երեկ Քննչական ուղարկված հարցման մեջ ասված էր.
«Մամուլում տարածվել է Եպիսկոպոսների հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Քննչական կոմիտեի փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Հայտարարության համաձայն, եպիսկոպոսները նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեից ստացել են փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի իսկությունը:
Կարդացեք նաև
Արդյո՞ք Քննչական կոմիտեն եպիսկոպոսներից բաղկացած հանձնախմբին ուղարկել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքները:
Արդյո՞ք փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ տեսանյութերը իրական են:
Արդյո՞ք Քննչական կոմիտեն պարզել է, թե ո՞վ է իրականացրել Արշակ սրբազանի գաղտնի տեսաձայնագրությունը, և ո՞վ է այն տարածել : Արդյո՞ք հեղինակներին գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են»:
«Ինչ վերաբերում 3-րդ կետով հայցվող տեղեկատվությանը, ապա այն չի կարող տրամադրվել՝ հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ պարունակելու պատճառաբանությամբ», – նաև ասված է Քննչականից ստացված պատասխանում:


















































