Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԱԾ մեկուսարանի դիմացից ուղիղ եթերով անդրադարձավ ինչպես իր վստահորդի մտահոգիչ առողջական վիճակին․ նրա գունատ լինելուն ու զգալիորեն նիհարելուն, այնպես էլ պահման պայմաններին։
Նա, դիմելով քրեակատարողական ծառայության պետ Թամարյանին, պահանջեց գալ ու իրեն ցույց տալ այն խուցը, որտեղ պահվում է Վարդան Ղուկասյանը։
Զարուհի Փոստանջյանը նշեց՝ ունի մտավախություն, որ այդ խուց են տեղափոխել նոր կալանավորների, որոնցից կարող է վտանգ սպառնալ իր պաշտպանյալին։
Նա հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ տարիներ առաջ տեղի է ունեցել մահափորձ, որը բացահայտված չէ։
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն ասաց՝ Աստված գիտի՝ ինչ է կատարվում այդ քրեակատարողական հիմնարկում։
Անդրադառնալով խցի պայմաններին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ զուգարանը ներսում է, այն սենյակից բաժանված է ընդամենը մեկ վարագույրով։
«Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանին որ խցում են պահում ու ում հետ են պահում։
Պարոն Ղուկասյանը դիմել էր, որ իրեն տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ պահվում են իր կարգավիճակին համապատասխան մարդիկ, մինչդեռ իր խնդրանքը մերժվել էր։
Խնդրում եմ պարզաբանել՝ ինչու է մերժվել իր խնդրանքը։ Եվ մինչև հիմա դուք ինձ չեք պարզաբանել, թե պարոն Ղուկասյանը ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններում է գտնվում խցում։
Այն պայմանները, որտեղ նա պահվում է, անտանելի են ուղղակի։
Այդ մասին որոշ տվյալներ գրավոր հայտնել եք, նաև հայտնել եք, որ նա պահվում է ծխողների հետ միասին շուրջ 15 քառակուսի մետր խցում։ Եվ այդ նույն խցում է գտնվում զուգարանը, որն անջատվում է մնացած տարածքից ուղղակի վարագույրով»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































