Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնապետի դափնիները երեւի Փաշինյանին հանգիստ չեն տալիս, ձգտում է այնպիսի միջավայր ստեղծել, որ ինչ ուզենա, անի. սրա դեմը պետք է առնել». Ժաննա Ալեքսանյան

Դեկտեմբեր 01,2025 13:00

«Նիկոլ Փաշինյանը փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքացիների խոսքի նկատմամբ, բայց իրենք իրենց փորած փոսի մեջ են հայտնվելու»,- «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների հասցեին մեկնաբանություններ անող անձանց հետապնդելու դեպքերին։

Օրերս հրապարակել ենք, որ «Առավոտի» տրամադրության ներքո տասնյակ տեղեկություններ կան այն մասին, որ սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ գրառումներ կատարած անձինք հայտնվել են իրավապահների թիրախում։ Առերեւույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Զավեշտալին այն է, որ իրավապահների թիրախում են հայտնվել սփյուռքահայերը: Օրինակ՝ Գլենդելում բնակվող Դիանա Խեչոյանի այս գրառումը՝ «Դու քեզ շատ ես համեմատում Քրիստոսի հետ, արի ազգովի քեզ խաչենք, բալքիմ այդպես պրծնենք քեզնից» մեկնաբանությունը իրավապահները համարել են վարչապետին ուղղված սպառնալիքի կոչ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ արդեն ակնհայտ է, որ խոսքի համար մարդիկ հայտնվում են բանտերում, ինչպես օրինակ, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, Միքայել սրբազանը եւս խոսքի համար է հայտնվել բանտում, նույնը տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի դեպքում։

«Մենք տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանն ուզում է տոտալ վերահսկողություն սահմանել։ Եկեղեցու դեմ այս բացահայտ ապօրինի արշավը, մթնոլորտի ապականումը, այս ամենն այդ շրջանակում պետք է դիտարկել։ Եվ սա կոչվում է նախընտրական արշավ, պատկերացնո՞ւմ եք։ Մենք Հայաստանում այդպիսի նախընտրական արշավ չէինք տեսել։ Սովորաբար նախընտրական արշավների ժամանակ մարդկանց խոստումներ են տրվում (չնայած՝ Փաշինյանը խոստումներն էլ չի պահում), խոսքի ազատության եւ դեպի լավը փոխելու մասին խոստումներ են տրվում, բայց ինքը ճիշտ հակառակն է անում, ճիշտ հակառակ ընտրարշավ է իրականացնում։  Ինչպես ասում են՝ պետք է սրա դեմն առնել,  բայց ինքը շատ լավ օգտագործում է իր լծակները, ուժային կառույցները հանում է մարդկանց դեմ։ Մենք վարչական վերահսկողության տակ ունենք կանայք, հիշո՞ւմ եք, Գյումրիի ընտրություններից հետո տարեց կանայք մեղադրվում էին ընտրակաշառք տալու գործով։ Ես սրան ասում եմ՝ թշնամական վերաբերմունք։ Ուղղակի մարդկանց նկատմամբ տոտալ թշնամական վերաբերմունք է, եւ հիմա ականատես ենք լինում գրառումների համար այդ գործերին։ Այսինքն՝ ի՞նչ, բոլորին պետք է լռեցնե՞լ, բռնապետի դափնիները երեւի իրեն հանգիստ չեն տալիս։ Ձգտում է այնպիսի միջավայր ստեղծել իր համար, որ ինչ ուզենա՝ անի, եւ ինքն իրոք, ինչ ուզում, անում է, օրենք, օրինականություն դրել է ոտքի տակ ուղղակի»,- ասաց իրավապաշտպանը։

Սրան զուգահեռ տեսնում ենք, որ պաշտպանված են իշխանության ներկայացուցիչներն եւ նրանց կողմնակիցները։ Օրինակ՝ ՔՊ-ականների կամ նրանց համակիրների ֆեյսբուքյան գրառումների տակ արցախցիների կամ հայաստանցիների նկատմամբ բռնության կոչեր կամ սպառնալից ու խտրական հայտարարություններ անողների նկատմամբ նման գործեր չեն հարուցվում։

Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ այն, որ սա միակողմանի է, եւ իշխանության ներկայացուցիչներն ու համակիրներն ազատված են այդ խնդրից, մենք դա տեսել ենք ի սկզբանե, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու վրա։

«Եվ հիմա Արայիկ Հարությունյանն ասում է՝ «շան լակոտը» համադրելի չէ սեռական հայհոյանքի հետ։ Իսկ թքելը համադրելի՞ է, որ ոչ ոք պատասխան չտվեց դրա համար։ Կամ վարչապետի խայտառակ հայհոյանքները, որոնք մենք տեւական ժամանակ լսում ենք, համադրելի՞ են։ Իրենք իրենց փորած փոսի մեջ են հայտնվելու»,- նշեց իրավապաշտպանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031