Թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Սահմանադրական դատարան դիմած Մաթեւոս Դավթյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) Սահմանադրական դատարանի առջեւ 2 հարց էր բարձրացրել. արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու միջոցով սեփականության իրավունքին միջամտություն կատարվի, այն է՝ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այդ գույքի բռնագանձման նպատակով սահմանափակվի՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից եւ դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրի այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետեւաբար՝ հիմքի հետ:
Դիմողի տեղեկացմամբ՝ վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում առկա ենթադրյալ օրենսդրական բացի պատճառով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանը հնարավորություն չի ունեցել վերացնելու «Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, 50-րդ փող., թիվ 11 հողամաս» հասցեում գտնվող անշարժ գույքի տնօրինման հետ կապված որեւէ գործողություն կատարելն իրեն արգելելու մասին 2024 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ կիրառված սահմանափակումը, որն անհամաչափորեն սահմանափակել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իր վերոհիշյալ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հիմնական իրավունքը։
Դիմողը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 2025 թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված իրավական վերաբերելի դիրքորոշումը երբեք չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ, եթե ուսումնասիրությունն սկսվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ փաստական այն պատճառաբանությամբ, որ վերոգրյալ օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դրանով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո, եւ այդ օրենքով նախատեսված համապատասխան հանցանք կատարելու համար հարուցվել է քրեական հետապնդում, եւ առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ փաստն ինքնին բավարար է «ինքնաշխատ» կամ փաստացի կերպով համարելու, որ առկա է եղել ուսումնասիրություն սկսելու՝ վիճարկվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նաեւ՝ 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքը: Նա նշում է, որ նման մեկնաբանության պարագայում բռնագանձման նպատակով միջամտություն է իրականացվում այնպիսի գույքի նկատմամբ, որը վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձը ձեռք չի բերել իրեն մեղսագրված կոռուպցիոն բնույթի հանցանքի առերեւույթ կատարման հետեւանքով։
Մաթեւոս Դավթյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու միջոցով սեփականության իրավունքին միջամտություն կատարվի, այն է՝ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այդ գույքի բռնագանձման նպատակով սահմանափակվի՝ անկախ օրենքի հետապնդած նպատակից եւ օրենքով նախատեսված հիմքից, այն է՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրի այնպիսի գույք, որը կապված չէ Իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետեւաբար՝ հիմքի հետ»:
Կարդացեք նաև
Դիմողը գտնում էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը չի նախատեսում իրավական կարգավորում առ այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը չի կարող պարունակել պահանջ այնպիսի գույքի բռնագանձման մասին, որը կապված չէ ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների եւ շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն ուղղված ուսումնասիրությունն սկսելու՝ վիճարկվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետ, անհամաչափորեն սահմանափակվում է գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այնքանով, որքանով գույքը բռնագանձելու նպատակով այդ իրավունքը սահմանափակվում է՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից եւ դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ 4 այդպիսի միջամտության ազդեցությունը կրում է այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետեւաբար նաեւ՝ հիմքի հետ»։
Սահմանադրական դատարանը մերժելով դիմումատուին, արձանագրել է, որ այս գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, բացակայում է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը, որի շրջանակներում դեռեւս կարող է լուծում ստանալ Դիմողի կողմից բարձրացված հարցադրումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2025


















































