Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմոցային հայ» մականունով ռուս լեգեոներ երաժիշտը սկսել է ղեկավարել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը

Դեկտեմբեր 01,2025 13:40

«Մշակութային լեգեոներ» երևույթը, հասկացությունը առաջին անգամ 2012 թ-ին հանդիպեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչը բազմաթիվ ընդդիմախոսներ ունեցավ։ Վերջիններս իրենց վրդովմունքն արտահայտում էին հետևյալ կերպ՝ ինչ է, մենք չունե՞նք երաժիշտներ, կամ ինչո՞ւ ոչ մերը, այլ դրսինը։ Ի վերջո` հասկացան, որ այդ խնդիրը, մեծ հաշվով, ազատ շուկայական հարաբերություններն են կարգավորում, որտեղ «իմ» ու «քո» լինել չի կարող։ Եվ վերջապես, դասական արվեստները համընդհանուր նվաճում են, և ոչ զուտ ազգային։ Մի կարևոր հանգամանք ևս՝ լեգեոներ աշխատանքի հրավիրելու, ընդունելու որոշում կայացնողը մեկն է՝ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը։

Մի թյուր կարծիք էլ էր շրջանառվում, այն է՝ լեգեոներներն իրենց երկրներում աշխատանք չունեն։ Հետագայում Aravot.am-ի ու լեգեոներների հետ զրույցներում պարզ դարձավ, որ դա այդպես չէ։ Մեկ-երկուսը հիշեցնենք, օրինակ՝ Սառա Ուրենյան, որն առաջին լեգեոներներից էր, իր երկրում՝ Իսպանիայում, ճանաչված երաժիշտ էր։ Կամ առաջին լեգեոները (2012 թ.)՝ գալարափողահար Էնրիկո Կամարասան, որը նույնպես Իսպանիայից էր, հասցրել էր ճանաչում ձեռք բերել եվրոպական շուկայում և այլն։ Նշյալ երաժիշտների ցանկը հետագայում համալրվեց արևմուտքից ժամանած տրոմբոնահար, ֆագոտահար, տուբահար և այլ մասնագիտությունների տեր լեգեոներներով։

Բայց կան երկրներ, որոնք մինչ օրս երբեք չեն օգտվում մշակութային լեգեոներական ծառայությունից, օրինակ՝ Ճապոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Սա այն դեպքում, երբ այդ երկրի ֆուտբոլային ակումբները կառուցվում են լեգեոներական համակարգի վրա։

Այսօր լեգեոներ երաժիշտներ աշխատում են նաև հայաստանյան մյուս պետական նվագախմբերում։ Բայց, որպես դիրիժոր-լեգեոներ, ընդամենը մեկ երաժիշտ է աշխատում մեր նվագախմբերից մեկում՝ Յարոսլավ Բիչկովը, որը հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասիստենտը։ Նա առաջին անգամ ֆիլհարմոնիկի դիրիժորական վահանակի առջև կանգնեց 2024 թ. մայիսի 29-ին՝ ղեկավարելով Գերմանիայից ժամանած երկու դաշնակահարների «իմպրովիզացիոն» համերգը։

Եվ քանի որ այս երաժիշտների պատմությունները միմյանցից տարբերվում են, մեր հանդիպման ժամանակ խնդրեցինք Յարոսլավին ներկայացնել Հայաստանում հայտնվելու իր շարժառիթը, մանավանդ որ այս դիրիժորին քանիցս հանդիպել ենք կվարտետի կազմում՝ որպես ալտահար։ Պարզեցինք, որ նա Մոսկվայում՝ Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում ալտի դասարանում սովորելու տարիներին հետաքրքրված է եղել դիրիժորական արվեստով։ Ավարտելուց հետո ստեղծել է կամերային նվագախումբ և որպես դիրիժոր համերգներ ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ ընթացքում ծանոթացել ու դասեր է առել դիրիժոր, Դրեզդենի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր Գեորգ Քրիստոֆ Զանդմանից։ Ապա ուսանել է Ռուսաստանի Ալեքսեյ Կոսիգինի անվան պետական համալսարանի սիմֆոնիկ դիրիժորության բաժնում՝ Վլադիմիր Պոնկինի ղեկավարությամբ։

«2018 թ. ներկա էի Ռուսաստանի ազգային նվագախմբի հերթական համերգին, որտեղ Մալերի Առաջին սիմֆոնիան աննկարագրելի բարձրարվեստ ղեկավարեց Էդուարդ Թոփչյանը, ինչը դրոշմվեց ուղեղումս։ Այդ ժամանակ որոշում կայացրի կատարելագործվել մաեստրո Թոփչյանի մոտ։ Այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս ու մի օր որոշեցի մեկնել Երևան։ Եվ այդ որոշումը, հիշում եմ, իրականացրի 2022 թ. հոկտեմբերի 22-ին»,– այսպես ներկայացրեց Հայաստանում հայտնվելու դրդապատճառը մեր զրուցակիցը։

 

Հետո հավաստիացրեց, թե երևանյան գործունեությունը սկսելուն իրեն «օգնել» է ալտը։ Ասաց, որ ընդհանուր ծանոթ է ունեցել, որի միջոցով սկզբում շփվել է, ապա բարեկամացել մեր երաժիշտների հետ՝ ջութակահարներ Արտաշես Մելիքյանի ու Լևոն Մկրտչյանի, թավջութակահար Դավիթ Ոսկանյանի, և արդյունքում ստեղծվել է «Սկերցո» կվարտետը։

Ռեպլիկին ի պատասխան՝ իսկ որպես դիրիժոր, մեր զրուցակիցը հայտնեց հետևյալը. «2024 թ. գարնանը մաեստրո Թոփչյանը Բոլշոյ թատրոնում ներկայացում էր ղեկավարելու։ Մինչ նա կմեկներ ու կվերադառնար, ինձ վստահեց անցկացնել ֆիլհարմոնիկի փորձերը։ Կարճ ասած, մաեստրոն երբ վերադարձավ Մոսկվայից, լսեց իմ ղեկավարությամբ անցկացված փորձերի արդյունքը և գոհունակություն հայտնեց»,– հավաստիացրեց Յարոսլավը։

 

Երիտասարդ դիրիժորի երևանյան հետագա գործունեությանը ծանոթ ենք արդեն։ Նա անցյալ տարի ֆիլհարմոնիկի հետ ղեկավարել է Չայկովսկու «Շչելկունչիկը»…, վերջերս էլ՝ Երևանյան միջազգային երկրորդ փառատոնի բացման համերգը, որի ընթացքում հանդես եկան ֆլեյտահարներ յոթ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ղազախստանից և այլն։

Զրույցի ընթացքում՝ հարցին, թե վերջապես իրականացրե՞լ է մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ կատարելագործվելու իր ցանկությունը, պատասխանը հակիրճ էր. «Մաեստրոյի յուրաքանչյուր փորձին ներկա գտնվելն արդեն դաս է»։

Այս օրերին երիտասարդ դիրիժորը պատրաստվում է դիմել մաեստրոյին՝ ֆիլհարմոնիկի համերգային շոու ծրագրերը համալրել ևս մեկով՝ ճապոնացի կոմպոզիտոր Դզյո Հիսաիսիի՝ կինոանիմատոր Խայաո Միյաձակիի անիմացիաների համար աշխարհում մեծ պահանջարկ վայելող երաժշտությունն ու ֆիլմերը հայաստանյան հանդիսատեսին ծանոթացնելու, ներկայացնելու համար՝ բնականաբար ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ, էկրանային համակարգի ուղեկցությամբ։

Յարոսլավ Բիչկովը զրույցի ավարտին ժպտալով ասաց. «Երաժիշտներն ինձ հաճախ անվանում են՝ ջերմոցային հայ, ինչի մեջ, ի դեպ, ճշմարտության հատիկ կա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Յարոսլավ Բիչկովը ֆիլհարմոնիկը ղեկավարելիս և «Սկերցո» կվարտետի կազմում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031