Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու գործին, անհետացան Հայաստանի տարածքային նոր զիջումների վերաբերյալ քննարկումները։ Քանի որ անկլավների հետ կապված ամենաթեժ խնդիրները չէին կարող միանգամից սառեցվել Ալիեւի կողմից, մնում է ենթադրել, որ դրանք անցել են գաղտնի բանակցությունների հարթություն։
Նույնը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի քննարկումներին, որոնց մասին քաղաքական ուժերը, ընդհանրապես ասած, բավական լոյալ են իրենց պահում: Գուցե պատճառը նախընտրական շրջանում ԱՄՆ հետ հարաբերությունները չփչացնելու մարտավարությունն է, կամ այն մոտեցումը, որ սա արդեն լուծված խնդիր է, եւ չարժե այս հարցով անիրականանալի խոստումներ տալ ընտրողներին, ինչեւէ, սա այլ քննարկման թեմա է։
Սակայն այս ընթացքում Զանգեզուրի միջանցքի հետ կապված տեղի ունեցան կարեւոր զարգացումներ, որոնք անհրաժեշտ ուշադրության չարժանացան։ Դրանցից առաջինը Նիկոլի հայտարարությունն էր միջանցքի կառուցվածքի մասին. այն սկսվելու է Մեղրու տարածաշրջանից, որտեղ կառուցվելու է ցամաքային տրանսպորտային կապը, դրանից ավելի հյուսիս կառուցվելու են խողովակաշարեր, ավելի հյուսիս՝ էլեկտրահաղորդման գծեր։ Այսինքն, Զանգեզուրի միջանցքն ընդգրկելու է այս ամբողջ լայնաշերտ հատվածը, որը դուրս է դրվելու ՀՀ ինքնիշխանության տակից։ Նիկոլը չնշեց, թե որն է լինելու Զանգեզուրի միջանցքի հյուսիսային սահմանը, սակայն ադրբեջանական քարտեզներում Զանգեզուրի միջանցքի գույնով արդեն ներկվում է մի հսկայական տարածք, որը, բացի Սյունիքից, ներառում է նաեւ Վայոց Ձորի մարզի մի հատված։ Միամտություն կլիներ կարծելը, թե այս օրերին, երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է եկեղեցու խնդիրների վրա, միջանցքի շուրջ զարգացումները դադարել են, ամեն դեպքում ինչ-որ ամերիկյան պատվիրակություններ են գնում-գալիս, բանակցում են Նիկոլի ու Ալիեւի կառավարությունների հետ, բայց դրա վերաբերյալ ադեկվատ տեղեկատվություն չի ներկայացվում։
Մյուս հետաքրքիր զարգացումը կապված է ղազախական ցորենի հետ։ Հիմա կարեւոր չէ՝ արդյո՞ք դա անասնակեր էր, կամ՝ ո՞ր նախարարն էր ուզում ուտել կեդանիների համար նախատեսված այդ սնունդը, կարեւորն այն է, որ ղազախական ցորենը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանն ամենեւին էլ շրջափակված չէ, եւ մեր ապաշրջափակման համար կարիք չկա կառուցել Զանգեզուրի միջանցք։ Այս կապի շահագործումը պարզապես Ադրբեջանի քաղաքական կամքի հարցն է, որը Հայաստան մտնող երկաթուղու համար պահանջում է մեր երկրի տարածքներից հսկայական կտորներ։ Ավելին, հիշեցինք, որ Կենտրոնական Ասիան եւս ունի Թուրքիայի միջոցով աշխարհի հետ կապող վստահելի ճանապարհ, ինչը փսկացնում է «խաղաղության խաչմերուկի» փչած փուչիկը։ Ադրբեջանն ունի Նախիջեանի հետ երկաթուղային եւ ավտո ճանապարհ Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով, Իրանի տարածքով կառուցվում է «Արազի միջանցքը», իսկ Զանգեզուրի միջանցքը լոգիստիկ տեսանկյունից իր համար կրիտիկական չէ, այլ պարզապես ավելի կարճ ու հարմար ճանապարհ է, իսկ Բաքվի հարմարության համար մենք պետք է վճարենք մեր տարածքներով։
Կարդացեք նաև
Իհարկե, Զանգեզուրի միջանցքը կրիտիկական նշանակություն ունի պանթուրքիստական աշխարհ կառուցելիս, այն հնարավորություն է տալիս բոլոր թուրքական երկրները՝ Միջերկրական ծովից մինչեւ Գոբի անապատ անխոչընդոտ իրար կապել, սակայն դա թուրքերի համար է առավելություն, իսկ մեզ համար վտանգ է, եւ մենք պետք է պայքարենք ոչ թե դրա համար, այլ դրա դեմ։
TRIPP ծրագրի հետ կապված հետաքրքիր զուգահեռներ են պարզվում Ուտիքոֆֆ-Դմիտրիեւ ուկրաինական կարգավորման շուրջ վերջերս բացահայտված բանակցություններից։ Փաստորեն, բացահայտվեց, որ Թրամփը, որպես անշարժ գույքի հմուտ բրոքեր, իր 8 կամ 10 «խաղաղությունների» ժամանակ ինքը կառույցներ ու պայմանագրեր չի ստեղծում, այլ վերցնում է ագրեսորի տված պայմանագիրը եւ այն ծախում է տուժվածի վրա (ակնհայտ է, որ սա ավելի հեշտ է, քան հակառակը), որպես հավելյալ արժեք (added value) օդից իր համար փող կպցնելով։ Միաժամանակ, ուկրաինական բանակցությունները (ինչ-որ չափով նաեւ՝ պաղեստինա-իսրայելականը) ցույց տվեցին, որ Թրամփի հետ՝ կրկին որպես հմուտ բրոքերի, կարելի է անվերջ բանակցել եւ արդյունքում գոնե ինչ-որ զիջումներ պոկել նաեւ տուժածի համար։
Հիշենք, որ TRIPP-ն անակնկալ էր բոլորիս համար, ուրեմն այն ծախելու համար Թրամփին տվել է Ալիեւը, բայց որ ավելի հավանական է՝ Էրդողանը, մինչդեռ Հայաստանն ընդհանրապես չբանակցեց եւ լռելայն ստորագրեց այդ խայտառակ թուղթը։ Նիկոլի համար շահն ակնհայտ էր՝ Ալիեւից ստանալ մինչեւ ընտրությունները զինադադար, եւ, թաքնվելով Թրամփի լայն մեջքի հետեւում, ցույց տալ որ ինքը բազմիցս մեզ դավաճանած Ռուսաստանից շարժվում է դեպի Արեւմուտք՝ դրանով քվե փախցնել Հայաստանում, իհարկե՝ նաեւ խառնելով եկեղեցին ու փորձելով այն եւս քանդել։
Աղասի Ենոքյան


















































