Ադրբեջանում երկու օր շարունակված անորոշությունից հետո լրատվամիջոցները հաղորդեցին՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին գտնվում է Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում։ Մինչ այդ՝ շուրջ երկու օր, ո՛չ հարազատները, ո՛չ կուսակիցները նրա գտնվելու վայրը չգիտեին․ հայտնի էր միայն, որ իրավապահներն անցած շաբաթ օրը խուզարկել էին ընդդիմադիր առաջնորդի բնակարանը։ «Ոստիկանները թակել են դուռը, հարևանի անունը տվել ու ներխուժել, հետո Քերիմլիի գրասեղանի դարակում դրել մի կեղծ նամակ՝ շինծու գործը կարելու համար», – հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունը, որն Ալիևների վարչակազմի դեմ պայքարում է արդեն մի քանի տասնամյակ։
Պաշտոնական աղբյուրները շուրջ երկու օր ընդդիմադիրների մեղադրանքները որևէ կերպ չէին մեկնաբանում, և միայն այսօր պարզ դարձավ, որ Քերիմլիի դեմ նոր գործ է հարուցվել՝ իշխանության բռնազավթմանը կամ պետության սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված գործողությունների համար։ Ըստ պետական լրատվամիջոցների, Քերիմլին ճաղերի ետևում կմնա առնվազն երկու ամիս՝ մինչև փետրվարի 13-ը։
Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև նրա կուսակից, «Ժողովրդական ճակատի» նախագահության անդամ Մամեդ Իբրահիմին․ վերջինիս որդին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր, որ հորը խուզարկել են 13-հոգանոց խմբով ու տարել անհայտ ուղղությամբ՝ առգրավելով նաև հեռախոսն ու համակարգիչը։
Եթե առաջադրված մեղադրանքները դատարանում ապացուցվեն, Քերիմլին ու նրա կուսակիցը կարող են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման դատապարտվել։ Ընդ որում, չի բացառվում, որ այս գործով անցնող կասկածյալների ցանկը առաջիկայում ընդլայնվի։
Կարդացեք նաև
Երկու օր է՝ անհայտ է նաև ընդդիմադիր կուսակցության համակարգող կենտրոնի անդամ Գյուլթեկին Հաջիբեյլիի գտնվելու վայրը։ Անցած շաբաթ նա Ստամբուլից ուղիղ կապ էր հաստատել «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ, հաղորդել, որ Թուրքիայի անվտանգության ուժերն իրեն ձերբակալել են, ինչից հետո կապն ընդհատվել է, և մինչև այս պահը հարազատները չգիտեն՝ տիկինը դեռ Ստամբուլո՞ւմ է, թե՞ Թուրքիայի իշխանություններն արդեն նրան արտահանձնել են։
Իշխանական աղբյուրները, մինչ այդ, պնդում են, թե ձերբակալությունների ու հետապնդումների այս նոր շղթան կապված է Ադրբեջանի երբեմնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի՝ Ռամիզ Մեհդիևի հետ։
87-ամյա Մեհդիևը, որին տարիներ իր վեր Ադրբեջանում որպես գորշ կարդինալ էին ներկայացնում, անցած հոկտեմբերին անակնկալ զրկվեց պաշտոններից ու պատվավոր կոչումներից, հետո էլ տնային կալանքի դատապարտվեց՝ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։ Իրավապահները պնդում են, թե Հեյդար Ալիևի օրոք նրա աշխատակազմը ղեկավարած, հետո նաև Անվտանգության խորհրդում աշխատած Մեհդիևը համագործակցել է Ռուսաստանի հետ ու փորձել Մոսկվայի աջակցությամբ Իլհամ Ալիևի իշխանությունը տապալել։
«Իրավապահներն այս մեղադրանքները հավաստող նամակներ, ձայնագրություններ ու փաստեր են գտել Ալի Քերիմլիի բնակարանից», – հաղորդում է APA գործակալությունը, մանրամասնելով՝ հեղաշրջման սցենարը գրվել է ավելի քան 10 տարի առաջ՝ 2012-23 թվականներին, երբ Մեհդիևի մերձավոր ընկերը՝ Աբաս Աբասովը, Ռուսաստանում հիմնել է «Ադրբեջանական կազմակերպությունների միավորումը», ապա ֆինանսավորել ընդդիմադիրներին, այդ թվում՝ Ալի Քերիմլիին ու փողոց դուրս եկող ցուցարարներին։
Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, աղմկահարույց այս փաստերը ռուսական կողմն է փոխանցել Բաքվին՝ հոկտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ։ Հանդիպում, որի հրապարակային հատվածում Կրեմլի ղեկավարն ակնհայտորեն փորձում էր սիրաշահել Ալիևին՝ Ռուսաստանի մեղքով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո սրված հարաբերությունները բարելավելու համար։
Հիմա՝ այդ հանդիպումից ամիսներ անց, ադրբեջանական մամուլը գրում է, թե «ջրի երես են դուրս եկել Մեհդիևի տան հեռախոսային զրույցների՝ շոկի ենթարկող մանրամասներ»։ Նույն աղբյուրները ժամեր առաջ նաև հաղորդեցին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Մեհդիևի որդին ազատվել է արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից։ «Ինչպես հայտնի է՝ Պետական անվտանգության ծառայությունը անլուրջ ու անհիմն զրույցներով չի զբաղվում», – պնդում է APA-ն։
Ընդդիմությունից հակադարձում են՝ ոչ թե Քերիմլին, այլ Ալիևների ընտանիքն է տասնամյակներ շարունակ բացահայտ համագործակցել Մեհդիևի հետ՝ աչք փակելով նրա կողմից պաշտոնի չարաշահման ու կոռուպցիայի վրա։ «Այսօր ընդդիմության անունը կապելով Մեհդիևի ու նրան առաջադրված մեղադրանքների հետ՝ իշխանությունը փորձում է Ալի Քերիմլիին հեղինակազրկել», – հայտարարել է Ժողճակատը՝ հավելելով. –
«Մի երկրում, ուր քաղաքական գործունեությունը գրեթե ամբողջությամբ արգելված է, իսկ քաղաքացիական ազատությունները՝ խիստ սահմանափակված, սա ևս մեկ քայլ է՝ քաղաքական բռնաճնշումները սաստկացնելու համար»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:



















































