«Այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և դուք արդեն գիտեք, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրական ուղղությամբ զարգացում է»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ սեպտեմբերին Երևանում՝ հայաստանյան 4 լրատվամիջոցների հետ համատեղ հարցազրույցում հայտարարեցիք, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը պատմական պահ է Հայաստանի համար, բայց տեսնում ենք, որ օգոստոսի 8-ից հետո էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր սովորական հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ «Այսօրվա Հայաստանը մեր հողն է» և հարցին՝ սեպտեմբերին Դուք նաև այցելել էիք Աղդամ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է խաղաղություն հաստատել այս մթնոլորտում և ի՞նչ գործիքակազմ ունի ԵՄ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
ԵՄ հանձնակատարը հայտնեց, որ նաև այցելել է Բաքու ու նշեց․ «Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես ձեր նախագահի և ձեր վարչապետի հետ։ Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդանշաններ ստացա։ Ադրբեջանը նույնպես լուրջ է վերաբերվում խաղաղությանը»։
Օրինակ բերելով ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու այցը, Մարթա Կոսն ասաց, որ դա նախկինում հնարավոր չէր լինի։ Հիմնավորելով իր հայտարարությունը, որ հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, հանձնակատարն ասաց․ «Դա նաև Թուրքիայի դերակատարությունն է։ Վաղը հանդիպելու եմ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, և մենք սերտ կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումների հարցով։ Գուցե այս ամբողջ աշխարհաքաղաքականությանն արտաքինից հետևելով՝ կարող եք կասկածել՝ արդյոք մտադրություններն իրակա՞ն են։ Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսպիսով, խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը կրկին շատ ավելին է, քան պարզապես ձեր երկու երկրների միջև խաղաղությունը, այն վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը։ Ահա թե ինչու ես շատ, շատ դրական եմ տրամադրված։ Այո, մեզ դեռ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, բայց մենք՝ բոլորս, այդ թվում՝ Եվրամիությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ։ Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և հույս ունենք»։
Aravot.am-ը նկատեց՝ եթե ՀՀ-ն խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, չի բացառվում, որ ռուսական կողմից կիրառվեն ինչ-ինչ պատժամիջոցներ, մանավանդ, որ ՀՀ-ն ունի տնտեսական և էներգետիկ կախվածություն ՌԴ-ից և եթե միայնակ մնա այդ պատժամիջոցներին դիմակայելու հարցում, ապա հնարավոր է տնտեսական ճգնաժամի առաջ կանգնի և հարցին՝ ի՞նչ աջակցություն է պատրաստ ԵՄ-ն տրամադրել ՀՀ-ին, Մարթա Կոսը պատասխանեց․ «Գիտեք՝ նախ պետք է տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Մենք արդեն հիմա օգնում ենք ձեր երկրին․ որքան ավելի հզոր լինեք տնտեսապես, այնքան ավելի շատ կունենաք ինստիտուտներ, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել ձեր երկիրը և ձեր ժողովրդավարական զարգացումը, որքան շատ ունենաք ազատ և անկախ լրատվամիջոցներ, որքան ուժեղ լինի ձեր քաղաքացիական հասարակությունը, այնքան ավելի ունակ կլինեք դիմակայել:
Կարդացեք նաև
Գիտեք, ես խոսում եմ նաև այն փորձառությունից, որը մենք ունեցել ենք Մոլդովայում, օրինակ: Երբ ես որոշեցի, որ մենք որպես Եվրոպական հանձնաժողով կաջակցենք Մոլդովային, դա այդքան էլ հեշտ չէր։ Մի անգամ ես հարց ստացա լրագրողից՝ հիմա դուք միջամտում եք, ԵՄ-ն միջամտում է Մոլդովայի ներքին գործերին: Իրո՞ք: Ես պատասխանեցի՝ ես դա չէի անվանի միջամտություն, այլ ներդրում, որ Մոլդովան կարողանա պայքարել իր ժողովրդավարության համար: Օրինակ, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից, մենք՝ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միությունն այդ ժամանակ որոշեց նույնիսկ չխնդրել նրանց մնալ, որովհետև մենք վախենում էինք, որ ինչ-որ մեկը մեզ կասի, որ միջամտում ենք:
Վերադառնալով Ձեր հարցին՝ ինչ էլ որ մենք անենք այսօր, դա նաև նպաստում է, որ ձեր երկիրը լինի ավելի ուժեղ՝ դիմակայելու Ռուսաստանին կամ լինի ավելի դիմակայուն: Դուք հատուկ իրավիճակում եք, գիտեք, դուք ապրում եք շատ դինամիկ հարևանությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բրյուսել


















































