Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Գործը պայծառատեսության ժանրից է: Նախաքննության մարմինն առաջնորդվում է ենթադրություններով, լսում է «Չախալյան», ենթադրում, որ խոսքը Վահագն Չախալյանի մասին է. փաստաբան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2025 11:16

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշեց եւս երեք ամսով երկարացնել Վահագն Չախալյանի նկատմամբ նշանակված խափանման միջոց կալանքի ժամկետը: Դատարանն ինչպես իր նախկին, այնպես էլ ներկայիս որոշմամբ գտավ, որ դատավարության տվյալ փուլում արձանագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները «ողջամտորեն բավարար են՝ հիմնավորված համարելու Վահագն Ռուբենի Չախալյանի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ ահաբեկչություն հանցագործությանը»: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Չախալյանի շահերի պաշտպան, փաստաբան Վրեժ Խաչիկյանը: Նա նաեւ նկատեց. «Բնականաբար, դատավարության սույն նախնական փուլում դատարանը դիտարկել է մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած տեղեկությունները եւ փաստական տվյալները, մինչեւ որ հետագայում դատաքննության փուլում կուսումնասիրվեն բոլոր ապացույցները»:

– Ի՞նչ տեղեկությունների եւ փաստական տվյալների մասին է խոսքը:

– Երբ հանրային մեղադրողներն ասացին, որ Վահագն Չախալյանի կալանքը երկարացնում են, որովհետեւ նա կարող է խոչընդոտել վարույթի ընթացքին, ես հստակ խնդրեցի դատարանին, որ վերջինս հարց ուղղի, թե կոնկրետ որ պարագայում կարող է Չախալյանը խոչընդոտել գործին: Կարո՞ղ է ազդել վկաների վրա կամ այլ ձեւով ազդել գործի ընթացքի վրա: Իմ հարցը մնաց անպատասխան, ոչինչ չպատասխանեցին, ոչինչ չհիմնավորեցին: Դատարանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ վերջինս կարող է ազդել վկաների վրա, սակայն բոլոր վկաներն այժմ դրսում են, բացառությամբ՝ երեք անձի: Վկաների հետ խոսելիս Վահագն Չախալյանի մասին որեւիցե հարցադրում չի արվել, առերեսում չի կազմակերպվել, ի՞նչ վկաների վրա ազդելու մասին կարող է խոսք լինել: Եթե վկաները ցուցմունք չեն տվել, չեն առերեսվել, ինչպե՞ս կարող է նման բան լինել: Պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ Չախալյանի հետ երբեք առնչություն չեն ունեցել, նա եւս փաստել է, որ Չախալյանը լրիվ անմեղ է, որ կողմերի միջեւ անգամ շփում չի եղել: Հետաքննության մարմինը խոսում է ձայնագրությունների մասին, սակայն հայտնի է, որ Բագրատ սրբազանի հետ կապված ձայնագրությունները մոնտաժված են: Ես այժմ կարող եմ եւս մեկ անգամ վկայակոչել այն բառերը, որոնք վերագրվում են Վահագն Չախալյանին: 600 էջի մեջ նրան միայն հետեւյալն է վերագրվում: Ընդ որում՝ զավեշտն այն է, որ անգամ անուն չի նշվում, միայն Չախալյան ազգանունն է հնչում: Ձայնագրառումը կատարած քննիչն ասում է՝ զանգել են, խոսել են Վահագն Չախալյանի հետ: Ասում եմ՝ որտեղի՞ց գտաք Վահագն անունը, եթե ձայնագրության մեջ չկա, գործի նյութերում չկա: Ձայնագրության մեջ Բագրատ սրբազանը հարց է տալիս, ասում է՝ «Ժորա անցանք, Չախալյան», վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ նրանք ցանկացել են ահաբեկչություն կատարել, Չախալյանն էլ Վահագն Չախալյանն է: Այս աշխարհի երեսին, փաստորեն, ուրիշ Չախալյան ազգանունով մարդ գոյություն չունի: Ընդհանուր պատկերը սա է: Ֆանտաստիկա է, այս գործը պայծառատեսության ժանրից է: Նախաքննության մարմինն առաջնորդվում է ենթադրություններով, լսում է «Չախալյան», ենթադրում է, որ խոսքը Վահագն Չախալյանի մասին է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031