Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դեկտեմբեր 02,2025 15:11

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, իրավապահները նրան մեղադրում են դատական ակտը չկատարելու մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին է հանրային քրեական հետապնդում հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

Քրեական վարույթը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հայցի ապահովման կիրառման պայմաններում գույքի օտարմանը։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, ոչ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:

«Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին: Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 միլիոն 850 հազար եվրոյով վաճառել են», – նշեցին դատախազությունից՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0041/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ:

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Ի դեպ, արգելանքի տակ գտնվող գույքի օտարումը կարծես թե նոր պրակտիկա չէ, հիշենք՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որն առեղծվածային պայմաններում մեկ գիշերում վաճառվել է իշխանական օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Այս դեպքում, սակայն, իրավապահներն այդպես էլ չեն բացահայտել, թե ինչպես է ստացվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաշվեկշռում որպես արգելադրված գույքը վաճառվում է, բայց այդպես էլ որևէ պաշտոնյա՝ ՀԿԿ-ից կամ դատախազությունից պատասխանատվության չի ենթարկվել։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031