Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, ԵՄ-ի հետ համագործակցությունը մտնում է նոր փուլ»․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 02,2025 16:18

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել ԵՄ-ՀՀ գործընկերության համար։ Սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ որլորտներում աշխատելու համար, աջակցելու ձեր բարեփոխումները, որոնք ուղղված են նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի, վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտներում»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գլխադասային գրասենյակում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ: Լրագրողների հետ զրույցում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել էր, որ կունենանք ավելի ուժեղ անվտանգային և պաշտպանական համագործակցություն, ու աջակցությունը ՀՀ-ին կլինի ոչ միայն տնտեսապես, այլև առաջխաղացման առումով։

Նոր ռազմավարական օրակարգում երեք ամենակարևոր հենասյուներ կան։ Առաջինը ամրապնդված անվտանգային և պաշտպանական համագործակցությունն է, ոլորտային համագործակցությունը և վիզաների ազատականացումը։ Նաև նախատեսվում է աջակցություն ՀՀ-ին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն՝ ապատեղեկատվությանը հակազդելու կամ կիբերանվտանգության հարցում օգնելու առումով։

Կայա Կալասը ասուլիսի ժամանակ կարևորեց նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և վստահեցրեց՝ այդ հարցում ունեք ԵՄ աջակցությունը։ Նա նաև հայտարարեց․ «Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որն ուղղվելու է դեպի խաղաղությանը և ավելի դիմակայուն ՀՀ-ն»։ Նաև մանրամասնեց՝ տրամադրվելու են ականարզերծման գծով սարքավորումներ, իրականացվելու են վերապատրաստումներ։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստեղծելու համար սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը։ Դրա առաջընթացը տեսնում ենք գործողությունների ծրագրի տեսքով։ Դրա իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակություն և ի վերջո կհասնենք առանց վիզա ճամփորդելու հնարավորության։ Մյուսը անվտանգության և պաշտպանական ոլորտում ընդլայնման համագործակցությունն է։ Առաջին մասը ՀՀ-ն ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում․ դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար։ Տնտեսությունը և բարեփոխումները, դիմակայության և աճի ծրագիրը չափազանց կարևոր է համագործակցության համար և ռազմավարական ոլորտում ներդրումներն ավելացնելու համար։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդի ՀՀ-ի դիմակայունությունը։ Չորրորդ բաղադրիչը կապակցվածությունն է։ Քննարկել ենք նաև ակտիվ աշխատանը TRIPP ծրագրի իրականացման ուղղությամբ։ Լրացուցիչ պոտենցիալ քայլերը՝ այդ թվում ՀՀ- Թուրքիա սահմանի բացումը և ենթակառուցվածքների մեխանիզմի ծրագրի իրականացումը կարող են փոխել տնտեսական ու քաղաքական ճարտարապետությունը ամբողջ տարածաշրջանում։ Քիչ առաջ ստորագրվեց ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ռազմավարությունը, և մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031