«Այս ամենը սկսվել է 8-9 տարի առաջ, դրա հետեւում կանգնած է Բրիտանիան: 2025թ. կարծեմ առաջին եռամսյակում Չաթըմ Հաուսը տպագրեց 250 էջանոց մի նյութ, որտեղ նշված էր, որ այս երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, որպեսզի պրոռուսական չլինեն, այլեւայլ աշխարհաքաղաքական գործոններից բացի, գոյություն ունի նաեւ եկեղեցու գործոնը»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավին:
«Նրանք 2013-2014թ. մոգոնել են եկեղեցու մի նոր տարբերակ, որ արեւելյան եկեղեցիները պետք է ունենան, այդ եկեղեցու անունն է հունակաթոլիկ եկեղեցի: Այն թույլ կտա հայերին, մոլդովացիներին, ուկրաինացիներին, բելառուսներին եւ ինչու չէ՝ ապագայում նաեւ ռուսներին, պահպանել ավանդույթները, բայց որդեգրել կաթոլիկ եկեղեցու կանոնակարգերը: Սա հայտնի բան է, որը տպագրել է Չաթըմ Հաուսը: Եվ հանկարծ Վատիկանը պարտնյոր է տեսնում մահմեդական Ադրբեջանին: Հռոմի պապը գնաց Ստամբուլ, մտավ հայկական եկեղեցի, դրանով ուզում էր ցույց տալ, որ ձեր եկեղեցին կմնա հայկական… Այնուամենայնիվ, ամենաուժեղ ճնշումը գալիս է մահմեդական Ադրբեջանի կողմից, ասում է՝ ձեր եկեղեցին լավ եկեղեցի չէ»,-հավելեց Բագրատյանը:
«Նիկոլ Փաշինյանն իր ստացած հանձնարարությունն է կատարում ու հանկարծ հիշում է, որ կաթողիկոսը կուսակրոն չէ: Ի դեպ, կաթողիկոսի հետ կապված կուսակրոնության թեմա չունենք, եւ այս 5-6 ամսվա հալածանքները, հաշիվները ստուգելը ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ շատ էլ մաքուր եկեղեցի ունենք, բան չեն գտել վրան… Արեւմուտքը համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի հերքիում ճնշել Հայ Առաքելական եկեղեցուն, փոխել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Դրա համար հիմա էլ անցել է մյուս տարբերակին՝ մի քանի դավաճան գտեք եկեղեցու միջից, կհավաքվեն ու կհայտարարեն նոր եկեղեցի ստեղծելու մասին եւ նոր կաթողիկոսի… Ի դեպ, կոչ կանեի Արամ Ա-ին ավելի ջանասիրությամբ պաշտպաներ Գարեգին Բ-ին»,-նշեց ՀՀ նախկին վարչապետը:
Դառնալով Նիկոլ Փաշինյանի մոտ գնացած սրբազաններին՝ նշեց, որ չի ուզում բոլորին անդրադառնալ, բայց մտահոգված է, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանն է այնտեղ եղել: «Այդտեղ է եղել Վրթանես սրբազանը… Այս մարդը կարծես ադրբեջանցիներից իմացած լիներ, որ բլոկադա է լինելու, եկավ բուժվելու, հետո ասաց, որ փակ է, չի կարող վերադառնալ: Արցախի ղեկավարությունը մի 10 անգամ ասել է՝ կարո՞ղ եք մի բան անել, թեմի առաջնորդը գա, գոնե մեկ-մեկ այս եկեղեցիների զանգերը ղողանջեն: Առանց զանգերի ղողանջի ժողովուրդը դուրս եկավ Արցախից, նա հիմա էլ պարտավոր է Գանձասարին, Դադիվանքին եւ մյուս վանքերին տիրություն անել, բայց դրա փոխարեն զբաղված է կաթողիկոսի դեմ մուտիլովկաներով, նույնն էլ հայտնի Բենթլին՝ արքեպիսկոպոս Կճոյանը…
Կարդացեք նաև
Ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կանցնի, հավատում եմ մեր կաթողիկոսի ուժին ու կամքին, անձամբ դա գիտեմ»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
Նաեւ Գարեգին Բ-ին կոչ արեց կարգալույծ անել իր դեմ դուրս եկած սրբազաններին. «Իմ կարծիքով Վեհափառ հայրապետը պետք է արագորեն իր կողմը հավաքի եպիսկոպոսներին, որոնք իրեն հավատարիմ են, իսկ ավելի քան 80 տոկոսն այդպիսին է, հատկապես աշխատի քահանաների ու աբեղաների հետ: Ինքը նաեւ պետք է կարգալույծ անի Վրթանես Սրբազանին եւ մյուսներին, կարգալույծ անի ու ազատվի այդ մարդկանցից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































