«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցի «գիտնականներին» հիշեցրել էր այն ուղենիշները, որոնցով վերջիններս պետք է առաջնորդվեն՝ իրենց հետազոտություններն իրականացնելիս, հոդվածներն ու քարտեզները հրապարակելիս։ Դրա հիմնական նպատակն է հերքել հայկական պատմական ներկայությունը տարածաշրջանում կամ յուրացնել վերջինիս մշակութային հարուստ պատմությունն ու ժառանգությունը։ Բաքվի քարոզչական այս թեզերի տարածման ու իրագործման գործում ներգրավված են ոչ միայն ադրբեջանցի, այլև՝ արտասահմանցի գիտնականներ ու հետազոտողներ։
ԱՄՆ-ի Թենեսիի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր 82-ամյա Մայքլ Գանտերի ակադեմիական հետազոտությունների կենտրոնական թեման եղել են քրդերը, որոնց վերաբերյալ հրատարակել է բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ։
Գանտերը զբաղվել է նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ, սակայն ակադեմիական շրջանակներում, հատկապես՝ ցեղասպանագետների շրջանում, հայտնի է իր կանխակալ և ժխտողական մոտեցումներով։
2011 թվականին լույս է տեսել Գանտերի «Հայոց պատմությունը և ցեղասպանության հարցը» վերնագրով գիրքը։ Դրա վերաբերյալ ժամանակին գրախոսություն է գրել Երուսաղեմում Հոլոքոսթի ինստիտուտի նախկին տնօրեն, հռչակավոր ցեղասպանագետ Իսրայել Չառնին (1931-2024 թթ․), ով հեգնանքով ընդգծել է․ «Սա երբևէ տեսածս լավագույն ժխտողական (նկատի ունի՝ Հայոց ցեղասպանության) աշխատությունն է»։ Գանտերն ընդունում է, որ սպանություններ եղել են, բայց, ըստ նրա, դրանք ընդունելի անվտանգային միջոցառումներ էին՝ ընդդեմ հայ ապստամբների։
Կարդացեք նաև
Վերջին շրջանում Գանտերը լծվել է նաև Ադրբեջանի պաշտոնական քարոզչական թեզերի լոբբինգին, ինչն իրականացնում է ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի ուսումնասիրության քողի տակ։ Գանտերը մեկ այլ հայտնի հետազոտողի՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած Հաքան Յավուզի հետ միասին ակտիվորեն կազմակերպում և մասնակցում է ադրբեջանական հովանու ներքո անցկացվող միջոցառումներին։
2020 թվականի պատերազմից հետո Գանտերն արդեն հասցրել է մասնակցություն ունենալ հակահայկական բովանդակությամբ չորս գրքերի հրատարակությանը՝
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ պատմական և քաղաքական հեռանկարներ»․ 2022, խմբագիրներ՝ Հաքան Յավուզ, Մայքլ Գանտեր,
«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ պատճառներ և հետևանքներ»․ 2023, հեղինակներ՝ Հաքան Յավուզ և Մայքլ Գանտեր,
«Հեյդար Ալիևը և արդի Ադրբեջանի հիմքերը»․ 2024, խմբագիրներ՝ Հաքան Յավուզ, Մայքլ Գանտեր, Շամխալ Աբիլով։
«Մոռացված արտաքսում․ հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանությունները Կովկասում 20-րդ դարում»․ 2025, հեղինակներ՝ Մայքլ Գանտեր, Ալի Ասկերով։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ու քաղաքական հեռանկարները» գրքում հեղինակները տարածում են ադրբեջանական պաշտոնական խոսույթները՝ ընդհանուր քաղաքական և քարոզչական գծի շրջանակում։ Գրքի վերաբերյալ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանը նշել է․ «Գրքում ցեղասպանություն բառը կիրառվում է չակերտներում՝ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն», «ենթադրյալ ցեղասպանություն», «ցեղասպանության մասին պնդումներ» և այլ ձևերով»։
Հեյդար Ալիևին նվիրված գրքում Գանտերը հանդես է գալիս և՛ որպես խմբագիր, և՛ որպես հեղինակ։ Վերջինս Հեյդար Ալիևին համեմատում է Աբրահամ Լինքոլնի և Շառլ դը Գոլի հետ։ Բացի Հեյդար Ալիևից՝ պրոֆեսոր Գանտերը հիացած է նաև Իլհամ Ալիևով։
2022 թվականի ապրիլին Գանտերը Բաքվի ADA (Azerbaijan Diplomatic Academy) համալսարանում մասնակցել է «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» խորագրով գիտաժողովին, որին ներկա է եղել նաև Ալիևը։
Ալիևներին գովերգելու մոլուցքով տարված՝ Գանտերն Իլհամ Ալիևի անգլերենի իմացությունը համեմատում է անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անգլերեն լեզվի իմացության հետ․ «Տպավորված եմ ձեր նախագահով։ Երեք ժամ շարունակ պատասխանել է մարդկանց հարցերին։ Բազմաթիվ համեմատություններ է արել։ Նախագահ Ալիևը անգլերեն շատ լավ է խոսում։ Եթե համեմատելու լինենք, անգամ մեր նախկին նախագահ Թրամփից լավ է խոսում»,- ասել է Գանտերը։
Գանտերի վերջին աշխատանքն ադրբեջանցի Ալի Ասկերովի հետ համահեղինակությամբ է։ Brill հրատարակչությունը 2025 թվականի սեպտեմբերի վերջին հրատարակել է նրանց հեղինակած «Մոռացված արտաքսում» գիրքը: Այստեղ նշված է, որ 20-րդ դարում հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանության չորս ալիք է եղել՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953, 1988-1989 թվականներին։ Գրքի համար որպես սկզբնաղբյուր ծառայել են Ասկերովի հիշողությունները։ «Մեր բնօրինակ աղբյուրների նշանակալի մասը Ալի Ասկերովի անձնական հիշողություններն են»,- նշում են հեղինակները։
Ասել է թե՝ Գանտերն ու իր գործընկերները սահմանել են գիտության համար անհայտ նոր սկզբնաղբյուր՝ ի դեմս ադրբեջանցի կանխակալ գիտնականների անձնական հիշողությունների։
Հատկանշական է, որ ժխտողական բնույթի աշխատանքների իրականացումը Գանտերը հիմնավորում է հետևյալ կերպ՝ արևմտյան պատմագրության մեջ գերիշխում է հայկական տեսակետը, և անհրաժեշտ է լուսաբանել նաև մյուս կողմը։ Այսպես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքում Գանտերը գրում է, որ ցանկացել է ներկայացնել թուրքական տեսակետի օբյեկտիվ վերլուծությունը։
Գանտերի և Յավուզի գրքերը գրախոսում է նրանց գործընկեր-հեղինակ պրոֆեսոր Էդվարդ Էրիկսոնը։ Փաստական աղբյուրներից զուրկ և քարոզչանյութ հանդիսացող այդ հորինվածքի՝ Հայաստանից շուրջ մեկ դար «ադրբեջանցիներին վտարելու» գրքի մասին Էրիկսոնը նշում է, որ գիրքն անհրաժեշտ է «հավասարակշռելու հայակենտրոն պատմագրությունը, որը դուրս է մղել ադրբեջանցիների ծանր կացությունը»։
Վերջին հրատարակությունն Ադրբեջանի իշխանությունների «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական նախագծի համատեքստում է։ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ադրբեջանցիներին Հայաստանից վտարելու մեջ և պահանջում է ապահովել նրանց «վերադարձը»։
Վաղուց արդեն հայտնի է, որ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի համար Բաքուն հսկայական միջոցներ է հատկացնում՝ ստեղծելով կառույց, համայնք, հեռուստատեսություն, հրատարակում գրքեր, կազմակերպում համաժողովներ և ցուցադրություններ։ Վերջերս «OC Media»-ն հրապարակել է մի նյութ՝ հղում անելով արտահոսած փաստաթղթերին, նշելով, թե ինչպես է այս նախագիծը ֆինանսավորվում անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։
Այսպիսով՝ դատելով այն ինտենսիվությունից, որով աչքի է ընկնում Գանտերը, կարող ենք պնդել, որ նրա՝ նման գործունեությունը պատահականություն չէ, այլ՝ Բաքվի շրջանակների հետ սերտ համագործակցության և համակարգման դրսևորում՝ ուղիղ կամ միջնորդավորված։


















































