Aravot.am-ի տեղեկություններով նոյեմբերի 14-ին «Radio Aurora»- ի ֆեյսբուքյան էջում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի նկարի տակ մեկնաբանություն թողած Արթուր Մաթեւոսյանի նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի իր մեկնաբանության համար:
Քաղաքացին պատգամավորի նկարի տակ այսպիսի մեկնաբանություն է թողել. «Էս ցնորքը շաղ տվող աղբը Աստծուց չի՞ վախենում… իր ծնող, երեխեք, թոռ արյունով են պատասխան տալու ու ցանկացած հայասպան , թուրքի ու ազեր շան սպասարկող, հարեմածին պատասխան է տալու…Նիկոլից քոռ բոլորն ունեն իրենց բաժինը ու հավատում եմ՝ նրանք արժանանալու են եւ Աստծո դատին, եւ հայի դատ ու անեծքին»:
Քաղաքացու այս գրառումը իրավապահները դիտարկել են զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականին հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ուղղված Արթուր Հովհաննիսյանի շատ ուղիղ սպառնալիքը՝ «լեզուդ կկտրեմ, ականջներն էլ հետը» արտահայտությունները քրեական հետապնդման չարժանացան, իսկ այ պատգամավորին ուղղված քաղաքացու վերացական այս մեկնաբանության մեջ իրավապահները լուրջ սպառնալիք են տեսել:
Մեր տեղեկություններով facebook սոցիալական կայքի մեկ այլ օգտատեր՝ Հակոբ Ասատրյանը նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում:
Կարդացեք նաև
Նա էլ նոյեմբերի 16-ին է «Radio Aurora»-ի ի ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն թողել՝ «Էս պիղծերը էլի հավաքվել են» : Այս մեկնաբանությունն էլ իրավապահները դիտարկել են զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ եւ կրկին առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































