Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» 3-րդ հատորը. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 02,2025 21:33

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը գրեթե երեք տասնամյակ իրականացնում է ռազմավարական դատավարություններ՝ նպատակ ունենալով նպաստելու մարդու իրավունքների համակարգային մեխանիզմների ձևավորմանը։ Դատական նախադեպերի և ձևավորվող իրավական պրակտիկայի միջոցով կազմակերպությունը ձգտում է այնպիսի մոտեցումների ամրապնդմանը, որոնք հիմք կհանդիսանան օրենսդրական, ինստիտուցիոնալ և օրենսդրության կիրառման բնագավառներում փոփոխությունների իրականացման համար՝ հասնելու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հզորացմանն ու ամրապնդմանը։

02․12․2025թ․, տեղի ունեցավ «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» հետազոտության 2017-2025թթ․ 3-րդ հատորի ներկայացումը։

Բացման խոսքով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայաստանում Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթը։

Էվա Սունդքուիսթը նշեց, որ Շվեդիան, արժևորելով մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, կարևորում է թե՛ ռազմավարական դատավարությունների միջոցով համակարգային փոփոխությունների իրականացումը, թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով ՀՔԱՎ-ի կատարած հսկայական աշխատանքը ոլորտում։

Առաջին հետազոտությունն իրականացվել է 2011թ.-ին, որի շրջանակներում ուսումնասիրվել են 2001-2011թթ․ իրականացված թվով 20 ռազմավարական դատավարություններ, իսկ երկրորդը՝ 2018թ․-ին, որի շրջանակում ուսումնասիրվել են 2011-2017թթ․ իրականացված թվով 37 դատավարություններ։

Տարիների ընթացքում իրականացված ռազմավարական դատավարությունները ընդգրկել են մարդու հիմնական իրավունքների գրեթե ամբողջ շրջանակը՝ • կյանքի, • խոշտանգումների արգելքի, • անձնական ազատության, • արդար դատաքննության, • անձնական կյանքի հարգանքի, • արտահայտվելու և հավաքների ազատության, • տեղաշարժի ազատության։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց իր ռազմավարական գործերի երրորդ վերլուծությունը։ Ուսումնասիրությունը իրականացվել է իրավաբան-փորձագետներ Արա Ղազարյանի և Հայկ Դավթյանի կողմից՝ կազմակերպության պատվերով։

Ուսումնասիրության շրջանակում գնահատվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված 33 ռազմավարական դատավարություններ։

Գնահատվել է ոչ միայն գործի ելքը, այլև այն, թե ինչ արժեքային ու հասարակական նշանակություն ունեցող հարցեր են բարձրացվել դատավարությունների ընթացքում, և ինչ ազդեցություն է ունեցել դրանց ընթացքն ու արդյունքները օրենսդրության, իրավական պրակտիկայի, իրավաբանության, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման վրա։

Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից 14-ում հաջողվել է լիարժեք վերականգնել խախտված իրավունքը՝ ապահովելով բարենպաստ ելք։ Եվս 8 գործում արձանագրվել է մասնակի բարենպաստ արդյունք, իսկ 10 գործերում դատավարությունն ավարտվել է բացասական ելքով, երբ իրավունքը չի վերականգնվել։ Մեկ գործ դեռևս ընթացքի մեջ է։

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրած 33 գործերից 31-ը՝ այսինքն 93 տոկոսը, կրել են ռազմավարական նշանակություն։

Այս տարիների ընթացքում կազմակերպությունը ընտրել է այնպիսի դատական գործեր, որոնցում բարձրացված հարցի լուծումն արդեն իսկ ձևավորված հասարակական պահանջ էր, մինչդեռ հաճախ բացակայում էին համապատասխան նորմեր, ընթացակարգեր և նույնիսկ մտածելակերպ։

Վերլուծությունը, Հետազոտության թողարկումը և միջոցառումը հնարավոր է դարձել Շվեդիայի (Sverige) ֆինանսական աջակցության շնորհիվ:

Վերլուծության մեթոդաբանությունն ու արդյունքները կարող եք տեսնել այստեղ։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031