Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին

Դեկտեմբեր 02,2025 23:03

Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանում անցկացվեց «Անծանոթ պատմություններ» խորագրով ցուցահանդես՝  նվիրված անվանի դերասաններ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի և Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստ Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին։

Ներկայացված էին բացառիկ ու հանրությանն անծանոթ լուսանկարներ՝ կինոաստղերի համատեղ  նկարահանումներից, կյանքի դրվագներից։

Մշակույթի գործիչ Դավիդ Բեժիտաշվիլիի հեղինակային ցուցահանդեսը կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի միջնորդությամբ և Վրաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բացելով երեկոն, խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեն ընդգծեց, որ երկու լեգենդար դերասանների անունները վաղուց արդեն  անցել  են ազգայինի սահմանն ու ոչ միայն բեմին, այլև հայ ու վրաց ժողովրդի սրտում ամուր կամուրջ գցել։

Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց  ցուցահանդեսի կայացմանն իր մասնակցությունը բերած յուրաքանչյուրին, հույս հայտնեց, որ այդօրյա միջոցառումն իր բովանդակությամբ ոչ միայն դարերով միահյուսված երկու ժողովուրդների բարեկամության, այլև մարդկային գեղեցիկ շփումների լավագույն դրսևորումներից մեկը դարձավ։ Ժողովուրդներին բարեկամացնելու ճանապարհին, նա մեծապես կարևորեց անհատների դերը, ում կերտած ներկան հավերժանում է տարիների ու դարերի մեջ։ ՀՀ դեսպանը խոսեց Սոփիկո Ճիաուրելիի յուրովի տաղանդի, անկրկնելի հմայքի մասին, մեջբերեց դերասանուհու անզուգական խաղը հատկապես «Կտոր մը երկինք» ֆիլմում, ուր մարմնավորելով հայ կնոջ դերն ու կոտրելով ժամանակի կարծրատիպերը, Սոփիկոյին հաջողվել էր գրավել հայ ժողովրդի սիրտը։

Ցուցահանդեսի հեղինակը կիսվեց երկու լեգենդար դերասանների մասին հետաքրքիր պատմություններով։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև դերասանների մասնակցությամբ ֆիլմերի կոլաժներ։ Դերասաններին մարմնավորող խամաճիկներով հանդես եկավ Թբիլիսիի Գ․Միքելաձեի անվան պետական տիկնիկային թատրոնը։

Երեկոն վարեց անվանի հեռուստալրագրող Նիկոլոզ Ծուլուկիձեն:

 

Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031