Գերմանացի հոգեբան եւ փիլիսոփա Էրիխ Ֆրոմը հստակ բացատրում է, թե ով է իրական հեղափոխականը
Ես անկեղծորեն ցանկացել եմ, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները դառնան հեղափոխություն: Իհարկե, զուտ քաղաքագիտական առումով դա չէր կարող հեղափոխություն լինել, որովհետեւ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական կարգերի փոփոխություն չէր նախատեսվում: Բայց հոգեւոր, հոգեբանական տեսակետից, արդարության, համերաշխության առումով սպասելիքները շատ էին: Իշխանության նկատմամբ խորը անվստահություն կար, մարդիկ սրտանց ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի, որ իրենք արհամարհված չլինեն: Բայց այդ առումով որեւէ բան չփոխվեց դեպի լավը, որովհետեւ դա, ցավոք, հեղափոխություն չէր, որովհետեւ այդ իշխանափոխությունն իրականացնողները հեղափոխական չէին:
Եվ այստեղ տեղին է հիշել գերմանացի հոգեբան ու փիլիսոփա Էրիխ Ֆրոմին, որն իր «Հեղափոխական բնավորությունը» ակնարկում սահմանազատում է հեղափոխականին եւ ապստամբին: Ըստ այդմ՝ ապստամբն այն մարդն է, որն ատում է իշխանությանը, որովհետեւ իրեն չեն գնահատում, չեն սիրում, չեն ընդունում նրանք, ովքեր այդ իշխանությունը մարմնավորում են: Ապստամբը ցանկանում է տապալել հեղինակություն ունեցողին այն պատճառով, որ անձնական ցասում ունի նրա հանդեպ եւ ցանկանում է զբաղեցնել նրա տեղը: Եվ հաճախ պատահում է, որ հասնելով իր նպատակին, ապստամբը միանգամայն բարեկամական հարաբերություններ է հաստատում նրանց հետ, ում դեմ կրքոտ պայքար էր մղում:
Հայաստանում մենք ամեն օր համոզվում ենք դրանում: Նրանք, ովքեր ղեկավարել են 2018-ի իշխանափոխությունը, իրենց բարքերով, իրենց գործողություններով, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ում դեմ ապստամբել են, իսկ կոռուպցիայի եւ այլախոհների դեմ ռեպրեսիաների առումով, ինչպես նաեւ՝ անպատկառությամբ, լկտիությամբ գերազանցել են նրանց: Նրանց թիրախը ոչ թե «Սաշիկն» էր, ոչ թե «Լֆիկը» կամ «Բենթլի Սամոն» էին, ոչ թե «դատավոր Մացոն» էր, ոչ թե «տասովշիկներն» էին, այլ այդ ամբողջ զանգվածն իրենց ենթարկեցնելը եւ իրենց նպատակների համար օգտագործելը: Հենց այդ պատճառով էլ չեղավ իմ եւ շատերի ակնկալած հեղափոխությունը:
Կարդացեք նաև
«20-րդ դարի քաղաքական կյանքն իրենից ներկայացնում էր գերեզմանատուն, – շարունակում է Էրիխ Ֆրոմը, – այդ գերեզմանատունը բաղկացած է մարդկանց բարոյական գերեզմաններից, որոնք հանդես էին գալիս հեղափոխականների դերում եւ իրականում ոչ այլ ինչ էին, քան ապստամբ – օպորտունիստներ»: Կարելի է ասել, որ 21-րդ դարի պատմությունը նույնպես այդպիսի օրինակներ է տալիս:
Իսկ ո՞վ է իսկական հեղափոխականն՝ ըստ Ֆրոմի. «Նա սկեպտիկ է, որովհետեւ կասկածում է, որ գաղափարախոսությունները ծածկում են իրականությունը: Բայց մյուս կողմից՝ նա հավատի մարդ է, որովհետեւ հավատում է մի բանի, որը կարող է գոյություն ունենալ, չնայած դեռ գոյություն չունի: Նա կարող է ասել՝ «ոչ» եւ անհնազանդություն դրսեւորել հենց այն պատճառով, որ կարող է ասել «այո» եւ ենթարկվել սեփական սկզբունքներին»: Եվս մի մեջբերում. «Եթե մենք հիմա քարանձավում չենք ապրում, ապա հենց այդպիսի բնավորություն ունեցող մարդկանց շնորհիվ»:
Հասարակության հիմնական զանգվածը, սակայն, ոչ թե ապստամբներ են, այլ հոգեբանի կարծիքով, ավտորիտար բնավորություն ունեցող մարդիկ: Այդ բնավորությունն ունեցող մարդն ունի երկու երես՝ մի կողմից ենթարկվում է հեղինակություններին եւ միաժամանակ, մյուս կողմից, ճնշում է նրանց, ովքեր ենթարկվում են իր հեղինակությանը: Դա, Ֆրոմի ձեւակերպմամբ, սադոմազոխիստական սիմբիոզ է:
Այդ ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ իրական հեղափոխությունը Հայաստանում դեռ առջեւում է: Այն կարող է տեղի ունենալ առանց մարդկանց փողոց հանելու: Բուդդան, Հիսուսը, Մայստեր Էքհարթը, Էյնշթեյնը, Ալբերտ Շվայցերը, որոնք հիշատակվում են Ֆրոմի հոդվածում, փողոց դուրս գալու կոչեր չեն արել: Պարզապես նրանք մարդիկ են, ում «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ»:
Այդպիսի մարդիկ Հայաստանում կան: Պարզապես նրանք պետք է իրար գտնեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2025


















































