Այս պահին ընթանում է Գյումրու ավագանու արտահերթ նիստը. ՔՊ-ականները, որոնք նախորդ նիստին չէին մասնակցում, ևս ներկա են։
Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, քվորում ապահովվեց: Նախորդ նիստը չէր կայացել նաև ընդդիմադիր ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ներկա չգտնվելու պատճառով։ Ընդդիմադիր ուժերի 19 անդամներից 18-ը ներկա են։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս ավագանու անդամ է համարվում, կալանավորված է, այսուհետ ընդդիմադիրների թիվը լինելու է 18։ Մտավախություն կար, որ քվորում չապահովելու դեպքում հնարավոր է ընդդիմությունը կորցնի իշխանությունը Գյումրիում. 3 ամիս ավագանու նիստեր չկայանալու դեպքում ավագանին օրենքի ուժով լուծարվում է։
Կարդացեք նաև
Նշենք, որ Գյումրու ավագանին ունի երեք նոր անդամներ, նրանցից երկուսը` Սիրանուշ Մելիքյանն ու Սամսոն Էլբակյանը վերցրել են «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված երկու անդամների մանդատները, իսկ մեկը` Արտակ Հովսեփյանը, որը Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմից է` «Մեր քաղաքը» դաշինքից, մանդատ ստացել է ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի փոխարեն։ Նիստը վարում է Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը` Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինը։
Այն անցնում է բավական աշխույժ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































