«Եթե մեր անմիջական արձագանքը լիներ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար, կմեղադրեին նրանում, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել։ Մենք շատ լավ գիտենք՝ մեզ ինչպիսի ծառայողներ են պետք։ մեր ծառայողները պետք է լինեն բարեվարք, պրոֆեսիոնալ, անկաշառ։ Երեխա դաստիարակել կարողանալ-չկարողանալն այլ հարց է, ամեն դեպքում հիշեցնեմ՝ մեր երկրում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը։ Սա նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով անչափահասների մասնակցությամբ վերջերս համացանցում հայտնված տեսանյութին։
Հիշեցնենք, Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Սրբուհի Գալյանն ասաց՝ եթե ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն, որ դրանք անհամատեղելի են պաշտոնավարման հետ, մենք կորոշենք։
Պատասխանելով ՔԿՀ-ում մահվան դեպքերի աճի մասին, նախարարն ասաց, որ ինքնավնասման դեպքերն են շատացել, բայց դրանք կապ չունեն մահվան դեպքերի աճի հետ։ Դրանք՝ բնական կամ հիվանդությունների պատճառով մահերով են պայմանավորված։ Իսկ ինքնավնասման դեպքերի կանխարգելման ուղղությամբ աշխատում են՝ կլինեն առանձին խցեր, տեսախցիկներով, որտեղ հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել։
Կարդացեք նաև
Սրբուհի Գալյանը բացառում է ՔԿՀ-ներում արտոնյալ պայմանների ապահովումը, օրինակ, փափուկ կահույք եւ այլն։ Վստահեցրեց՝ պատժի կրման համատեքստում արտոնյալներ չկան եւ եթե նման դեպքեր արդեն հայտնաբերվել են, անպայման մաքրվել են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































