ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին:
Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել երեխաների հիմնարար կրթության իրավունքի պաշտպանության և իրացման հարցերին՝ նշելով, որ նախարարության խնդիրն է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխայի կրթության մեջ ընդգրկվածության և որակյալ կրթություն ստանալու ռիսկերն առավել սուր և արտահայտիչ են դառնում։ Նման իրավիճակ էր առաջացել Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ․ «Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է եղել: Ուրախ եմ, որ մեր կողքին ունեցել ենք նաև միջազգային գործընկերներ, որոնք մեզ աջակցել են՝ լուծելու խնդիրները, քանի որ այդ փուլում որքան էլ պետությունը կենտրոնացնում է իր ողջ պոտենցիալը և փորձում լուծել խնդիրները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում գործընկերային աջակցությունը խիստ պահանջված է։ Մեր հիմնական թիրախն եղել են կրթության շարունակականության ապահովումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելումը, որովհետև ընտանիքները դեռևս մշտական բնակության վայր չունեին և հաճախակի էին փոխում բնակավայրը։ Առկա էր նաև այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղում ավագ դասարանների կրթությունը պարտադիր չէր համարվել, իսկ ՀՀ-ում դա պարտադիր կրթություն է, հետևաբար, բազմաթիվ ընտանիքներ հետամուտ էին, որ ավագ դասարանների երեխաներն ընդգրկվեն կրթության մեջ: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որպեսզի բոլոր երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում ընդգրկված լինեն պարտադիր կրթության համակարգում: Առանձին ուշադրություն ենք դարձրել նաև մասնագիտական կրթություն ստացողներին, ինչպես քոլեջներում, ուսումնարաններում, այնպես էլ բուհերում: Բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց կրթությունը»:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ պետության կողմից բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի արտակարգ իրավիճակում կամ ռիսկային պայմաններում հայտնված բոլոր երեխաները կրթությունից դուրս մնալու կամ սոցիալական տարբեր խնդիրների հետևանքով կրթությունն ընդհատելու ռիսկի առաջ չկանգնեն. «Օրեր առաջ Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը շարունակելու որոշումը․ այս ուսումնական տարում ևս բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողների ուսման վարձը կհատուցվի պետբյուջեի միջոցներով»:
Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների ներգրավումը տարբեր ոլորտներում առկա գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին աշակերտական համաժողովին։ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովն անցկացվել է այս սեպտեմբերից հայտարարված անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում՝ փաստելով, որ որակյալ կրթություն հնարավոր է իրականացնել միայն անվտանգ ու ապահով միջավայրում:
Համաժողովն ընթացել է պանելային քննարկումների ձևաչափով, որում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից բացի՝ ընդգրկված էին նաև երեխաներ:
Համաժողովի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, ծավալել կառուցողական քննարկում Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերի վերաբերյալ:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































