Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Քի Վեսթի փաստաթղթում հոդված կար՝ Արցախը փոխանցվում է Հայաստանի սուվերենությանը. Ձյունիկ Աղաջանյան

Դեկտեմբեր 03,2025 14:55

«Բանակցային փաստաթղթերի վերաբերյալ արձագանքներն արդեն իսկ նախագահների գրասենյակներից հստակ էին: Սրանք հրապարակել էին մի խեղկատակություն՝ Մեղրու փաստաթղթի անվան տակ, եւ ես չգիտեմ՝ որ մի մոլուցքով տարված ուղեղի արտահայտություններն էին փորձում ներկայացնել պաշտոնական փաստաթղթերի ձեւով:

Իհարկե, սպասելի էր, որ Քի Վեսթի փաստաթուղթը չէին հրապարակելու, որովհետեւ այդ փաստաթուղթն ուղղակի հօդս կցնդեցներ բոլոր այն թեզերը, որոնք Նիկոլը վերջին մի քանի տարիներին անդադար եւ անհոգնել փորձում էր զմռսել մարդկանց ուղեղների մեջ»,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Այդ փաստաթուղթը կա եւ մի ամբողջ արխիվ է փոխանցվել: Նիկոլը ստում է: Փաստաթուղթը ոչ միայն կա, այլեւ գաղտնազերծված է Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ինքս առիթ եմ ունեցել այդ փաստաթղթի մի ամբողջ հատվածի հետ աշխատելու այն ժամանակահատվածում, երբ ՄԱԿ-ում փոխդեսպան էի, եւ մենք պայքարում էինք Ադրբեջանի կողմից օրակարգի կետ մտցնելու հարցի շուրջ: Մենք օգտագործել ենք Քի Վեսթի փաստաթուղթը, հատկապես սկզբի այն հատվածները, որտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ Արցախը փոխանցվում է Հայաստանի սուվերենությանը:

Ավելին ասեմ՝ որպես պաշտոնական փաստաթուղթ այն գտնվում է ԵԱՀԿ-ի դեպոզիտարում:

Արտգործնախարարությունում մի ամբողջ արխիվ գոյություն ունի՝ դեռեւս 1991-92թթ. գրագրությունից սկսած, բայց եթե անգամ ենթադրենք, որ այդ արխիվն ինչ-որ մի հրաշքով անհետացել է, չնայած այդ արխիվի թվայնացված տարբերակն էլ գոյություն ունի, իրենք կարող էին մի շատ պարզ գործողություն կատարել՝ ուղղակի խնդրել ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությանը, որ դիմեն ԵԱՀԿ քարտուղարություն եւ ստանան փաստաթղթի պատճենը»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:

Ապա կրկին ընդգծեց. «Այդ փաստաթղթի հենց սկզբում հստակ հոդված գոյություն ունի, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ Ադրբեջանի նախկին մարզ Լեռնային Ղարաբաղը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության սուվերենությանը, այսինքն դառնում է Հայաստանի Հանրապետության մաս՝ գումարած Լաչինի միջանցքի հստակ հատվածը:

Այստեղ միանշանակորեն հերքվում է իր այն տարածվող թեզը, սուտը, որ Արցախը որեւէ տարբերակով չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել: Առնվազն 1999 թվականից հետո բանակցային գործընթացի շրջանակներում միանշանակ տրամադրվածությունը եւ ընկալումն այն էր, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի մաս:

Հայկական կողմի բանակցային աշխատանքի արդյունքում բանակցային տրամաբանությունը փոխվել էր, եւ այդ տրամաբանությամբ էր՝ իր կողմից սիրելի միջազգային հանրությունը վարում բանակցությունները:

Դրա վկայությունն էր Ալիեւի կողմից 2016թ հայտարարված այն արտահայտությունը Միլի Մեջլիսում, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031