Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Դեկտեմբեր 03,2025 14:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ ում՝ «ՀՀ 2026 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Քննարկեցինք 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը: Իհարկե, Ֆինանսների նախարարը և պատգամավորներն այս երկփուլ քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցերի անդրադարձել են, բայց նաև այսպես կարմիր թելի նման գնում է, որ սա, ըստ էության, բյուջեի նախագծի վերջին քննարկումն է այս Ազգային ժողովում, որովհետև հաջորդ բյուջետային քննարկումը տեղի կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում: Եվ ես կարծում եմ, և հարկ եմ համարում մեկ-երկու գնահատական տալ արդեն այս պահի դրությամբ տեղի ունեցող կամ տեղի ունեցած բյուջետային քննարկումներին:

Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ այս գումարման Ազգային ժողովի հետ մեր աշխատանքն, ընդհանուր առմամբ, լավ եմ գնահատում և գոհ եմ Կառավարության աշխատանքից, իհարկե, գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ: Հիմա ուզում եմ ասել, թե ինչու եմ լավ գնահատում։ Իհարկե, դեկտեմբեր ամիսն է, բյուջետային տարին դեռևս չի ավարտվել, բայց մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: Պիտի ասեմ՝ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով կամ 133%-ով։

Ես ուզում եմ այս նրբության վրա ձեր մեր բոլորի ուշադրությունը հրավիրել. այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն՝ մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է: Ինչո՞ւ եմ 2017 թվականի հետ համեմատում, որովհետև 2018 թվականի երկրորդ կեսին բյուջետային տրամաբանությունը փոխվել է, չնայած 2018 թվականի համեմատությամբ նույնպես մեր բյուջեի եկամուտներն աճել են:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ։ Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ հինգ տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազագույն տարբերակը ասեմ, 7.5, 7.6% տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում։ 2021-2024 թվականներին արդեն, Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն աճել է 36.6%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է։

Հիմա, անընդհատ քննարկվում է այդ հարցը, ասում են՝ շատ լավ, խոսում եք բյուջեի աճ, տնտեսական աճ և այլն և այլն, աշխատավարձերի աճ, աշխատատեղերի աճ, բա լավ, մարդկանց կյանքի վրա դա ո՞նց է ազդել: Հիշում եք նաև՝ հանձնաժողովների քննարկումների ժամանակ ես այս հարցին անդրադարձել եմ, և ուզում եմ այս հարցին նույնպես պատասխանել փորձագիտական եզրակացությունների հիման վրա: Մեր տնտեսագետ գործընկերներն ինձ հուշել են, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ այսպես կոչված Ջինիի գործակիցը, որը ցույց է տալիս, թե երկրում գեներացված եկամուտներն ինչքանով են հավասարաբար բաշխվում բնակչության միջև: Եվ վերջին ցուցանիշներով՝ Հայաստանի Հանրապետությունն էական բարելավում է ունեցել այս տեսակետից, և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարների, արդյունքի բաշխումը հնարավորինս հավասար և արդար է տեղի ունենում և բարելավվում է:

Ի դեպ, այսօր, երբ պատրաստվում էի այս ելույթին՝ Ջինիի գործակցին նորից անդրադարձա, և իմ աչքը ծակեց հետևյալը՝ ես ուզում էի հասկանալ այս ցուցանիշը պատմականորեն լավագո՞ւյնն է Հայաստանի պատմության մեջ, թե՞ չէ: Եվ գիտե՞ք ինչ պարզվեց, պարզվեց որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար Ջինիի գործակցի ո՞ր թիվը լինի՝ 2020 թվականը: Սա ինչի՞ մասին է խոսում, սա խոսում է նրա մասին, որ ՔՈՎԻԴ-ի ճգնաժամի կառավարման մեծ ու ուղղված բոլոր քննադատությունները պարզապես մտացածին են։ Մենք 2018 թվականին ընտրությունները հաղթել ենք «Հոգատար հանրություն» կարգախոսի ներքո, և 2020 թվականին Ջինիի գործակիցը ցույց է տալիս, որ մեր Կառավարությունը հենց այդ ռազմավարությամբ է առաջնորդվել: Եվ 2020 թվին երկրի արդյունքը հնարավորինս հավասարաբար է բաշխվել, սա նշանակում է, որ ճգնաժամի ժամանակ մենք առավել հասցեական աջակցություն ենք ցույց տվել մեր քաղաքացիներին։

Հիմա ուզում եմ անդրադառնալ այլ ցուցանիշների: Աշխատատեղերի թիվը. այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810 074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը՝ 223 895 կամ 38%-ով։

Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223 895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել: Ընդ որում՝ այս աճը շարունակական է, 2024 թվականի նկատմամբ՝ հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ, 31 000 աշխատատեղ է ստեղծվել, 4%–ով ավելի: Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313 000 դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը՝ 135 657 դրամ կամ 76%:

Շատ ենք խոսում գնաճի մասին. չի եղել Հայաստանում 76%–անոց գնաճ, և ընդհանրապես իրական արտահայտությամբ՝ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 և ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը: Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ գրեթե կրկնակի ավելի է՝ 95%-ով, 24 միլիարդ դրամի։ Հիմա այս ամեն ինչը, այս թվերը ի՞նչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ուշադրություն դարձրեք, 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, փողն ուղղակի տվել ենք քաղաքացիներին: Ընդ որում, 9500%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի եկամտային հարկի վերադարձի համեմատ:

Ես նաև համեմատություն եմ հանել 2010–2017 և 2018–2025 թվականների. անշարժ գույքի գործարքները, որ մարդիկ տուն են գնել, աճել է ավելի քան 67 000-ով, 64%-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով, նախորդող շրջանի։ Ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը: Ընդհանուր առմամբ, առաջնային շուկայի աճը 2018-2025-ը 2010- 2017-ի համեմատ 465%:

Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա: Արդյո՞ք Հայաստանում կա սոցիալական և աղքատության պրոբլեմ: Այո՛, Հայաստանում կա սոցիալական և աղքատության պրոբլեմ: Վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակվեցին, մեր գնահատմամբ, դրանք բավականին լավ ցուցանիշներ են, բայց մեթոդաբանական հարցերը դեռ պետք է ճշգրտվեն: Բայց այդտեղ մի բան է երևում, որ ծայրահեղ աղքատությունը 0.6% է՝ անկախ մեթոդաբանությունից, սա նշանակում է, որ մենք, ըստ էության, շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021 թվականին: Ընդ որում, այդ աղքատության ցուցանիշը վերաբերում է նախորդող շրջանի մինչև ընտրություններ՝ 2024 թվին: Այս մեկ ու կես տարվա ցուցանիշները և մեր տնտեսական աճը չի կարող ուղղակի այդ ցուցանիշը չնվազեցնել:

Հիմա, հարգելի գործընկերներ, Հայաստանում արդյոք կա աղքատության պրոբլեմ, այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, ի վերջո, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները: Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում, տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին։ Իսկ ինչո՞ւ Հայաստանում աղքատություն կա։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով: Ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը, և սա շատ կարևոր, շատ պատասխանատու և շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո՛, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում: Մենք 2018 թվից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է։ Բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչո՞ւ, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով:

Եվ մեր քաղաքականությունը հետևյալն է. եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել՝ պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո կրկին իր աշխատանքը, իր բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել՝ կրկին պետք է վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունն աշխատանքի ոլորտում:

Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանու՞մ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, երբ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների թոշակն այդ առումով ծախսն ինչքան է, մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մատուցված փաստացի ծառայությունների գինը պետք է տարածենք այդ ամեն ինչի վրա, պետպատվերի վրա այդ ավելացածը: Որովհետև շատ է խոսվում՝ դուք այս եք խոստացել, այս եք խոստացել, այս եք խոստացել, չեք արել, այն չեք արել: Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։

Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում, նույն էլ թոշակառուների թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում, որոշակի տոկոս էլ այդտեղ է ավելանում: Անկանխիկ առևտրի դեպքում, համընդհանուր, Առքա քարտերով, բոլոր քաղաքացիներին 2% հետվճար ենք տալիս, թոշակառուներին պլյուս այս 2%-ն է ավելանում: Կրկին, եթե համեմատելու լինենք, սիրում են խոսել համեմատելու մասին, նաև սա պիտի հաշվի առնենք:

Հարգելի գործընկերներ,

2018 թվականի համեմատ թոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում աճել է 106 697 մարդով, 19%-ով: Ընդ որում, ինչո՞ւ եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների թիվը, 555 000 թոշակառու է եղել, 513 000 աշխատող: Այսօր էլ, այս ճեղքը կամ այս հարաբերակցությունը մեզ այսքան էլ չի բավարարում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երբ նշանակվեց, – իհարկե նախորդ նախարարի առաջ էլ ես այդ խնդիրը դրել էի,- ես խնդիր եմ դրել, որ մեզ համար, դա նաև մեր նոր տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի, թոշակառուների տնտեսական ակտիվացումը պետք է լինի առաջնահերթ ծրագրերից մեկը:

Հիմա մի միտք եմ ուզում ասել, որով ես տարվել եմ վերջին ամիսներին, այդ թվում՝ ուսումնասիրելով միջազգային շատ հաջող բիզնես բրենդների ծագման պատմությունը։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է ընկալվում, որ 63-ը թոշակի տարիք է: Այո՛, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ մի ուրիշ վարժություն անենք, իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը: Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 և բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև, հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ն ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասի, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։

Այսինքն, մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու, վերջ, ավարտվեց, ո՛չ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է, և մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեն շատ կարևոր մի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ հակադարձ հիփոթեքի ծրագիրը, որը շատ կարևոր մի բան է։ Մենք չենք ասում, հարգելի գործընկերներ, եկեք առերեսվենք, մենք այդպիսի բաների մասին չենք խոսում, մենք դրել ենք մի ազգային ավանդույթ ու մնացել ենք այդ վերնագրի տակ։ 63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա իր համար է պրոբլեմ, բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է պրոբլեմ, շատ լավ, մենք այդպես ասում ենք, խոսում ենք, կենաց ենք խմում և այլն, բայց մենք մեր պրոբլեմները պետք է տեսնենք: Այսինքն՝ մեր կանխավարկածն ի՞նչ է՝ մարդը 63-ից մինչև 80 տարեկան պիտի տանը նստի՞։ Ոչ, մարդն աշխատել, այնքան գիտելիք է կուտակել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ ինքն իր այդ գիտելիքը, այդպիսի ասացվածք կա, չէ՞, ասում է՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար», հիմա ծերությունը կարող է, որովհետև դա այլևս ծերություն չէ:

Այդ մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, եթե մարդն առողջ է, իսկ կներեք, եթե մարդն առողջ չէ, 29 տարեկանն էլ է ծերություն։ Եթե մարդն առողջություն չունի, ի՞նչ տարբերություն, ինքը 29 տարեկան է, 39, 35, 42, 50, թե 55, ի՞նչ տարբերություն, էլ չեմ ասում, որ ժամանակակից աշխարհում տեխնիկան այնքան է զարգացել, բացարձակ առողջ մարդ չկա, գնում ես սկաների տակով անցնում, ոնց լինի մի հատ ինչ-որ մի բան կգտնվի, մենք պիտի մարդուն ասենք չէ, այդպես չէ, ժողովուրդ ջան այնպես չէ, որ վերջ, ավարտվեց, ոչ: 63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետև այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի։

Հիմա նորից պետական պարտքի այդ թեման։ Մեր ընդդիմության հարգելի գործընկերներն այդպես էլ չհասկացան, ներողություն եմ խնդրում, այդպես էլ ճիշտ չհասկացան, թե պետական բյուջեն, հիմա մեր կանոնակարգով եմ առաջնորդվում նորից, փորձում եմ վարչական վարույթի տակ չընկնեմ կուսակցության ներսում։ Դրա համար էլ հիմնադրամի 2020 թվականի այդ պատմությունը մինչև հիմա էլ գլխի չեն ընկնում։ Պետական բյուջեն մի տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր, մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով, հետո ծորակով ներքևից բացում ենք, էդ ջուրը գալիս է, երբ որ էդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասել այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր, որովհետև պետական բյուջեն մի ընդհանուր հասկացություն է, այսինքն՝ դու որ փողը ծախսում ես, իհարկե կան նաև նպատակային բաներ, վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար, բայց, ընդհանուր առմամբ, պետական բյուջեն, կամ որ դու ասենք մի նպատակի համար ուղղում ես, դա քո նպատակն է, ուրիշի նպատակը չէ։ Դա նշանակում է, երբ դու վարկային ծրագիր ուղղեցիր այդ կոնկրետ նպատակի համար, այդ տակառի մեջ ուրիշ ջուր հայտնվեց, որ դու կարող ես օգտագործել այլ նպատակի համար, որովհետև այդ ջուրն ի սկզբանե ինչ նպատակի համար նախատեսվել էր, դրա համար դու ուրիշ տեղից ջուր ես բերել և այդ ջրով ես ջրել։

Ի՞նչն է անհասկանալի, հիմա պետական պարտքի այս պատմությունը։ Ընդ որում, այո, մենք չէինք ուզում այդ թեմայի մասին խոսել, որովհետև չէինք ուզում, հիմա ինչի՞ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղություն է հաստատված, կարող ենք խոսել։ Պետական պարտքի ամբողջ ավելացումը, կամ չեն տեսե՞լ իրենք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է միայն պաշտպանության ոլորտում, լավ ինչ-որ մի ժամանակահատվածում չեն տեսե՞լ այդ թիվը, ո՞նց կարող էին չտեսնեին։

Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը, ինչ-որ պարտքը ավելացավ, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար, ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե, նախկինում եղել են վարկային պայմանագրեր և այլն, այսինքն՝ ինչ-որ բնականոն է, ինչ պետք է նախատեսված լինի։

Բայց ընդհանուր առմամբ՝ գնահատելով Կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, որ երբ Կառավարություն ասում եմ, նկատի ունեմ, իհարկե, ներառյալ քաղաքական մեծամասնությանը, խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև պարզ է, որ առանց խորհրդարանական աջակցության Կառավարությունը չի կարող աշխատել: Ուզում եմ ասել, որ լավ եմ գնահատում մեր աշխատանքը, բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից: Այս բոլոր տնտեսական ցուցանիշներ, իհարկե, կարևոր են, բայց ամենակարևորը չեն, ամենակարևորն է այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, մենք Հայաստանը դուրս ենք բերել փակողուց: Մենք Հայաստանը դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար, և Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ, զարգացման ինչ տեսլական է որդեգրում։

Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը, որ ընդդիմությունը մեկ էլ նոր թեմա են գտել՝ հրապարակե՛ք բանակցային փաթեթը: Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլ նորից նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են: Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը, երբ որ իրենք խոսում են բանակցային գործընթացի մասին, այսպես պիտի լիներ, այսպես պիտի լիներ։ Հարգելիներս, հարց տանք, իրենք քանի տարի՝ 30 և ավելի տարի իշխանություն են եղել, մի կտորով էլ ասենք ինչ-որ 10, 10, 10, 10 կամ չգիտեմ, 100 անգամ ասել եմ, բա որ այդպիսի շանսեր կային, բա ինչի՞ չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին, այսինքն՝ եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս է եղել, դուք չեք արե՞լ, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզնից մեծ դավաճան չկա, տարբերակ ա) և բ) տարբերակ, այդ ամենքն ընդամենն աչքակապոցի է:

2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի, մի քանի անգամ, հիմա էլ հրապարակված է, 100 անգամ ասել եմ՝ ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է, «մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»: Այսինքն, երեկ մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ այս նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է, թե ամեն ինչի անդրադարձել եմ: Այդ 2019 թվի փաստաթուղթը ո՞նց է հայտնվել, այդ 2019 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել, ասել եմ, համանախագահների առաջ ասել եմ, այստեղ թղթեր կան լիքը, ես հիմա չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը, բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը, ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ես ասել եմ ինձ ասեք ո՞րն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, հիմա այս փաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, որևէ այս մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի։

Սա ի՞նչ, այո, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես, մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում, էլ չեմ ասում այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի այս ամբիոնից ունեցած ելույթն է: Վերջացել է այդ պատմությունը, չկա ընդհանրապես բանակցային գործընթացի տարընթերցում, չկա։ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացի այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։ Հիմա էլ՝ բա Քի Վեսթի փաթեթն ինչի՞ չի հրապարակվել, որովհետև չկա Հայաստանի Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ։ Քի Վեսթի փաթեթի հենքն այն է, ինչ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է: Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, և էլ չեմ ասում դրա կարիքը չկա էլ, այս վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց և դրանով ամեն ինչ ասված է, այսինքն՝ չկա թեմա այդտեղ ընդհանրապես:

Հիմա որ ասում են, բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետև հրավիրեմ էլ ի՞նչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան՝ պատմեն, կարդան՝ պատմեն, կարդան՝ պատմեն, ի՞նչ պիտի պատմեն, պատմելու բան չկա։

Հարգելի գործընկերներ, ամփոփելով՝ ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականը շատ բուռն տարի է լինելու Հայաստանի համար, տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում, նաև կենսաբազմազանության COP17 գագաթաժողովն՝ արդեն աշնանը և խորհրդարանական հերթական ընտրությունները: Եվ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես և կառավարող մեծամասնությունը խորհրդարանական հերթական ընտրություններին մոտենում ենք լավատեսության և պոզիտիվի հսկայական պաշարով, և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ այո՛, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն, մեր խնդիրն է՝ խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը:

Եվ նորից մի հանգամանք էլ եմ ուզում ասեմ՝ վերջին շրջանի աշխատանքները վերլուծելով, շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երբ որ մի միլիմետրով վստահությունն ավելանում է, ինքը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Սա պարզ է պայմանական բանաձև եմ ասում, բայց ուզում եմ իմ տպավորությունները կիսել նաև այդ առումով։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան ասենք՝ 2025 թվականի օգոստոսի 15-20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես։

Եվ հետևաբար, մեր խնդիրն՝ այդ թվում 2026 թվականի, ես համաձայն եմ, ֆինանսների նախարարն ասաց, մենք դուրս ենք եկել բնականոն տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, մեր տնտեսությունը զարգանալու է, խնդիրն այն է՝ ավել, թե պակաս տեմպերով, իմիջիայլոց, նախորդող շրջանում մենք այս հարցն էլ մեզ սկսեցինք տալ՝ արդյոք լավ է, որ ինչպես տնտեսագետներն ասում են, մեր պոտենցիալից ավելի մեծ տեմպերով ենք աճում: Այստեղ էլ են պրոբլեմներ առաջանում, որովհետև գնաճային երևույթներ են գալիս և այլն, և այլն այդպես շարունակ։ Դրա համար կարող է, սա դեռ հարց է, մենք պետք է քննարկենք, 6-7% տնտեսական ա՞ճը պետք է որդեգրենք որպես նպատակ, որովհետև կարող է պարզվի, որ 10-12% տնտեսական աճը գնաճային և այլ խնդիրներ, ռիսկեր է առաջացնում։

Բայց 2026 թվականի հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը, և թույլ տվեք ասել, ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թոռների, իր ծոռների խաղաղությունն է և դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին, անկախ նրանից, թե մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը և զոհողությունը տեղի ունեցել, և հետևաբար, փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031