Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Հերթական պոպուլիստական զրույցն էր. Գոհար Մելոյանը՝ Փաշինյան-Պետրոսյան հանդիպման մասին

Դեկտեմբեր 03,2025 15:03

-Սրանից լավ քաղաքական մանիպուլյացիա չի կարող լինել: Դա հերթական պոպուլիստական զրույցն էր, ինքս հետեւել եմ այդ հանդիպմանը,-  այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպմանը՝ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանը հանդիպել է  մի կառավարչի հետ, որը հակասահմանադրական ու խնդրահարույց օրենքների հիման վրա է նշանակվել.

«Ինչ տեղի ունեցավ։ Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկվեց, գործադիրի ղեկավարը նույն օրը ապօրինի հրահանգներ էր տալիս, ֆեյսբուքյան գրառումներ էր կատարում, դրանց հիման վրա տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի կալանավորման գործընթացը: Հետո ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ մեկնարկում են  ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթաց… Բացի այն, որ Սամվել Կարապետյանի անձնական անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ապօրինի անազատության մեջ է հայտնվում, նաև  մեր երկրում թիրախավորվում է սեփականության իրավունքը»:

Մելոյանը հակաիրավական  որակեց  Փաշինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպումն ու դրա շրջանակներում վարչապետի գնահատականները, թե   «փողերի լվացում է» տեղի ունեցել.

«Երբ Սամվել Կարապետյանն ազատազրկվում էր, դեռ կալանքի միջնորդությունն էր քննվում, ես այս ամենը դատարանի դիմաց կանխատեսել էի, քանի որ մեր երկրում քաղաքական հետապնդումները դարձել են կանխատեսելի»:

Անդրադառնալով հոսանքի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաք  սկսելուն՝  Գոհար Մելոյանն ասաց՝ եթե քաղաքացիները ցույց են տալիս, որ ունեն իրավասություն, ապա իրավասու մարմինը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե  սեփականատիրոջ հետ, ում իրավունքները կարող է խախտել, այլ մի ողջ բնակչության հետ, որն օրվա իշխանության աղբյուրն է:

«Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը»,- ասաց Մելոյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել