Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը

Դեկտեմբեր 03,2025 20:03

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային՝ ԱՄԷ Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ԱՄԷ բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված սերտ ու վստահելի համագործակցությունը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ հիացմունքն այն ձեռքբերումների և հաջողությունների առիթով, որոնք վերջին տարիներին արձանագրել է ԱՄԷ-ն։ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս մեր երկրների հարաբերություններին։ Կարելի է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին մենք իրականացնում ենք ինտենսիվ համատեղ ծրագրեր և արձանագրում ենք կոնկրետ արդյունքներ։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր կատարած աշխատանքի համար։ Համոզված եմ, որ առաջիկայում ևս մենք շատ համատեղ անելիքներ կունենանք»։

Դեսպան Նարիման Ալ-Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները։ Նա նշել է, որ ԱՄԷ ղեկավարության կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմամբ և պատրաստակամություն՝ շարունակելու ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

«ԱՄԷ ղեկավարությունն իրապես շատ հետաքրքրված է Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել են էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։

Շեշտվել է նաև պետական կառավարման համակարգերում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման և լավագույն գործնական փորձի փոխանակման կարևորությունը՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Կողմերը բարձր են գնահատել բարձրաստիճան փոխայցելությունների դրական դերը տարբեր ուղղություններով համագործակցության խթանման գործում և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակության վերաբերյալ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031