Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի շրջանակում ծավալվեց նաեւ աստվածաբանական քննարկում։
Ինչպե՞ս կարող է Հայ առաքելական եկեղեցին իր հոտին հեռու պահել ինդիվիդուալիզմի՝ անհատապաշտության, գաղափարից։ Քննարկման մասնակիցներից մեկի հարցն էր, հասցեատերը՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։
Հայր Ռուբենը նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը իր գրքում անդրադառնում է այս հարցին։
«Եկեղեցու կյանքում օգտագործվում է «անձ» բառը: Սրբազանն այստեղ ուժեղ մի հիմք է նշում։ Մեր կյանքը Սուրբ Երրորդության մոդելով է ստեղծված։ Մենք միտված ենք այդ մոդելին։ Սուրբ Երրորդության մեջ կա մի բնություն, մի էություն, մի աստվածություն…բայց երեք անձնավորություն։ Անձը ենթադրում է հարաբերություն։ Անձն է համայնք կերտողը», — բացատրեց Հայր Ռուբենը։
Իսկ եթե անհա՞տ ես։
Հայր Ռուբենը շարունակեց. «Բառն արդեն հուշում է, որ ինքը անհատելի է։ Հայերենում «հատել» նշանակում է կտրել։ Երբ ասում ենք անհատ, նշանակում է, որ ես իմ ունեցած բարիքները, պարգեւները ոչ մեկի հետ չեմ կիսում, պահում եմ ինձ»։
Վարդապետը հավելեց՝ հենց սա’ է եսակենտրոնությունը։
Նա ամփոփեց. «Եկեղեցու կյանքն ու վարդապետությունը շեշտադրված է մարդու, անձի արժանապատվության վրա, բայց այդ մարդը դիտարկված է ամբողջ համայնքի մեջ»։
Տվյալ հատվածը մանրամասնորեն՝ 1:32:00-ից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Հայր Ռուբեն Զարգարյան, Բագրատ Սրբազան, Ինքներս մեզ հաղթելով, աստվածաբանություն


















































