Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով. Ռոբերտ Կադարյան

Դեկտեմբեր 03,2025 23:10

«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրում է.

«Ֆակտորը չի ներկայացնում «Տաշիր» գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.

Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 – 146,6 մլրդ

2025 հունվարի 1 – 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)

Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 – 31,5 մլրդ

2025 հունվարի 1 – 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)

Այսինքն, «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 – 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:

Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել»:

Նկատենք, որ Factor.am-ում այսօր ավելի վաղ հրապարակված` «Գաղտնի գործարքը․ ինչ է արժեցել ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին և ինչքան է այն գնահատվում հիմա» վերտառությամբ հոդվածում մասնավորապես նշվել էր.

«Ի՞նչ գնով է Սամվել Կարապետյանը 2015 թվականին ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։ Այս հարցի հստակ պատասխանը չկա, իսկ շրջանառվող թվերը տարբեր են։ 10 տարի առաջ՝ գործարքի իրականացման ժամանակ, մամուլում գնահատականներ են եղել, որ Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ՀԷՑ-ի 25% բաժնեմասի համար վճարել է 8․25 մլն դոլար, այսինքն՝ ՀԷՑ-ի 100%-ի արժեքը կազմել է մոտ 33 մլն դոլար։ Կարապետյանն ինքն այն ժամանակ հրաժարվել էր բացահայտել գործարքի գինը՝ պատճառաբանելով, թե դա առևտրային գաղտնիք է։ Հայտարարվում էր միայն ՀԷՑ-ի պարտքերի մասին՝ շուրջ ‌220 մլն դոլար:

Քաղաքացիական պայմանագրի նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը Factor.am-ի եթերում հայտարարել է, որ Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է 42 մլն դոլարով։

Factor.am-ն այս տարվա հուլիսի 10-ին ուղարկած գրավոր հարցմամբ փորձել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանից պարզել՝ Կարապետյանի ընտանիքն ի՞նչ գնով է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2015-ին, ներկայում այն ինչքա՞ն է գնահատվում, և ինչպե՞ս է ստացվել, որ պետական ռեգիստրի համաձայն՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու դարձել է ոչ թե 2015-ին, երբ տեղի է ունեցել գործարքը, այլ՝ 2009 թվականին, սակայն Նարեկ Կարապետյանը մեր հարցումներն անպատասխան է թողել։

Գործարքն այն ժամանակ համաձայնեցվել է ՀՀ կառավարության հետ․ Սամվել Կարապետյանն ինքն է հայտարարել, որ ՀԷՑ-ը գնելու մասին իրեն խնդրել են այն ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նման գործարքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանում են ոլորտը համակարգող գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը, և բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների գործունեությունը կարգավորող մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Factor.am-ը դիմեց էներգետիկայի նախարարության իրավահաջորդ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ գնով է վաճառվել ՀԷՑ-ը 2015-ին, սակայն, պարզվում է, նախարարությունն այս տեղեկատվությանը չի տիրապետում։ «Ձեր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ ՏԿԵՆ-ում առկա չէ»,- պատասխանել են նախարարությունից։

ՀԾԿՀ-ից մեզ հավաստիացրեցին, որ 2015-ին ՀԷՑ-ի վաճառքի գործարքի կնքումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացվել է հանձնաժողով, սակայն այն «գաղտնապահական տեղեկատվություն» է։ Այսինքն՝ ՀԾԿՀ-ն իրավունք չունի հրապարակել  գործարքի գինը։ Առաջիկայում նախատեսվում է ՀԷՑ-ի գնահատում իրականացնել։ Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումից հետո եռամսյա ժամկետում պետք է ավարտվի ամբողջ գործընթացը՝ ՀԷՑ-ի գնահատումը, սեփականատերերի հետ բանակցությունները և վաճառքը։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը 2 ճանապարհ ունի՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն և հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ` կոնցեսիոն սկզբունքով, կամ կհրավիրվի նոր ներդրող, բայց ենթակառուցվածքը կմնա պետական սեփականություն։

Թե ինչքա՞ն փոխհատուցում կհատկացվի Կարապետյաններին, կարող է որոշվել  կա՛մ բանակցությունների արդյունքում, կա՛մ էլ՝ դատական կարգով․ ՀՀ սահմանադրության հոդված 60-ի համաձայն՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031