Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի «մտրակի ու բլիթի» գործիքն ու անվերջ ձգվող հաշտեցման գործընթացը

Դեկտեմբեր 04,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Արդյո՞ք Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող պահանջներն ու պայմանները պարզապես պատրվակ չեն, որպեսզի գործընթացն անվերջ շարունակվի

Հայաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները՝ «ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», նոյեմբերի 28-ին հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում եւ Գյումրիում։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Պաշտոնական Երեւանը վստահեցնում է, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել: «Մենք ոչ միայն քաղաքական, այլեւ տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա», հոկտեմբերի վերջին հայտարարել էր Փաշինյանը։

Նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ: Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ եւ առեւտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։

Գեւորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին անդրադարձել են շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձեւավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։ Նշվել էր, որ քննարկվել են նաեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության եւ կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։ «Կարեւորելով Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները՝ նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը», ասվում էր հաղորդագրության մեջ։

Ակնհայտ է, որ չնայած վերջին շրջանում ակտիվացած շփումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ ծավալվող գործընթացին, Անկարան դարձյալ շարունակում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը կապել Ադրբեջանի բավարարված լինելու հետ: Այս մասին շարունակաբար տարբեր մակարդակներով Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում:

Անցյալ շաբաթ, օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ գալիք տարվա բյուջեի քննարկումների ժամանակ, գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։ Բայցեւ շեշտել է, որ Թուրքիան խորացնում է երկկողմ կապերը եղբայրական Ադրբեջանի հետ. «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում»: Ապա հավելել է, որ Թուրքիան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաեւ խորհրդատվություն է տրամադրում։

Անցյալ շաբաթ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը` նախագահ Էրդողանի գլխավորությամբ, քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը: «Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկվել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Խորհուրդը նաեւ վերահաստատել է Թուրքիայի կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու եւ զարգացում ապահովելու համար», նշվել էր հայտարարության մեջ։

Այնուհետեւ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն Անկարայում օրերս ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Հալեֆ Հալեֆովի գլխավորած պատվիրակությանը։ X-ի միկրոբլոգում այս հանդիպման մասին Քըլըչը մասնավորապես նշել է. «Քննարկել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղի ազատագրումից հետո կառուցման եւ վերականգնման աշխատանքները, ընթացքը։ Եվս մեկ անգամ ընդգծել ենք, որ պետք է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու համար։ Բացի այդ, մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի շուրջ։ Մեր գոհունակությունն ենք հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

Երկու շաբաթ առաջ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հստակ նշեց, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր` պատրաստ կլինեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: «Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետեւաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում», «բացատրել» էր Ֆիդանը։ Նա նաեւ ընդգծել էր, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում «չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր», ապա հավելել էր՝ երբ այդ հարցերը լուծվեն եւ ստորագրվի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ։

Այսինքն, Անկարայից հնչող հայտարարությունները, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, դա առայժմ շղարշ է: Այսկեպ Անկարան միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ լուրջ գործընթաց է ծավալվում: Եվ չնայած, որ ընթանում է այդ գործընթացը` Անկարայի նախապայմանները չեն ավարտվում, եւ դեռ երաշխիք չկա, թե հերթական նախապայմանը Հայաստանի իշխանությունների կողմից կատարելուց հետո, Թուրքիայից նոր պահանջներ չեն հնչելո՞ւ:

Եվ ընդհանրապես, արդյո՞ք Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող պահանջներն ու պայմանները պարզապես պատրվակ չեն, որպեսզի հաշտեցման գործընթացն անվերջ շարունակվի:

Անկարայի կողմից իրականացվող քայլերը, կարծես, առավելապես նմանվում են` «մտրակի ու բլիթի» գործիքով քաղաքականության իրագործմանը, քան` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անկեղծ նպատակի կյանքի կոչմանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031