Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուների աղքատությունը նրանց գլուխներո՞ւմ է

Դեկտեմբեր 04,2025 10:00

Վերջապես բացահայտվել է Հայաստանում աղքատության գաղտնիքը:

Աշխատատեղերը, պարզվում է, լիքն են, պարզապես չկան այն կրթված մարդիկ, որոնք այդ աշխատատեղերում կկիրառեին կրթությամբ ձեռք բերված հմտությունները եւ այդպիսով կհարստանային։

Ափսոս, պատանեկության տարիներիս չգիտեի Փաշինյանի՝ հարստանալու մոգական բանաձեւը, թե չէ կոնսերվատորիա չէի ընդունվի, ձեռք կբերեի պահեստապետի կամ ապրանքագետի հմտությունները եւ կհարստանայի:

Մեր թոշակառուներն էլ ՔՊ-ի օրոք սկսել են լավ ապրել՝ այնքան լավ, որ հավելյալ 5 կամ 10 հազար դրամը նրանց այլեւս պետք չէ: Իսկապես, ի՞նչ տարբերություն, մարդը, ասենք, 60 հազար դրա՞մ է ստանում, թե 70: 60 հազարով էլ կարող է շքեղ ապրել, 70-ով էլ: Էլ ինչո՞ւ պետությունը պետք է տա այդ 10-ը հազարը, եւ մարդը չիմանա, թե որտեղ է պետք այդ գումարը ծախսել: Իսկ ինչո՞ւ չի իմանում, թե ինչպես ծախսել: Դե, պարզ է՝ դարձյալ հմտությունների, կրթության բացակայության պատճառով:

Եթե ծանոթ լինեին Փաշինյանի մոգական դեղատոմսին, ապա այս անորոշության մեջ չէին խարխափի: Որովհետեւ աղքատությունը նրանց գլխում է, ոչ թե դրամապանակում: Այդ դրամապանակները, թեեւ հաջորդ տարի թեթեւանալու են համընդհանուր ապահովագրությունից, բայց եթե ուղեղները լավ աշխատեն, նրանք այդ «թեթեւացումը» չեն զգա:

Իրականում, սակայն, մեր հրճվանքի եւ հպարտության աղբյուրը պետք է լինի ոչ թե այն, որ մեր թոշակառուներն ու մնացած քաղաքացիները սկսել են բարեկեցիկ ապրել՝ դրանք երկրորդական խնդիրներ են: Կարեւոր է, որ մեր ժողովուրդն իր վիզն ազատել է իրեն Ռուսաստանի հետ կապող թոկից՝ Արցախից, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ծուղակից, որը մեր դեմ լարել է նույն Ռուսաստանը:

…Իսկ ամենակարեւորն այն է, որ կառավարությունը կատարել է 2021 թվականի իր բոլոր նախընտրական խոստումները: Այդ թվում՝ Հադրութի եւ Շուշիի խաղաղ դեօկուպացիան:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Վատ իշխանությունները մարդկանց արհեստականորեն աղքատ են պահում, որ մեծացնեն իրենց ընտրողների թիվը եւ ինչքան շատ է աղքատ ընտրողների թիվը, այնքան ստոգհոլմյան սինդրումն ավելի ուժեղ է արտահայտվում աղքատ ժողովրդի մեջ, հատկապես թոշակառուների մեջ եւ նրանք գնում ընտրում են գործող իշխանություններին, ով էլ լինի իշխանության՝ ներկա թե նախկին, բռնատեր թե ժողովրդավար, անգրագետ թե խելոք, կապիկի էլ իշխանություն կարգես, մեր աղքատ ժողովուրդը այդ կապիկին էլ կընտրի: Իսկ երբ գա իսկական ժողովրդասեր ժողովրդավար իշխանություն, մեր աղքատ ժողովուրդը կհարստանա, հատկապես ամենախոցելի խավը՝ թոշակառուները, հետո ուսուցիչներն ու բժիշկները, զինվորականները: Միայն հարուստ ընտրողն է ազատ խելոք ընտրություն կատարում եւ ընտրելուց հետո էլ իր ընտրյալին տեղը դնում, եթե սա իր հռչակած սկզբունքներից հրաժարվում է: Այսպիսով, արհեստական աղքատությունը զուտ քաղաքական գործոն է: Ինչ վերաբերում է իսկական քաղաքական ընդդիմադիր ուժերին. եթե միասնական ճակատ ստեղծեք եւ ձեր կամքը ստիպեք գործող իշխանությանը, սա կլինի գործ, իսկ եթե թաքնվեք պատճառների հետեւում, թե իբր ժողովուրդը մեզ չի ընտրում, չի ընտրում, որովհետեւ աղքատ ընտրողն ընտրում է հաղթողին, տասը հոգով մեկին կարելի է ստիպել ձեր միասնական կամքը, պետք է ընդամենը ունենալ մեկ միասնական սկզբունքային կամք: Սովետմիությունը քանդեցին ոչ ռազմի դաշտում, այլ քաղաքական դաշտում, քաղաքական կռիվ տալը շատ ավելի մեծ կամք ու խելք է պահանջում: Աղքատ ընտրողնե՛ր, ում ուզում եք ընտրեք, միայն ոչ ներկա, ոչ էլ նախկին եւ կհարստանաք ու կդառնաք երջանիկ:

  2. Ալֆրեդ says:

    Վատ չէր լինի,եթե Նիկոլը Կաշպիրովսկուն հրավիրեր Հայաստան, սեանսներ անցկացնելու թոշակառուների համար։

  3. Կներեք, որ վերադառնում եմ նախորդ հոդվածի ‘Ինչ անել’ հարցին:

    Այսօր պարզվեց որ Գյումրիում որոնում են հոգևորական ով կհամաձայնի բավարարել նիկոլին:
    Ու մտքովս անցավ թե ինչ անել: Ահա իմ առաջարկը:
    Մի՞թե Գյումրու թատրոնը չի կարողանում արագ պատրաստել ներկայացում այս պատմության շուրջ` ‘Որոնվում է անդրԴավաճան:’ ԱԱԾ աշխատակիցներ (տարբեր հագուստներով), նիկոլ, ՀՊՏ համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյան (հենց մենակ էս պերսոնաժը ամեն ինչ արժե):
    Ու, իհարկե, Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն, ով մերժում է ‘պատիվը’: Խոստանում եմ, կհավերժանա Գյումրվա թատրոնի համբավը ամբողջ հայության շրջանում:

    Դե, հայոց գրերի հանճարներ` մտածեք, գրեք, բեմադրեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031