Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս հյուրընկալեց Գլինկայի անվան վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ օպերային դիվա, սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ, ով նախագահել է ժյուրին:
Նրանց մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների շրջագայության մի մասն է, որն այս օրերին տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում ու Ղազախստանում:
Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որը հիմնվել ու անցկացվել է անցյալ դարում մեծանուն Իրինա Արխիպովայի անմիջական մասնակցությամբ, այժմ վերածնունդ է ապրում մի քանի տարիների մոռացությունից հետո: Երգչուհու հոբելյանական տարում հսկայական ջանքեր են գործադրվել միջազգային մակարդակով ցույց տալու նրա աշխատանքի պտուղները և ժամանակակից դասական երաժշտության կատարման լավագույն օրինակները:
Կարդացեք նաև
Գլինկայի մրցույթում փայլել և մրցանակների են արժանացել նաև հայազգի օպերային երգիչները, այդ թվում՝ Գեղամ Գրիգորյանը (1975), Արաքս Դավթյանը (1979), Բարսեղ Թումանյանը (1979):
Aravot.am-ի հետ զրույցում, Ալբինա Շագիմուրատովան ասաց. «Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, երբ Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Իմ առաջին մրցույթը և առաջին մրցանակ… Դա մեծ խթան էր կարիերայիս համար։ Հիշում եմ Իրինա Կոնստանտինովնայի հետ hանդիպումը, և նրա խոսքերը՝ դու կերգես ամբողջ աշխարհում և անպայման կմասնակցես Չայկովսկու մրցույթին: Սա օգնեց ինձ հավատալ ուժերիս։
Ընդհանուր առմամբ, Գլինկայի և Չայկովսկու մրցույթները մեր երկրի երկու մեծ՝ հեղինակավոր մրցույթներ են, որոնք սկիզբ են առնում դեռևս խորհրդային ժամանակներից։ Գլինկայի անվան վոկալիստների մրցույթը կարևոր դեր է խաղացել շատ անվանի երգիչների կայացման գործում, և սա մեր մեծ պատմությունն է։ Երևանյան համերգը մեծ հաջողությամբ անցավ։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ բանի մասին է խոսում: Ներկա էին ոչ միայն վոկալիստներ, երաժիշտներ, այլև սովորական հանդիսատես… Ներկա էին նաև արտասահմանյան պատվիրակությունների և Հայաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Շատ ուրախ եմ, որ այս մրցույթի անունը հնչեց հայկական հողում։
Հատկապես ուրախալի է, որ մենք ելույթ ունեցանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում: Նվագախմբին մաղթում եմ երկարակեցություն և բարգավաճում, միջազգային նշանակալից շրջագայություններ: Համերգին ռուսական և եվրոպական օպերաների հանրահայտ ու սիրված արիաներից և զուգերգերից բացի, նվագախումբը հնչեցրեց նաև Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Ես ուղղակի զմայլվեցի այդ երաժշտությամբ, որքան նուրբ ու խորապես հուզիչ է այն: Նվագախումբը շատ նրբազգաց էր, շատ զգայուն կերպով նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ այս կարևոր իրադարձության հետ կապված փոխանցեց հետևյալը. «Ես առաջին անգամ Ալբինա Շագիմուրատովային հանդիպեցի 2022-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու փառատոնին: Մենք միասին ելույթ ունեցանք ընդարձակ համերգային ծրագրով:
Իհարկե, միշտ հիացել եմ նրա արվեստով, բայց այդ համերգն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Շագիմուրատովան օժտված է աստվածային ձայնով, որին նա տիրապետում է ապշեցուցիչ, կատարյալ կատարողական վարպետությամբ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է: Ասեմ, որ երբ ինձ առաջարկեցին նրան հյուրընկալել Երևանում, անմիջապես համաձայնեցի՝ հրաշալի համերգին և այս մեծ երգչուհու արվեստին կրկին հաղորդակցվելու ակնկալիքով: Վստահ էի, որ նրա ղեկավարությամբ ընտրված երգիչները, որոնք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթի հաղթողներն են, նույնպես մեծ տպավորություն կթողնեն, և ես չսխալվեցի»:
Վերջում հավելենք, որ համերգին մասնակցեցին ՌԴ վաստակավոր արտիստ Ալբինա Շագիմուրատովան, Գլինկայի անվան մրցույթի նորընծա դափնեկիրներ Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը և Դանիլ Սախարովը: Ելույթ ունեցավ նաև Բելառուսի Մեծ թատրոնի մեներգչուհի Դարյա Գորոժանկոն։
Աստղիկ Դալլաքյան
Սամվել Դանիելյան






















































