Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պապիկյան, անթույլատրելի է, որպեսզի սահմանին կանգնած զինծառայողը ստանա զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը»․ քննարկվեց զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը

Դեկտեմբեր 04,2025 12:38

ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախագծի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մենք հանձնաժողովում բովանդակային քննարկել ենք, մեր գործընկերներին մտահոգել էր՝ արդյոք սա նախընտրական քայլ է, թե՞ ոչ։ Պատասխանը եղել է՝ ոչ, այս քային մենք քայլ առ քայլ մոտեցել ենք բանակի բարեփոխումների ամբողջ տրամաբանությունն իրականություն դարձնելու միջոցով, որը դրված էր կառավարության ծրագրի հիմքում։ Շատ է խոսվում՝ բա ներկայիս ծառայողների վրա ինչո՞ւ չի տարածվում, չի տարածվում, որպեսզի հետո եկող ծառայողներն ունենան այս հնարավորությունը նոր ծրագրով բանակն առաջ տանելու մեջ իրենց մասնակցությունն ունենալու համար»։

Քոչարյանը հավելեց․ «Վիճակագրությունը փաստում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր։ Եվ սա այդ քայլերից մեկը պետք է դիտել։ Սա նշանակում է՝ բանակը դիրքապահից անցնում է իրական պաշտպանական բանակ ունենալու ընթացքի ճանապարհին»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խրախուսել նաեւ չծխող զինծառայողներին։ «Իմ առաջարկների մեջ եղել է նաեւ այն, որ ժամկետի կրճատումն ինչ-որ մասով տարածենք այն զինծառայողների վրա, ովքեր չեն ծխում։ Սրանով նրանց կխրախուսենք, այն զինծառայողը, որը կհասկանա, որ ինքը կարող է 6 ամիս, 3 ամիս կամ 1 ամիս շուտ զորացրվել մի բանի համար, որ ինքը չի ծխում, դրանով կտա օգուտ իր աշխատող ծնողներին։ Սա նաեւ կբերի մարտունակության բարձրացմանը, հիվանդությունների նկատմամբ կունենան ավելի դիմադրողականություն»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց․ «Պարոն Պապիկյան, ժամկետի կրճատումից հետո, կարծում եմ, մենք պետք է ավելի խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր տարբեր եղանակներով փորձում են ազատվել զինվորական ծառայությունից։ Նկատի ունեմ քաղաքացիության փոփոխությունը, այսինքն՝ էս օրենքի ընդունումից հետո մենք պետք է նաեւ վերադառնանք էդ խնդրին, որ ով երբ ցանկանա իր որդու քաղաքացիությունը չփոխի»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ իր ելույթում ասաց․ «Մեր այսօրվա քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, խաղաղությունն այսօր է։ Եվ դա իր արտացոլումն է գտնում այդ թվում՝ մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա՝ ծառայության ժամկետը կրճատելով եւ դարձնելով 18 ամիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը բարձրաձայնեց պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձի հարցը։ «Հիմա մենք ունենք խնդիր, եթե պրոֆեսիոնալ բանակ պետք է ձեւավորվի, այդ պրոֆեսիոնալ բանակը պետք է ձեւավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով։ Դուք ինձ ասեք՝ ի՞նչ գրավիչ պայմաններ եք ստեղծել, այդ թվում՝ նաեւ աշխատավարձի տեսանկյունից, որ ՀՀ քաղաքացին որոշում կայացնի գնա եւ պայմանագրային զինծառայող աշխատի։ Պարոն Պապիկյան, անթույլատրելի է, որպեսզի սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողը ստանա զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսեց բանակում ատեստավորման պայմանների անհավասարության մասին․ «Ատեստացիոն համակարգն անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում, բայց իր ենթակաները, նամանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ ու ժամանակ չունեն նախապատրաստվելու եւ պատրաստ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ մրցակցությունն ինքնին հավասարության եւ անհավասարության մասին է։ «Պարոն Օհանյան, եթե կա ապահովված մրցակցային իրավիճակ, եւ մարդիկ կարող են հավասարապես օգտվել հնարավորությունից, կարծում եմ՝ դա ավելի շատ հավասարության մասին է, քան անհավասարության։ Այսօր խոսել, որ պետք է բոլորի աշխատավարձերը համատարած բարձրացնենք եւ բանակում չունենանք մոտիվացիոն համակարգ, ես դրան դեմ եմ։ Եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի, ես կողմ կլինեմ, որ ատեստավորման սանդղակում ֆինանսավորման մասն ըստ հարաբերակցության բարձրանա, բայց համատարած բոլորի աշխատավարձը չբարձրանա, որովհետեւ դա դեմոտիվացնում է զինվորականությանը»,- ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205-470 հազար դրամով ավելացել է։ «Ինչ վերաբերում է նրան, որ սահմանին կանգնած մարդը ժամանակ չունի, չի կարողանում, մենք հիմա նաեւ դրա համար ենք ապահովում պայմաններ, այսինքն՝ հնարավորություն ենք տալիս, որ զինվորն ունենա բավարար ժամանակ՝ իր ատեստավորման վրա ավելի շատ աշխատելու, իր ֆիզիկական վիճակն ավելի բարելավելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը նշեց, որ զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակն օր առաջ դարձնել ավելի պրոֆեսիոնալ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031