Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք 66 մլրդ 250 մլն դրամ արժեքով գույք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ Աննա Վարդապետյանի՝ այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել են 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որոնք չափվում են հեկտարներով:
Գլխավոր դատախազի խոսքով՝ վերադարձվել են նաև դրամական միջոցներ: «Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել էր վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները՝ բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին: Ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս 20 մլրդ 678 մլն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին»,- ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ հավանաբար 66 մլրդ դրամը, կավելանա, որովհետև անցյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է Շրջակա միջավայրի նախարարությանը :
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ՇՄՆ-ին ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ՝ անհատույց օգտագործմամբ, հանձնվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին. «Այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություն է արել, և հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քրեական գործ է քննվում: Այն վերաբերելի է Արարատի մարզի նախկին մարզպետին, և ըստ էության, հողատարածքը տրամադրվել է ՀՀԿ անդամի, և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին: Այս անձինք 49 տարի պետք է անհատույց օգտագործեին 13 հազարից ավելի հեկտար տարածք»: Աննա Վարդապետյանը նշել է, որ այս հողատարածքներն ամբողջությամբ վերադարձվել եմ ՀՀ-ին՝ առաջիկայում կգնահատվեն այս երկու հողատարածքները ևս, և կներկայացվեն հանրությանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերադարձվող գույքերի վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով հանրությանն իրազեկելու կարևորությունը: «Ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ դե յուրե մեխանիզմն ամբողջությամբ գործարկված է և այսօր, ի տարբերություն, ենթադրենք, հինգ տարի առաջվա՝ ամենօրյա մեր աշխատանքում ջանքեր չենք գործադրում, որովհետև ինստիտուցիոնալ լուծումները դրված են և ինստիտուտներն իրենց գործը պետք է անեն և անում են։ Այդ գործընթացն անընդհատ, ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Եթե Կառավարության նիստի է հասել, դա նշանակում է, որ ավարտվել է գործընթացը, մենք չենք խոսում ընթացքի մասին: Այսինքն՝ ժամանակ է տևում, բայց մեկ է, դա անշրջելի է արդեն»,–ասել է վարչապետը մեկ անգամ ևս արձանագրելով՝ համակարգը, ինստիտուտն ամբողջությամբ ներդրված է և այսօրվա դրությամբ աշխատում է։
Աննա Վարդապետյանն էլ իր հերթին նշել է. «Մեխանիզմը պետք է դառնա ինքնաշխատ, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում մենք ստիպված ենք դեռևս գրագրություն շրջանառել։ Մենք ամենօրյա ռեժիմով անընդհատ գրագրություն ենք վարում և աշխատում ենք։ Ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ սա լիներ թվային: Այսինքն՝ անկախ նրանից, որ մենք միմյանց գրություններ կգրենք կամ իրար հետ այս թեմայով կաշխատենք, թե չէ, գույքերն ավտոմատ գրանցվեն»։
Գլխավոր դատախազը նշել է նաև՝ հուսադրող է այն, որ մարդիկ էլ են ապօրինի հողազավթումների մասին ամենօրյա ռեժիմով տեղեկացնում, հատկապես մանկապարտեզների հետ կապված. «Մենք այս պահին կենտրոնացած ենք անտառային տարածքների վրա, Սևանի ավազանի վրա, պուրակների վրա, մանկապարտեզների դպրոցների վրա: Հաշվի առնելով, որ Կառավարությունը լուրջ միջոցներ է ծախսում դպրոցաշինության և նախակրթական հաստատությունների շինարարության վրա՝ մենք ցանկանում ենք թեկուզ գույքային առումով ներդրում ունենալ և օգնել Կառավարությանը։
Հիշեցնեմ, որ Դիլիջանում երկու մանկապարտեզ ենք արդեն այս ընթացքում վերադարձրել, Խաշթառակում մանկապարտեզի մի հատվածն ենք վերադարձրել և Տավուշի մարզի գյուղերից մեկում բավական մեծ տարածքով առողջարան է, որը գտնվում է մեր ուսումնասիրության ներքո։ Այս գործընթացն այլևս անշրջելի է, որովհետև մարզի դատախազներն էլ ամենօրյա ռեժիմով այս գործընթացն են իրականացնում»։
Վարչապետն ընդգծել է՝ ապօրինի օտարված, սեփականաշնորհված ամեն մի գույքի հետևից, ինչպես խոստացել են, սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետք է գնան և գնում են։
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը
Գործադրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գառնի գյուղում գտնվող 0,11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը ՀՀ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք: Միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը ՀՀ-ին, և գույքն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով:
ՏԿԵ նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ նման մի որոշում էլ ընդունվել չզեկուցվող հարցերի փաթեթով: Ըստ այդմ՝ Արարատի մարզի Մասիս համայնի Սայաթ- Նովա գյուղում գտնվող 1,92 հա ընդհանուր մակերեսով հողամասը նույնպես ամրացվում է Պաշտպանության նախարարությանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է գործի նախապատմությունը՝ նշելով, որ գույքը գտնվում է Գառնի համայնքում՝ «Բազալտե երգոհոն», հանրությանը հայտնի «Քարերի սիմֆոնիա», բնության հուշարձանի տարածքում: «Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն, և ներկայացվել է միջնորդագիր, արդյունքում՝ Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է, և ըստ էության, հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք»,- ասել է գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքին և նշել, որ խոսքը «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերից մեկի մասին է: «2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Դատախազությունը դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տեղեկացրել, որ նույն թվականի ապրիլի 25-ին ՀԿ-ի կենտրոնական խորհուրը որոշել էր 11 անշարժ գույքեր վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը»,-ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս «ԴՕՍՍԱՖ»-ի ևս 7 գույքերի վերաբերյալ որոշումը կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ շարունակում են ուսումնասիրություններ նաև ՀԿ-ների կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը. «Դրանք տարբեր տեսակի միություններն են: Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուռնալիստների, Նկարիչների, Գրողների միությունները և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր: Իրականում մենք նրանց աշխատանքի մասով որևէ միջամտություն և խնդիրներ չենք ստեղծում: Մենք ընդամենը թույլ չենք տալիս, որպեսզի այդ օտարումների շղթան շարունակվի: Բարեբախտաբար, մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել: Համեմատաբար վատ վիճակում է Նկարիչների միությունը, մնացածի մասով, կարծես, շատ չենք ուշացել: Այստեղ մենք ընդամենը խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի: Օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց: Ըստ էության, այդ անձանց կողմից գույքը ձեռք է բերվում էժան և հետագայում օտարվում է երրորդ անձանց՝ մի քանի տասնյակ ու հարյուր անգամ թանկ: Մենք այս շղթաններն ենք ուսումնասիրում և այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվեն»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ սպառնալիք կա: Այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Խոսքը ՀՀ-ին և հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման և պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է»:
Կառավարության որոշմամբ կապահովվի պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումը
2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։
Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հաստատվել է գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ «Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Սույն որոշումը, պիլոտային ծրագրի համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումն է։ Առաջարկվում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել՝ հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Նշված գործակիցները տարբերակված են՝ հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը; Կարևոր է պարզաբանել, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար և այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։ Դրանք կսահմանվեն նոր որոշումներով», -ասել է փոխվարչապետը:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաև պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությամբ՝ նպատակ ունենալով ընթացքից գնահատել ընդունված որոշումների արդյունավետությունը և կատարել պահանջվող ճշգրտումներ։ «Սույն որոշման մեկ այլ առանձնահատկություն է այն, որ խրախուսական համակարգի կիրառությունը փորձնական եղանակով տարածվում է նաև այլ պետական մարմինների նկատմամբ, որոնք պետական կառավարման ուղղակի մասնակիցներ են, սակայն ամբողջությամբ չեն կիրառում պիլոտային ծրագրով նշված կարգավորումները։ Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որ առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։ Որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ»,- ասել է փոխվարչապետը:
Այդ համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ավարտին է մոտենում 2025 թվականի բյուջետային տարին, և ես ուզում եմ արձանագրել, որ 25 օր է մնացել բյուջետային տարվա ավարտին, և մեր գործիքներով, կանխատեսումներով տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Սա կլորացված թիվ է. պլյուս-մինուսներ կարող են լինել։ Այս տարվա բյուջեի հարկային եկամուտները, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը, համեմատած 2017 թվականի հետ, ավելի է քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այս հաշվարկը նշանակում է, որ 2017-ին փաստացի հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 158 մլրդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 մլրդ դրամ, ավելացած հատվածը՝ պայմանական ավելացված հատվածը, 384 մլրդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն, եկամտային մասը»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա քննարկվող թեմայի հետ կապ ունի, քանի որ այն քաղաքական որոշումերի կայացման և իրականացման արդյունք է, որը խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, Կառավարությունը կայացրել և իրագործել են. «2025թ. 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավելի են աշխատում: Այսինքն՝ կրկնակի ավելացել է ջանքը հավաքագրելու և ծախսելու ուղղությամբ: Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը: Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը, մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ: Բայց երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է, այդ թվում այն իրավիճակի հետ, երբ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ եթե նման որոշումներ չկայացնեն, նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում են վերացնել. «Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Պետականությունը՝ որպես բացարձակ առաջնահերթություն համարելու մեր ռազմավարության շրջանակներում պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար, իհարկե, այն տրամաբանությամբ, ինչպես ես առիթ ունեցա ասելու պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովի ընթացքում՝ մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի: Մենք պարտավոր ենք առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Կառավարությունը շատ մոտ է և պետք է մի եզրափակիչ ջանք գործադրի Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին. «Բայց մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին կրթությունն առաջնային ռազմավարություն է»:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար 2 մլրդ 164 մլն դրամ հավելյալ միջոց է հատկացվել
Կառավարության որոշմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին հատկացվող գումարն ավելացվել է ևս 2.16 մլրդ դրամով: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: «Մենք առաջարկում ենք լրացնել գումարը ևս շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ: 2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ: Եվ միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի: Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ նաև տարակարգի վերափոխված մեխանիզմով մինչև 50% հավելավճարի, բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող ուսուցիչների՝ 25% հավելավճարի, գյուղական փոքր դպրոցներում ևս մինչև 50% հավելավճարի հնարավորությունների մասին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են: Նախարարը հայտնել է նաև, որ 2025 թվականին ատեստավորման համար դիմել է ավելի քան 8400 ուսուցիչ, որից ավելի քան 7200-ը կամ 84%-ը մասնակցել է գործընթացին։ Դեռևս առանց բողոքարկման արդյունքների հաշվարկման՝ ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է 4852 մասնակից՝ 67.2%-ը։
ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ նախորդ տարվանից ատեստավորումը էլեկտրոնային եղանակով է անցկացվում, իսկ այս տարի՝ նաև բողոքարկման գործընթացը:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հասկացա, որ նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրածների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ ի սկզբանե շատ փոքր թվեր էին: Սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, և ուսուցիչներն իրենք էլ ավելի պատրաստված են գալիս: Ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենք իրենց, և դա արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է դրական ազդեցություն, որովհետև իմ ընկալումն այն է, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու»:
Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցը դատական կազմի մեկ դատավորի կազմով լուծելով նպաստել կոլեգիալության նպատակների ճիշտ երաշխավորմանը։ Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով։ Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Ամրագրելով վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ միաժամանակ, սահմանվում են որոշ բացառություններ։ Մասնավորապես,նախագծով սահմանվում է, որ եթե կողմի միջնորդությամբ մինչև վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում, իսկ դատարանի սեփական նախաձեռնությամբ բողոքի քննության ցանկացած փուլում՝ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունավետության նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում, ապա որոշում է կայացնում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու մասին, ծանուցելով այդ մասին դատավարության մասնակիցներին։
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է՝ օրենսգրքում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները: Նախատեսվում է՝ ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը՝ այդ կերպ նպաստելով կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործմանը, դատավարական ընթացակարգերի պարզեցման և հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը, ապահովել գործերի արդյունավետ և արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը և այլն:
Կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները
Կառավարությունը հավանություն է տվել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, ինչի արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը: Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ` սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն (փաստացի` շուկայական արժեքից 30 տոկոս ավելի), կատարելագործել օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները՝ սահմանելով նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումների օգտագործման հնարավորություն՝ դրանց ցանկի, կիրառման կարգի՝ Կառավարության որոշմամբ սահմանմամբ հնարավորությամբ՝ ապահովելով տեխնոլոգիական ոլորտի նվաճումների կիրառումը՝ քննարկվող գործընթացում կազմվող սեփականության նկարագրության արձանագրությունների հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ապահովելու նպատակով, ամբողջական կարգավորել օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները` նախատեսելով այդ գործընթացում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման և այլ կարգավորումներ և այլն:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Գործադիրի հավանությանն է արժանացել «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Միաժամանակ առաջարկվում է հստակ սահմանել, որ օրենքի կարգավորումները կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնների մասով կիրառելի են ﬕայն նոր հատուցված կատարողական վարույթների նկատմամբ՝ խուսափելով վերսկսված կատարողական վարույթների մասով հիշյալ դրույթը կիրարկելու արդյունքում առաջացող երկիմաստությունից։
Հավանություն է տրվել ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելու, այնպես էլ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո գնման գործընթացների կասեցումը բացառելու հանգամանքով: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, մասնավորապես՝ եթե գնման գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին, ապա գնման գործընթացի շրջանակներում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը։
Կներդրվեն «Զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջներ
Կառավարությունը սահմանել է Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձևերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս գործող իրավակարգավորումները չեն արտացոլում այս տարբերությունները և բավարար չափով չեն կարգավորում զբոսաշրջային փոխադրումների ոլորտը։ Այս իրավիճակը ստեղծում է անհրաժեշտություն իրավական դաշտում հստակ տարանջատում սահմանելու՝ ներմուծելով «զբոսաշրջային ավտոբուս» սահմանումը՝ որպես առանձին եզրույթ: Այն կնպաստի զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը, ուղևորների անվտանգության ապահովմանը և ոլորտի զարգացմանը։ «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորում ստացած և միայն զբոսաշրջիկներին սպասարկող տրանսպորտային միջոցներով փոխադրման գործունեությունը հստակորեն կտարբերակվի այլ տրանսպորտային միջոցներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների գործունեությունից։ Որոշմամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ «Զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջների ներդրումը հնարավորություն կտա ապահովել միայն տեխնիկական վիճակով բավարար, շահագործման համար պիտանի, անվտանգ և հուսալի ավտոբուսների ներգրավումը զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտում։ Միևնույն ժամանակ, պարտադիր որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, որի պայմաններում տնտեսավարողները կունենան շարունակական շահագրգռվածություն թարմացնելու և արդիականացնելու իրենց տրանսպորտային պարկը՝ փոխարինելով հատկապես այն ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 և ավելի տարի։
Նոր կարգավորումը կնպաստի տեքստիլ արդյունաբերության շարունակական զարգացմանն ու արտահանման ներուժի բարձրացմանը
«Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել որոշում: Կարգավորման նպատակն է ընդլայնել հումքի ներմուծման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև ԵԱՏՄ անդամ պետությունները, ապահովել արտահանման ուղղությունների ամբողջական ընդգրկումը՝ ներառելով նաև ԵԱՏՄ շուկաները, ինչը հնարավորություն կտա ծրագրից օգտվելու հավասար պայմաններ ստեղծել այն տնտեսավարողների համար, որոնց արտադրանքի արտահանումը հիմնականում իրականացվում է ԵԱՏՄ երկրներ։ Այն կնպաստի տեքստիլ արդյունաբերության շարունակական զարգացմանն ու արտահանման ներուժի բարձրացմանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա է սահմանվել:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է համաֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի Հյուսիսային՝ 27.1 կմ երկարությամբ և Հարավային՝ 24.25 կմ երկարությամբ ենթահատվածների կառուցումը: Ճանապարհահատվածների կառուցումը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածների կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տուրիզմի զարգացմանը:
Հավանության է արժանացել 2025 թ. սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Մասնավորապես՝ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս Կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։ Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի փոփոխություն N 1»-ի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացման նպատակով։ Բյուջետային աջակցությունը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (2019-2025) երրորդ փուլն է:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախատեսվում է իրականացնել «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» (WAIDA-Ծրագիր) ծրագիր: Ըստ հիմնավորման՝ Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքները կրում են զգալի մաշվածություն, ջրի կորուստները և ոչ արդյունավետ կառավարումը խոչընդոտում են ոլորտի արտադրողականությանը, իսկ կլիմայական փոփոխությունները մեծացնում չոր տարիների առաջացման ռիսկը։ WAIDA-ն առաջարկում է համալիր լուծում: Ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը: ՀՀ Սյունիքի մարզում տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Հատուկ կարևորություն ունի Սյունիքի մարզում բաղադրիչի իրականացումը, որը հնարավորություն կտա համատեղել ենթակառուցվածքների զարգացումը տեղային տնտեսական և գյուղատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել` Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով` ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր, խորհրդատվական ծառայություններ:
ԱԺ-ում գտնվող «Գետափ գյուղի աշունը» և «Աշտարակի հին կամուրջը» գեղանկարները կամրացվեն Հայաստանի ազգային պատկերասրահին
Կառավարությունն ընդունել է «Գույքը հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ «Գետափ գյուղի աշունը» (հեղինակ՝ Առաքել Առաքելյան, ստեղծման ժամանակը՝ 1960-1970-ական թթ., չափերը՝ 70×96 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) և «Աշտարակի հին կամուրջը» (հեղինակ՝ Սիրանուշ Գևորգյան, ստեղծման ժամանակը՝ 1959-1960 թթ., չափերը՝ 83×124 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) գեղանկարները հետ վերցնել Ազգային ժողովի աշխատակազմից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի ազգային պատկերասրահին: Որոշման ընդունումը պայմանավորված է՝ գեղանկարները սխալ պայմաններում պահելու, որի արդյունքում վնասվելու և նրանց հետագա պահպանումը և օգտագործումը ապահովելու հանգամանքով:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Պրոմաս» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ներքնակների, անկողնային պարագաների, կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 780 մլն մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և շուրջ 500 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 220 աշխատատեղ 305 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 240-ի՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 780 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51.7 մլն դրամ։
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Լիկվոր» ՓԲԸ՝ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 3.4 մլրդ դրամի ներդրում, որից 200 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 1.9 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման և 1.3 մլրդ դրամը՝ հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղեր 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 76.5 մլն դրամ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































